Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Հարությունյան․ «Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը նպատակ ունեն ճնշելու դատավորների խոսքի ազատությունը»

Հունիս 19,2023 15:08

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

«Փաստաթուղթ են տվել ստորագրելու, հրաժարվել եմ, չհասկացա, թե այդ փաստաթուղթն ինչի մասին է։ Փաստաբաններն էլ չհասկացան՝ սա ինչ է։ Տալիս են ինչ-որ նախազգուշացում ստորագրվի, բայց չեմ հասկանում՝ ինչի համար է»,-այսօր Բարձրագույն դատական խորհրդի՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, նիստը դռնփակ էր, եւ ինչպես Դավիթ Հարությունյանն ասաց՝ միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումներ նույնիսկ չլսվեցին․ «Մարտեր առանց կանոնների սպորտաձեւ կա, բայց անգամ էդ դեպքում որոշակի կանոններ կան, այստեղ ինձ հայտնի չէ, թե Անդրեասյանն ինչ կանոններով է առաջնորդվում»։

Նշենք, որ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Ըստ այդ միջնորդության, դատավորը խախտել է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի մի շարք կետեր՝ դատարանի անաչառությունը եւ անկախությունը վտանգող կամ կասկածի տակ դնող հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսեւորելուց զերծ մնալու պահանջների խախտում է թույլ տվել, այն է՝ դատավորը ԲԴԽ-ի որպես կոլեգիալ կարգով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսեսուսային միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ՝ ինչպես նաեւ վերջին վեց ամսվա ընթացքում իր հաշվարկով 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է անօրինական։

Թե ինչո՞ւ են կարգապահական վարույթ սկսել, ի՞նչ հարցազրույց է, որն արգելված է օրենքով, Հարությունյանն այս առնչությամբ ասաց, որ առաջիկայում այդ մասին կխոսի ․«Բայց այդ արգելքը օրինական չեմ համարում, որ ենթարկվեմ այդ արգելքին։ Ամեն դեպքում, խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդություն է այստեղ քննարկվում, ըստ իրենց, ես իրենց վիրավորել եմ, մեղադրանքն էլ պարզ չէ, թե ինչ են գրել։ Նիստում իմ բոլոր հորդորները՝ պարզաբանել ընթացակարգերը, իրավունքները, մնացել են օդում, պարզաբանում չկա։ Բազմաթիվ դատական նիստերին եմ այստեղ ներկա գտնվել, առցանց հետեւել եմ ԲԴԽ-ի նիստերին, ինձ համար այդ ընթացակարգերը, թե ինչպես են որոշումներ կայացվում, ինչ հերթականությամբ, որոշումները կայացնելիս կողմերին տրամադրվո՞ւմ են, թե՞ ոչ, ընդհանրապես ընթացակարգերը հստակ չեն։ Այս անհստակությունը պարզաբանելու, որոշակիության առումով միջնորդություն եմ ներկայացրել, նույնիսկ այդ հարցը չի քննարկվել։ Հիմա էլ որոշեցին դռնփակ քննել։ Կարեն Անդրեասյանն իր որոշած հերթականության, առանց նույնիսկ միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում լսելու՝ հեռանում է խորհրդակցական սենյակ ու գալիս որոշում հրապարակում։ Փաստաբանն էլ միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»։

Դատավոր Հարությունյանը սկզբում նիստին ներկայացել էր առանց փաստաբանների, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ առանձնապես պաշտպանվելու խնդիր չուներ եւ կարծում էր, թե կարող էր ինքնուրույն իրականացնել ինքն իր պաշտպանությունը․ «Բայց հիմա ես գտնում եմ, որ ուղղակի ի վիճակի չեմ այդպես վարվել։ Պատրաստվում եմ նաեւ հանցագործության մասին կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ։ Դատական նիստում արտահայտած նրա մտքերի, սպառնալիքների հետ կապված։ Կարգադրիչներին հրահանգեց իմ գույքը՝ տեխնիկական միջոցները, որոնց միջոցով ես փորձում էի պաշտպանություն իրականացնել, համակարգիչ, բարձրախոս, որի միջոցով պատրաստվում էի ձայնագրություններ հրապարակել, հրահանգեց դուրս բերել։ Ասացի՝ որեւէ մեկը իրավունք չունի իմ գույքին ձեռք տալ։ Անդրեասյանն ասաց, թե ուժի կիրառմամբ դա կանի։ Հարցրեցի՝ ի՞մ նկատմամբ եք ուժ կամ բռնություն գործադրելու, ասաց ՝ ոչ, գույքի։ Սա եւ մեկ այլ գործողություն, որոնց ականատես եմ եղել, դրանց վերաբերյալ պատրաստվում եմ համապատասխան հաղորդում ներկայացնել։ Բայց հաղորդում ներկայացնելու համար էլ ի սկզբանե պահանջում եմ նիստի վերաբերյալ կրիչը, մինչ այս պահը չի տրամադրվել։ Ընդմիջմանը միջնորդում ենք, դատական նիստում միջնորդում ենք, հիմա էլ ասել են՝ տարեք գրասենյակ մուտք արեք համապատասխան միջնորդություն։ Հիմա համապատասխան միջնորդությունն արվել է, բայց երբ կտրամադրվի, հայտնի չէ։ Դատական նիստն էլ առանց կարծիք լսելու, այն պայմաններում, երբ փաստաբանների հետ խորհրդակցելու, գործի նյութերը ներկայացնելու անհրաժեշտություն կա, ուղղակի հետաձգեց նիստը մինչեւ վաղը ժամը 10:00-ն»։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի կողմից դատավորներին ճնշելու միտում կա, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․«ԲԴԽ-ն ընդհանրական կառույց է, բայց կարծում եմ, որ Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը ոչ թե միտում ունեն, այլ հստակ նպատակ, որը շարունակական քայլերով իրականացնում են՝ դատավորների խոսքի ազատության սահմանափակում, ազատ արտահայտվելու սահմանափակում, դատական իշխանությանը վերաբերող հարցերից խոսելու զերծ պահելու ցանկություն»։

Քանի որ տասնյակից ավելի դատավորների լիազորություններ են դադարեցվել ԲԴԽ որոշմամբ, արդյոք Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու ցանկություն կա՞, այս հարցին ի պատասխան վերջինս ասաց․«Համոզված եմ՝ կա նման ցանկություն՝ դադարեցնել դատավորի լիազորությունները։ Եթե ԲԴԽ-ն կոչված լինելով ապահովելու դատավորների անկախությունը, կատարում է գործողություն, որոնք սահմանափակու են դատավորների անկախությունն, իհարկե, ենթակա է քննադատման, բա այսքան դատավորներ կամայականորեն, առանց օրենքին հստակ հղում անելու, առանց պատճառաբանության՝ առաջխաղացման ցուցակներից հանվեցին։ Բա հնարավո՞ր է դա չքննադատել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930