«Սկզբունքային հարցերի շուրջ, որոնց մասին բարձրաձայնվել է, ցավոք սրտի այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս չկա համաձայնություն, եւ երկու կողմերի տեսակետները հեռու են միմյանցից»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Ըստ նրա, մասնավորապես, չկա համաձայնություն քարտեզի արձանագրման, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցերի, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների ստեղծման հարցերի շուրջ։ «Բայց աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա։
Անդրադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ Կոստանյանը պատասխանեց․ «Օրակարգում մեզ համար կա տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը՝ ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության սահմաններում։ Այն դետալները, որոնք երբեմն իրենց կողմից հայցվում են, դրանք որոշակի մտահոգություններ են մեզ համար պարունակում, եւ աշխատանքները շարունակվում են: Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, Իրանի դիրքորոշումը նույնպես հայտնի է այս առումով»։
Ըստ նրա՝ ենթադրվում է, որ փոխվարչապետի առաջիկա հանդիպման ժամանակ երկաթուղու ապաշրջափակումը կլինի օրակարգի հարցերից մեկը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