Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապահովագրության համակարգը թերի է գործում, գյուղացիների եկամուտն ու բերքը չի ապահովագրվում»․ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին

Հունիս 19,2023 10:57

Հայաստանի տարբեր մարզերում երեկ տեղացած կարկուտը դարձյալ մեծ վնաս է հասցրել գյուղացիական տնտեսություններին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում հորդառատ անձրեւների ու կարկտահարության հետեւանքով հատկապես տուժել են Սյունիքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերի գյուղացիական տնտեսությունները։ Սոցիալական ցանցերում մարդիկ ահազանգում են, որ գյուղացիները կորցրել են իրենց տարվա եկամուտը, եւ պարզ չէ՝ կառավարությունը վնասի գնահատում ու փոխհատուցում կիրականացնի՞, թե՞ ոչ։

Օրերս այս հարցը խորհրդարանում արծարծել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ ՀՀ բազմաթիվ գյուղեր մեծ վնասներ են կրել, եւ գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից։ Շատ գյուղերում վնասի գնահատում չի իրականացվել, գյուղացիները չգիտեն՝ ինչպես են մարելու իրենց վարկերը։

Ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ եթե գյուղացիները որոշել են ավանդական մեթոդներով վարել իրենց գյուղատնտեսությունը եւ չապահովագրել իրենց բերքը, դա իրենց ռիսկն է։ «Եվ մենք այստեղ լրացուցիչ որեւէ գործառույթ չենք տեսնում մեր կողմից։ Ամեն տարի մենք սուբսիդավորում ենք ապահովագրավճարների էական մասը, այնպես, որ գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից ապահովագրել իրենց բերքը»,- հավելել էր նախարարը։

Գառնիկ Պետրոսյանի լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության համակարգի մասին հարցին, ասաց, որ եթե կա ապահովագրական համակարգ, բայց մարդիկ չեն օգտվում դրանից, բնականաբար, ռիսկը մնում է տնտեսվարողի վրա։ Բայց Հայաստանում ապահովագրական համակարգ թերի ու անկատար է, եւ գյուղացին չի օգտվում դրանից։ «Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության համակարգով միայն ծախսերն են ապահովագրում։ Եթե եկամուտն ապահովագրվեր, բերքը ապահովագրվեր, գյուղացիական տնտեսությունները կօգտվեին այդ համակարգից։ Այսօր միայն ծախսերն են ապահովագրվում, ենթադրենք, մարդու ծախսերը փոխհատուցեցիք, բա եթե եկամուտ չի ստանում, ինչպե՞ս է ապրելու։ Այդ մարդը վարկ է վերցրել, պետք է ապրի, ո՞նց անի։ Ուղղակի չի կարելի այդպես անկատար թողնել այդ համակարգը։ Դա շատ անհրաժեշտ համակարգ է, մենք երկար տարիներ ենք այդ ուղղությամբ աշխատել, որ այդ համակարգը ներդրվի, կայանա։ Հիմա ներդրվեց, սկսեցին ծախսերի ապահովագրությունից, բայց արդեն վաղուց ժամանակն է, որ ներդրվի բերքի ու եկամտի ապահովագրությունը։ Դրա համար էլ ապահովագրության համակարգն առանձնապես պահանջարկ չունի»,- ասաց նա։

Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ընդամենը մի քանի հազար գյուղացիական տնտեսություններ են ապահովագրության համակարգից օգտվում՝ ապահովագրելով իրենց մշակաբույսերի ծախսերը։ «Դա շատ փոքր թիվ է, մենք 300 հազարից ավելի սուբյեկտներ ունենք, եթե 3000-5000 տնտեսվարող է այսօր օգտվում համակարգից, դա մոտավորապես 1-1․5 տոկոս է կազմում, ինչը շատ քիչ է։ Համակարգը պետք է բարելավվի, կատարելագործվի, բարեփոխվի»,- հավելեց նա։

Ըստ մասնագետի՝ մյուս կարեւոր խնդիրն այն է, որ երբ բնական աղետ է տեղի ունենում, նախնական վնասներն արձանագրվում են, նախնական որոշակի փոխհատուցում պետք է տրվի գյուղացիներին։ Իսկ տարեվերջին կամ բերքահավաքի ժամանակ նոր արդեն պետք է վերջնահաշարկ կատարվի։ «Հիմա ոչինչ չի տրվում այս ժամանակահատվածում, եւ գյուղացին էլի պետք է սպասի տարվա վերջին։ Շատ խնդիրներ կան, որոնք պետք է քննարկել ու լուծումներ տալ։ Պետք է անընդհատ հարց տալ՝ ապահովագրությունը պե՞տք է մեր գյուղատնտեսությանը, թե՞ ոչ։ Միանշանակ պետք է։ Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ գյուղացին դրանից չի օգտվում։ Մի շարք պատճառներ կան, վստահության դեֆիցիտ կամ, հնարավոր քաշքշուկներ, եւ, ամենագլխավորն այն է, որ ընդամենը ծախսերի ապահովագրություն է կատարվում։ Պետք է մի քիչ ավելի հեռու գնալ»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930