Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է ՌԴ կողմից ճանապարհներին մոնիտորինգ, ոչ թե վերահսկողություն իրականացնելու մասին»․ Վահան Կոստանյան

Հունիս 19,2023 13:39

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ո՞վ է վերահսկողություն իրականացնելու ապաշրջափակվող ճանապարհներին՝ հաշվի առնելով այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է, որ վերահսկողությունը պետք է ռուս սահմանապահներն իրականացնեն։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն այն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը։ Վահան Կոստանյանն ի պատասխան ասաց․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ դրան հաջորդող հրամանագրում, որն ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, խոսվում է ավելի շատ մոնիտորինգի ֆունկցիայի մասին, որը պետք է ռուսական ՖՍԲ-ն իրականացնի, այլ ոչ թե վերահսկողություն։ Բայց ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են»։

Վահան Կոստանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«ՀՀ համար շատ կարեւոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պիտի տեղի ունենա կողմերի իրավազորության եւ ինքնիշխանության հիման վրա՝ հաշվի առնելով ապաշրջափակման իրականացման փոխադարձությունը։ Եվ այս շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը մշտապես կառուցողական է եղել եւ շահագրգռված է եղել իրականացնելու ապաշրջափակման գործընթացը։ Դեռեւս 2021 թվականի հունվարի 11-ին, երբ կնքվեց այս հայտարարությունը, Հայաստանը կառուցողական մոտեցում է դրսեւորել եւ շարունակելու է կառուցողական լինել, որովհետեւ մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ եւ կարծում ենք, որ «Հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով նաեւ այն աշխարհաքաղաքական զարգացումները եւ լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»,- ասաց նա։

Հարցին, որ Ադրբեջանն ավելի շատ հակված է, որ ռուս սահմանապահները հսկեն ապաշրջափակվող ճանապարհները, Վահան Կոստանյանը պատասխանեց․ «Ես ավելի շատ կնախընտրեի ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումները։ Հայկական կողմի համար կարեւոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում՝ անվտանգության հետ կապված, տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության սահմաններում։ Եթե մինչ այսօր մեզ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության եւ իրավազորության շրջանակներում, բնականաբար․․․»։

Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում, Կոստանյանն ասաց․ «Թե ապաշրջափակման թեմայով, թե սահմանազատման եւ սահմանային անվտանգության թեմայով, թե խաղաղության պայմանագրի կամ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ քննարկումների պարագայում հայկական կողմը մշտապես պատրաստ է հանդիպումների իրականացման հարցով, որովհետեւ մենք շահագրգռված ենք այս բոլոր երեք ուղղություններով արդյունքներ գրանցել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930