Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշրջափակման փաստաթղթի նախագիծը գրեթե լիովին համաձայնեցված է փոխվարչապետերի մակարդակով. Օվերչուկ

Հունիս 19,2023 14:52

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին պատմել է, ի թիվս այլ հարցերի, թե ինչ խոչընդոտներ են մնացել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ապաշրջափակման գործում:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

– Նախկինում դուք նշել եք, որ Ռուսաստանը փաստում է զգալի առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնեցման գործում: Ձեր գնահատմամբ՝ երբ բոլոր վիճելի հարցերը վերջնականապես կկարգավորվեն:

-Մենք հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով: Արդյունքում ձևավորվել է համալիր փաստաթուղթ: Այն փաստում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերանորոգումից, որը կանցնի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով, և ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգալից վերաբերմունքից՝ կսահմանի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանն անցնելու կարգը: Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ այդ ճանապարհի առանձին հատվածներ կգտնվեն այն երկրի ենթադատության տակ, որի տարածքում այն կգտնվի: Այդպիսով, Ադրբեջանում տվյալ ճանապարհի նկատմամբ կկիրառվի ադրբեջանական օրենսդրություն, Հայաստանում՝ հայկական: Թվում էր, ակնհայտ բան է, բայց հաշվի առնելով երկու պետությունների ու ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները, այս ամենը պետք է նախօրոք որոշել:

Ադրբեջանի և Հայաստանի միջև նորագույն պատմության ողջ ընթացքում չի եղել ոչ մի կապ, ընթացել է պատերազմ, որը դադարեցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անմիջական մասնակցությամբ: Սակայն մինչ այժմ երկու երկրների սահմանին տեղի են ունենում զինված բախումներ, մարդիկ են զոհվում: Իհարկե, նման իրավիճակում իմ գործընկերների համար աշխատելն այդքան էլ հեշտ չէ, բայց նրանք հասկանում են իրենց պատմական պատասխանատվությունն այն որոշման համար, որը մեզ վստահել են մշակել մեր պետությունների առաջնորդները, և շարունակում են աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:

Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը բանակցությունների սեղանի շուրջ են նստել և սկսել խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին անմիջապես ռազմական գործողությունների դադարեցումից հետո: Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն ճանապարհը մարդկանց հնարավորություն տալն է խաղաղ համագործակցել, կառուցել ընդհանուր ճանապարհ, որով հետո կանցնեն մարդիկ և բեռներ, կսկսվի բնականոն կյանք, առևտուր, և աստիճանաբար հին վիրավորանքները երկրորդ պլան կմղվեն: Մեր վարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում ձևավորվել է հարաբերությունների բացառիկ ձևաչափ:

Շատ է օգնում, որ մենք դուրս ենք եկել մեկ մեծ երկրից, սովորել ենք միևնույն դասագրքերով, նայել ենք միևնույն ֆիլմերը, հասկանում ենք միևնույն հումորը և ուստի, մարդկային մակարդակով ընդհանուր լեզու ենք գտնում: Դա այն ոչ նյութական արժեքն է, որը հույս է առաջացնում և օգնում է առաջ շարժվել: Մտածելով մեր խմբի աշխատանքի մասին՝ հասկանում ես՝ որքան կարևոր է մեր ընդհանուր եվրասիական տան մեջ խաղաղության համար չկորցնել ամբողջ հետխորհրդային տարածությունում այդ ընդհանրությունները և դա փոխանցել հետագա սերունդներին:

Ամենամեծ խնդիրը վստահությունն է: Հենց այդ պատճառով էլ բանակցությունները դանդաղ են ընթանում: Վերջին հաշվով, ճանապարհով անցնելու են հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ: Ինչպես նրանք այդ ընթացքում կհամագործակցեն միմյանց հետ սահմանն անցնելուց, որքանով ապահովված կլինի նրանց անվտանգությունը մի պետության տարածքից մյուսն անցնելուց: Այսօրվա դրությամբ դա հիմնական հարցն է, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որպեսզի վստահ լինենք, որ այդ մարդկանց հետ մյուս երկրի տարածքում որևէ վատ բան չի պատահի: Եվ իհարկե, մենք բոլորս գտնվում ենք այն բանի ազդեցության տակ, ինչ հիմա շարունակում է տեղի ունենալ սահմանին: Ավելի հեշտ կլիներ որոշում կայացնել, եթե կրակոցները դադարեին:

