Քննարկվում են Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու նոր ժամկետները, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հարցին, թե Վաշինգտոնի հանդիպման չեղարկումից հետո հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից կրակոցները Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ, դիվանագիտական դաշտում ինչ-որ փոփոխությո՞ւն է եղել, Կոստանյանը պատասխանեց․ «Թույլ տվեք նշել, որ Վաշինգտոնի հանդիպումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել է։ Եվ այս պահին էլ ընթանում են քննարկումներ՝ նոր օրերի ու ժամկետների հետ կապված։ Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկատվություն կկարողանանք տրամադրել այս մասին»։
Վահան Կոստանյանը հավելեց. «Իսկ այս գործողությունները, որոնք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է, մասնավորապես, թե լարվածություն ու կրակոցներ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, թե իրավիճակի լարում Լեռնային Ղարաբաղում, միանշանակ չեն աջակցում Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելուն ու կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության եւ խաղաղության հաստատմամբ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Վահան Կոստանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից