Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նույնականացման քարտով Վրաստան այցելելու հնարավորություն տվող համաձայնագրի նախագծին

Հունիս 19,2023 11:50

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի նախագծին։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասաց, որ Հայաստանը նպատակաուղղված է խորացնել քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները մեր հարեւան Վրաստանի հետ։ «Մեր երկու երկրների միջեւ գործում է շուրջ 80 միջազգային պայմանագիր։ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993թ. մայիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագրով: Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչեւ մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ Հանրապետության տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում: Բնականաբար, այս նոր համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո 1993 թվականի համապատասխան համաձայնագիրն արդեն ուժը կորցրած կճանաչվի։ Նոր համաձայնագիրը կողմերի միջեւ կնքվել է 2023 թվականի հունվարի 12-ին։ Եվ վրացական կողմը փետրվարի 2-ին արդեն իսկ ավարտել է ներպետական ընթացակարգերը»,- ասաց Կոստանյանը։

Համաձայնագրով սահմանվում է, որ մի կողմի պետության քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի, մուտք գործելու, գտնվելու տարանցիկ երթեւեկելու, դուրս գալու մյուս կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով։

Համաձայնագրի նախագծով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

– վրացական կողմի՝ դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դիվանագիտական առաքելություններում, հյուպատոսական հիմնարկներում եւ միջազգային կազմակերպություններում աշխատանքի նշանակված քաղաքացիներից չպահանջել մուտքի արտոնագիր՝ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու համար,

– Վրաստանի քաղաքացիներին թույլատրել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, տարանցիկ երթեւեկել կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից միջազգային ուղեփոխադրումների համար նախատեսված սահմանային պաշտոնական անցակետերով եւ այլն:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Սարգիս Խանդանյանն ասաց, որ այս համաձայնագրի վավերացումը շատ կարեւոր է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ համաձայնագիրը խորհրդարանի կողմից վավերացնելուց, նախագահի կողմից ստորագրելուց հետո, ըստ Խանդանյանի, հաջորդ ամսվանից արդեն ուժի մեջ կմտնի։ «Քաղաքացիները հարցնում են՝ արդյոք արդեն կարելի՞ է նույնականացման քարտերով ճամփորդել, թե՞ ոչ։ Կարեւոր է, որպեսզի հստակ լինեն ժամկետները, որպեսզի մեր քաղաքացիները իմանան ինչպես վարվել։ Սա մեր հարյուրավոր քաղաքացիների կյանքը հեշտացնող նախագիծ է, հատկապես այն մարդիկ, որոնք հաճախ են ճամփորդում հարեւան երկիր»,- ասաց Խանդանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930