Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունգարիան դիվանագիտական խողովակներով փոխանցել է, որ ակնկալում է՝ ՀՀ խորհրդարանում եւս բարեկամական խումբ կձեւավորվի»․ Սարգիս Խանդանյան

Հունիս 19,2023 12:16

Հայաստան-Հունգարիա խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման որոշման նախագիծն այսօր հաստատվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովի նախագահ, նախագծի հեղինակ Սարգիս Խանդանյանն (լուսանկարում) ասաց․ «Բոլորովին վերջերս Հայաստանը եւ Հունգարիան փոխադարձաբար դեսպաններ նշանակելով՝ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։ Նաեւ պետք է տեղեկացնեմ, որ այս տարեսկզբին Հունգարիայի խորհրդարանում արդեն իսկ ձեւավորվել է Հունգարիա-Հայաստան բարեկամական խումբը։ Եվ դիվանագիտական խողովակներով փոխանցվել է, որ հունգարական կողմն ակնկալում է, որ Հայաստանի խորհրդարանում եւս բարեկամական խումբ կձեւավորվի։ Ես կարծում եմ, որ այս դիվանագիտական հարաբերությունների հաստատման ֆոնին կարեւոր է նաեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը»,- ասաց նա։

Ըստ Խանդանյանի՝ Հունգարիան այս ընթացքում նաեւ ակտիվություն է դրսեւորել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, նախորդ տարի Հունգարիայի ջանքերով ռազմագերիներ են Ադրբեջանից վերադարձվել Հայաստան։ «Հունգարիայի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են նաեւ այն հանգամանքից ելնելով, որ Հունգարիան Եվրոպական միության անդամ է։ Եվ, կարծում եմ, մենք պետք է կարողանանք կառուցել նորմալ հարաբերությունների ԵՄ բոլոր անդամ երկրների հետ»,- ասաց Խանդանյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց․ «Ես երկու ձեռքով միանում եմ այս նախաձեռնությանը»։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու հանգամանքով։

«Դա է եղել այն խթանը, որի արդյունքում Հայաստանի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը որոշեց, որ ինքը պետք է Հայաստանի անունից խզի հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այդ ժամանակ էլ կտրուկ դժգոհություն եմ հայտնել այդ որոշման հետ կապված, որ ի՞նչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդն իր ղեկավարի կողմից ընդունված որոշման պատասխանատվության հետ։ Ուզում եք Հայաստանի անունից ցույց տալ մեր բացասական վերաբերմունքն այդ ակտի նկատմամբ, այդ վերաբերմունքը ցուցաբերեք Հունգարիայի ղեկավարի նկատմամբ, ոչ թե Հունգարիայի ժողովրդի։ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների խզումը մի երկրի հետ նշանակում է, որ այդ երկու ժողովուրդների մեջ մտցնում ես անջրպետ»,- նշեց պատգամավորը։

Արսենյանը հավելեց․ «Ես դա այն ժամանակ դիտարկում էի պետական գործչի կողմից պետական կարճամտության դրսեւորում, որովհետեւ սեփական դիվանագիտական ներկայացուցչության անգործությունը բացատրել նրանով, որ հունգարական կողմն ինչ-որ գործողություն է արել, անթույլատրելի է։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդ ակտի մասին իմացել է Սաֆարովին արտահանձնելուց հետո, այսինքն՝ իր ողջ դիվանագիտական, հետախուզական ծառայությունները տեղյակ չեն եղել, որ այդպիսի պրոցես է ընթանում։ Եվ աշխատանքային շոկի մեջ հայտնվեցին այն ժամանակ, երբ տեղեկատվական աղբյուրներից իմացանք, որ Ռամիլ Սաֆարովը Բաքվում է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930