Լրահոս
Օրվա լրահոսը

Կիլիկյան Հայաստանի երկարակեցության գաղտնիքը. Լևոն Տեր-Պետրոսյան. iLur

Հունիս 19,2023 10:50

ilur.am.  Ինչպես ցույց էի տվել իմ նախորդ հոդվածներից մեկում («Կիլիկյան Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների հորձանուտում». aliqmedia.am, newsline.am, iLur.am, 19.05.2023), XI–XIV դարերում Մերձավոր Արեւելքը դարձել էր աշխարհակալական չորս ուժերի՝ Արեւմտյան Եւրոպայի, Բյուզանդական կայսրության, Մոնղոլական խանության եւ Իսլամական հասարակապետության բախման գլխավոր թատերաբեմը։ Տվյալ հանգամանքով պայմանավորված, այդ տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ քրիստոնյա թե մահմեդական փոքր պետություններին մնում էր խուսանավել կայսրությունների իրարամերժ ներհակությունների հորձանուտում եւ գոյատեւել մերթ հանդուրժված բուֆերային գոտու, մերթ ըմբոստ հպատակի, մերթ նվաճողի, մերթ էլ վասալի կարգավիճակով։ Երկրամասն այդ ժամանակաշրջանում մանր ու մեծ թագավորությունների, իշխանությունների, սուլթանությունների ու էմիրությունների մի այնպիսի խառնարան էր, որը ոչ իսկ խճանկար (մոզաիկա), այլ գեղադիտակ (կալեյդոսկոպ) էր հիշեցնում՝ ծնվող եւ վերացող պետությունների անընդհատ հերթագայությամբ։ Բավական է թեկուզ նշել, որ իր գոյության շուրջ 300 տարիների ընթացքում Կիլիկիո Հայոց պետությունն ունեցել է միմյանց հաջորդած տասներեք սահմանակից-հարեւան՝ Բյուզանդական կայսրությունը (1080–1176 թթ.), Սելջուկյան սուլթանությունը (1077–1092 թթ.), Փիլարտոսի իշխանությունը (1072–1090 թթ.), Գող Վասիլի իշխանությունը (1082–1117 թթ.), Դանիշմենդյան էմիրությունը (1071–1174 թթ.), Ռումի սուլթանությունը (1077–1277 թթ.), Եդեսիայի կոմսությունը (1098–1150 թթ.), Անտիոքի իշխանապետությունը (1099–1268 թթ.), Հալեպի Զանգիդյան աթաբեկությունը (1150–1181 թթ.), Սիրիայի եւ Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը (1181–1268 թթ.), Եգիպտոսի Մամլյուքյան սուլթանությունը (1268–1375 թթ.), Իրանի Հուլավյան իլ-խանությունը (1277–1335 թթ.) եւ Կարամանյան էմիրությունը (1277–1375 թթ.)։

Հասկանալի է, որ իրավիճակների այսպիսի փոփոխականությունը փոքր պետությունների համար անհնար էր դարձնում քաղաքական հաշվարկների վրա կառուցված երկարատեւ ռազմավարության գործադրումը։ Ռազմավարության բացակայությունն, ըստ այդմ, Մերձավոր Արեւելքի երկրների, այդ թվում Կիլիկյան Հայաստանի եւ խաչակրաց պետությունների ամենաբնորոշ հատկանիշն էր, եթե, իհարկե, ռազմավարություն չհամարենք ինքնապահպանության նախածին բնազդը եւ ուժերի նպաստավոր դասավորության դեպքում հարեւանների հաշվին սեփական տարածքներն ընդարձակելու ձգտումը։ Տվյալ պարագայում, հետեւաբար, առաջնային էին դառնում զուտ մարտավարական նշանակություն ունեցող գործնական (պրագմատիկ) նկատառումները։ Հակամարտող կողմերի երկարատեւ շահերը կարճատեսորեն ստորադասվում էին պահի թելադրանքով ակնկալված ձեռքբերումներին։ Գոյություն չուներ պետությունների քաղաքական վարքը կարգավորող որեւէ չափանիշ։ Ճարպկությունը, նենգությունը, երդմնազանցությունը, դավադրությունը, հակառակորդին խաբելու եւ ծուղակը գցելու ունակությունը ոչ միայն պախարակելի չէին, այլեւ առաքինություն էին համարվում[1]։ Հաճախակի էին անգամ հյուրընկալության կանոնների եւ դեսպանների անձեռնմխելիության իրավունքի խախտումները։ Իսկ մարդկանց առեւանգման եւ փրկագնի դիմաց ազատ արձակելու երեւույթը հասել էր ահռելի չափերի։ Մի խոսքով, միջպետական հարաբերություններում տիրապետողը ջունգլիների օրենքն էր. ով ինչ կարողանում՝ գրավում էր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին, որոնք կարող էին կործանարար լինել հենց գրավողի համար։

