Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան․ «Որպես քաղաքական գործիչ շատ բան եմ ասել, որպես դատավոր՝ պահպանում եմ զսպվածություն․ Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»

Հունիս 19,2023 14:19

«Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»,-դիմելով լրագրողներին՝ ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ հրաժարվելով պատասխանել նրանց հարցերին։

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստից հետո, երբ Անդրեասյանը դուրս էր եկել դատարանի շենքից, եւ իր ասելով՝ գնում էր ընդմիջման, մի խումբ լրագրողներ փորձեցին նրան որոշ հարցեր տալ։

ԲԴԽ նախագահը նախ ասաց, որ որեւէ հարցին չի պատասխանելու․ «Առավել եւս ընթացիկ գործի մասին հարցերը․․․սա դատավորի վրա ճնշում է, հիմա փորձ եք անում ճնշել ինձ»։

Եվ քանի որ նա լրագրողների հարցերին պատասխանելու համար չկանգնեց, լրագրողները ստիպված էին նրա հետ քայլել, երբեմն նրա առջեւից քայլել ու հարցեր ուղղել, Անդրեասյանը լրագրողներին մեղադրեց, թե նրանք խոչընդոտում են իր ազատ տեղաշարժը։

«Եթե ես ցանկություն ունենամ ընթացիկ գործերի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնել, ես դա կանեմ դատական նիստի ընթացքում։ Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ։ Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»։

Լրագրողի դիտարկմանը, թե ԲԴԽ նախագահին մեղադրում եմ, որ դատավորի գործունեությունը խառնում է անձնականի հետ, Անդրեասյանը պատասխանեց․ «Ձեր մեղադրանքով կարող եք գնալ համապատասխան իրավապահ մարմնին դիմել։ Ինչ ասում եք, դա քրեորեն պատժելի արարք է։ Զրպարտությունից եւ սուտ մատնությունից առաջ ամեն մարդ պետք է մտածի, թե ինչ է խոսում»։

Հարցին՝ դուք լրատվամիջոցների հետ հանդիպում ունեցե՞լ եք, որպեսզի հնարավորություն ունենան հարցեր տալ, ԲԴԽ նախագահը պատասխանեց․ «Դա իմ իրավունքն է, եւ ես պատրաստվում եմ դեռ երկար ժամանակ հանդիպում չունենալ»։

Մեկ այլ հարցի էլ՝ մինչ ԲԴԽ նախագահ նշանակվելը, հայտարարել էր, որ կան կոռումպացված դատավորներ, եւ համակարգը պետք է մաքրել նրանից, արդյոք այս կարգապահական վարույթներն այդ գործողություններն են, Անդրեասյանը պատասխանեց․ «Որպես քաղաքական գործիչ շատ բան եմ ասել, որպես դատավոր պահպանում եմ զսպվածություն, դատավորի վարքականոնը։ Խորհուրդ եմ տալիս լրագրողներին էլ պահպանել լրագրողական վարքականոնը։ Հարցազրույց չեմ տվել եւ չեմ տալու, քանի դեռ զբաղեցնում եմ այս պաշտոնը՝ եթե իրավիճակ չփոխվի»։

Նշենք, որ Կարեն Անդրեասյանին ուղեկցում էին անվտանգության աշխատակիցներ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930