Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջինը, որ պետք է լուծենք, կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է». Ավինյան

Հունիս 19,2023 13:43

Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:

«Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից է, և համայնքը պետք է նախաձեռնող լինի: Առաջինը, որ պետք է լուծենք, կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է, փաստացի՝ իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որով իրենք՝ որպես փաստ տիրապետել են տարիներով, որպեսզի հետագայում կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ իրենք խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, իրավունքների խախտման հետ կապված հարցեր չլինեն»,-նշել է փոխքաղաքապետ Ավինյանն ու հանձնարարել արդեն իսկ եղած հայեցակարգով դիտարկել նաև Նորագյուղի վերակառուցման առաջարկը:
***
Միաժամանակ, ընթացքում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման 2-րդ և 3-րդ փուլերի աշխատանքները: Շուտով մրցույթ կհայտարարվի նաև Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի շինարարության նախագծի համար:
***
Շենգավիթի «Համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագիրն իրատեսական դարձրեց տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծումը: Փուլ առ փուլ կյանքի կոչվող նախագծով նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել և ապահովվում մարզական օջախի մեծ և փոքր մարզադահլիճներում: Շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի հիմնանորոգումից բացի, հաջորդ քայլով միջոցներ կձեռնարկվեն նաև մարզադպրոցին պատկանող հարակից տարածքի լողավազանը վերակառուցելու համար:
***
Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի նաև գեղասահքի նախկին մարզադպրոցը: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի «Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց» և իր արդի պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու և նոր հաղթանակներ գրանցելու համար:
***
Մայրաքաղաքի կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով ընդհանուր առմամբ այս տարի մայրաքաղաքում 14 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի:
***
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքում է «Հաղթանակի» կամրջի վերանորոգումը: Նախագծով ամբողջությամբ կարդիականացվի նաև կամրջի արտաքին լուսավորության ցանցը, մալուխները կտեղափոխվեն գետնի տակ, բացի այդ էլ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար կտեղադրվի երկու վերելակ: Աշխատանքներն ամբողջությամբ նախանշվում է ավարտել օգոստոսի վերջին: Տիգրան Ավինյանը հանձնարարել է դիտարկել նաև «Կիևյան» կամրջի հիմնանորոգման ծրագիրը:
***
Համայնքային միջոցներով գնված 15 տրոլեյբուսից բացի, հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից շարժակազմով. արդեն իսկ կա հաղթող մասնակից: Ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի առկա շարժակազմի թարմացման խնդիրը:

***
Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նախատեսվում է նոր անտառապատ այգի կառուցել:
Տիգրան Ավինյանը տեղեկացրել է նաև, որ կենդանաբանական այգու ընդլայնումը համայնքը դիտարկում է նույն՝ այգու ներկայիս տարածքում. կուսումնասիրվի հաշվեկշռում առկա հարակից գոտիներն օգտագործելու հնարավորությունը:
***
«Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջին նախագիծը, որ կդրվի հանրային քննարկման, «Մերգելյանի» այգու վերակառուցումն է: Զեկուցվել է, որ կա երկու փաթեթային առաջարկ, և բնակիչները կորոշեն, թե որ տարբերակն են նախընտրում:

***
Մայրաքաղաքում այս շաբաթ ամբողջությամբ կավարտվի փողոցների փոսալցման գործընթացը. մնացել է շուրջ 600 քմ ծավալի աշխատանք: Զեկուցվել է, որ սպառվել է 148 տոննա ասֆալտ: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի պարագայում լինել հետևողական և աշխատանքներն իրականացնել որակով ու սահմանված ժամկետում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930