«ՀՀ կառավարությունն իր երկու հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները փորձում է կառուցել անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ հաշվի առնելով այն կարեւորությունը, որ մենք տալիս ենք այդ հարաբերություններին»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի նախագծի վավերացման հարցի քննարկման ժամանակ այսօր ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը (լուսանկարում)։
«Հատկապես վերջին տարիներին Վրաստանի հետ հարաբերությունները բավական խորացել ու ինտենսիվացել են։ Քաղաքական մակարդակում՝ սկսած երկու երկրների վարչապետերից, հարաբերությունները շատ ակտիվ են։ Իհարկե, մենք հանրային հասարակական մակարդակում ունենք որոշակի խնդիրներ, որոնք հասցեագրելը շատ կարեւոր է եւ անգամ անվտանգային նշանակություն ունի։ Ցավոք սրտի, վրացական մեդիայում երբեմն նաեւ հայտնվում են որոշակի ելույթներ, որոնք ատելության խոսք են պարունակում ՀՀ եւ հայերի նկատմամբ։ Մենք այս թեմայով սերտորեն աշխատում ենք մեր վրացի գործընկերների հետ, եւ վստահ եմ, որ կկարողանանք հաղթահարել այս խնդիրները։ Իսկ ընդհանրապես Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները վերջին մի քանի տարվա ընթացքում կառուցում են միմյանց չվնասելու եւ միմյանց զգայունություններն ամբողջությամբ հաշվի առնելու սկզբունքի վրա, որը ճիշտ ճանապարհ է։ Այսպիսով` մենք կկարողանանք էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները բարեկամ Վրաստանի հետ»,- ասաց Կոստանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