Այդ պատճառով երկրներն ընդմիջում են վերցնում, ներգրավում փորձագետներ, ցանկացած առաջարկ և լուծում շատ մանրամասն վերլուծության են ենթարկում, որպեսզի իսկապես ամեն ինչ աշխատի այնպես, ինչպես որ պետք է լինի երկու երկրների միջև, որոնք թևակոխում են, հույս ունենանք, հարաբերությունների նոր փուլ:

Փաստաթղթի նախագիծը ձևավորվել է և գրեթե լիովին համաձայնեցվել մեր մակարդակով, չնայած որ պետք է աշխատել գլխավոր հարցի շուրջ՝ ինչպես պետք է փոխհարաբերվեն հասարակ հայերն ու ադրբեջանցիները սահմանը հատելիս: Իհարկե, այսօր շատ բան հնարավոր է անել՝ հենվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և նման լուծումներ կան, բայց այդ, գուցե ակնհայտ և աշխարհի այլ կետերում բարեհաջող կիրառվող լուծումները, երբ սկսում ես դրանք վերլուծել, մեր դեպքում այնքան էլ հարմար չեն:

Եվրասիական միջկառավարական խորհուրդների ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ ընդունել ինձ՝ նրա հետ քննարկելու համար այդ բացերը: Նա շատ մանրամասն անցավ եռակողմ աշխատանքային խմբի նիստից հետո մնացած բոլոր հարցերի վրայով: Շատ բան հնարավոր եղավ պարզաբանել, ևս մի բան դեռ մնացել է և պահանջում է հետագա քննարկում արդեն ադրբեջանական կողմի հետ:

Դուք հարցրիք՝ երբ տեղի կունենա ապաշրջափակումը: Այդ հարցին հստակ պատասխան դեռ ոչ մեկը չի տա: Երբ որ պայմանավորվենք և երբ որ համապատասխան փաստաթղթերի տակ դրվեն ստորագրություններ: Այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել այն մասին, որ անցնում ենք այդ երկաթուղու վերականգնմանը, որը գոյություն է ունեցել խորհրդային տարիներին, և որն օգտագործել են թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները:

Հայաստանի համար երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի այդ երկրի ապաշրջափակման տեսանկյունից: Հայաստանի տնտեսությունը շատ արագ աճում է. Անցյալ տարի՝ 12.6 տոկոս: Դա աշխարհում տնտեսության աճի ամենաբարձր տեմպերից է, և բոլորը հասկանում են, որ այդ տնտեսական հրաշքի պատճառներն են հայ ձեռնարկատերերի գործնական որակները, դեպի մեծ ռուսական և ԵԱՏՄ այլ երկրների տնտեսություններ բազմապատկված, անխոչընդոտ հասանելիությունը: Տնտեսության այդպիսի ընդլայնումը պահանջում է համապատասխան զարգացած տրանսպորտային կոմունիկացիաներ, որոնք կապահովեն Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ: Ընդ որում` Հայաստանը Ռուսաստանը դիտարկում է որպես իր հիմնական շուկա:

-Արդյո՞ք նկատվում են փորձեր Արևմուտքի կողմից՝ խոչընդոտելու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը:

-Մենք գիտենք, և դա երևում է Շառլ Միշելի հայտարարություններից, որոնք նա հրապարակում է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ իր բանակցությունների արդյունքում, որ այդ հանդիպումներում քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր: Ընդ որում, նշվում է, որ կողմերն առաջընթաց են գրանցել այդ հարցում: Ինչպես դուք հասկանում եք, այդ գործընթացը ձեռք է բերվել Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հարթակում, չնայած հասկանալի է, որ եվրոպացիներն այդ մասին չեն հիշատակի:

Բանակցություններում մեր գործընկերները համաձայն են, որ այդ հարթակը, որը ստեղծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն, դա ասում են թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը, դա այն տեղն է, որտեղ այսօր ձեռք է բերվել ավելի շատ առաջընթաց եւ այստեղ այսօր նկատվում է արդյունք: Դա իսկապես այդպես է:

Վարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից հրաժարվելը բոլորի համար ակնհայտ բացասական հետևանքներ կունենա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930