Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք հոգեվարքի մեջ են, ձերբակալություններով էլ հարց չեն լուծելու». Նաիրա Մելիքյանը՝ իշխանություններին

Հունիս 19,2023 13:16

«Սրանք ամեն բան անում են, որ նախ լռեցնեն եւ ահաբեկեն բոլոր պայքարող մարդկանց, ապա հերթական տեղեկատվությունն են նետում դաշտ, որպեսզի մարդիկ դրա քննարկման արդյունքում շեղվեն իրավիճակից, սպասվող կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից, որի համար շատ-շատ են շտապում»,- «Հայելի» ակումբում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրականում կապիտուլյացիոն չէր, խաղաղության անվան տակ այդպիսի փաստաթուղթը լինելու է ոչնչացման նոր սպասվող պայմանագիրը, որը հայ ժողովրդի ցեղասպանության պայմանագիրն է: Իրենց ներկայիս գործողությունները փաստում են, որ իրենք անհանգստացած են: Դրա համար էլ այն մարդկանց, որոնք այս կարեւոր փուլում իրենց համար կարող են վտանգ ներկայացնել, ձերբակալում են»,-հավելեց Նաիրա Մելիքյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀՀ զինանշանի եւ օրհներգի վերաբերյալ, պատահական չեն արվել, դրանք հանրությանը շեղելու նպատակ են հետապնդում. «Մենք տեսնում ենք, թե սահմաններին ինչ կուտակումներ կան, ինչ վիճակ է տիրում, տեսնում ենք, թե ինչպես է Արցախում լարումը մեծանում եւ հիմա ընդհանրապես ոչինչ չի մտնում Արցախ, եւ անգամ ռուս խաղաղապահներն են անզոր: Ու հանկարծ այս ամենի ֆոնին՝ հենց մեր զինանշանի օրը, այդ անձը որոշում է մասնատել, մաս-մաս անել մեր զինանշանը, չգիտես ինչեր է խոսում առյուծի, Արարատի վերաբերյալ…Մինչդեռ բոլորն էլ գիտեն, որ առյուծն ու արծիվը խորհրդանիշներ են, դրանք կան բազմաթիվ երկրների զինանշանների վրա: Այնպես որ սա հերթական անգամ հանրությանը զբաղեցնելու եւ գլխավոր թեմաներից շեղելու փորձ էր: Նույն շարքից էր Վահագն Ալեքսանյանի «մայկա-տռուսիկի» թեման»,-ասաց նա:

Նաիրա Մելիքյանի խոսքով. «Արմեն Աշոտյանը ձերբակալված է, ձերբակալված է նաեւ Խաչատուրովը, բայց այսօր ո՞վ է հիշում այդ մասին: Բոլոր այս մարդիկ տարբերվում են եւ իրենց ինտելեկտով, եւ անցած ուղով, եւ անձնուրացությամբ, նվիրվածությամբ ու պայքարով…Միեւնույն է՝ սրանք հոգեվարքի մեջ են, եւ նման բաներով, ձերբակալելով ու շեղելով հարց չեն լուծելու, արդեն խռխռում են, դա ակնհայտ երեւում է, իսկ իրենց կուսակցական խրախճանքներով փորձում են մոռացության մատնել իրենց ներսում եղած վախերը »:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930