Փոքր պետությունների քաղաքական վարքագծի տարերայնությունը խորանում էր այն հանգամանքով, որ նրանք հաճախ նաեւ դառնում էին աշխարհակալ տերությունների կույր գործիքը՝ օգտագործվելով իրենց վիճակակիցների դեմ ուղղված ծրագրերում։ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը, որի էությունը փոքր պետություններին միմյանց դեմ լարելու եւ այդու նրանց հնարավոր համագործակցությունը վիժեցնելու ձգտումն էր, հատուկ էր բոլոր գերտերություններին։ Այս առումով ամենաբնորոշը, թերեւս, Մանուել I Կոմնենոս կայսեր վարած քաղաքականությունն էր Կիլիկիայի հանդեպ։ Ձգտելով կանխել Ռուբինյանների հզորացումը, Բյուզանդական կայսրը 1150-ական թվականներին նրանց դեմ դրդեց նախ՝ Ռումի սելջուկյան սուլթանությանը[2], ապա՝ Անտիոքի իշխանապետությանը[3]։ Նույն կերպ, 1180-ական թվականներին, գերտերության հավակնություններ դրսեւորող նորաստեղծ Այուբյան սուլթանությունը փորձեց սեպ խրել Կիլիկիո հայկական իշխանության եւ Անտիոքի իշխանապետության միջեւ[4]։ Ռազմավարական մտածողության բացակայությունը եւ անմիջական շահ ձեռքբերելու գայթակղությունն, այսպիսով, փոքր պետություններին թույլ չէր տալիս ընկալել գերտերությունների եսասիրական հաշիվների մեջ ներքաշվելու իրողության կործանարարությունը, եւ նրանք զարմանալի հետեւողականությամբ շարունակ ընկնում էին վերջիններիս լարած միեւնույն ծուղակը։

Սա նշելով հանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ նույնիսկ աշխարհակալ պետությունների պարագայում ռազմավարական մտածողության ունակությունն ինքնին դեռեւս հաջողության գրավական չէր, քանի որ էականը ոչ թե սոսկ ռազմավարության առկայությունն էր, այլ ճիշտ ռազմավարության ընտրությունը։ Երեւույթի լուսաբանման տեսակետից կրկին ամենաբնութագրականը, թերեւս, կարելի է համարել Բյուզանդիայի օրինակը, նկատի առնելով նրա որդեգրած առճակատման քաղաքականությունը Կիլիկիայի եւ խաչակրաց պետությունների նկատմամբ։ Ըստ տարածված տեսակետի՝ այդ քաղաքականությունը բխում էր Բյուզանդիայի ազգային շահերից եւ ավանդական ռազմավարությունից[5], որի էությունը կայսրության հեղինակության եւ տարածքային ամբողջականության վերականգնումն էր։ Թվում է, թե Հովհաննես II եւ Մանուել I Կոմնենոս կայսրերի 1136–1138, 1142–1143 եւ 1158–1159 թթ. արեւելյան արշավանքների շնորհիվ Բյուզանդիան փայլուն հաջողությամբ լուծեց այդ խնդիրները[6]։ Սակայն նկատի ունենալով հետագա զարգացումները, հարց է առաջանում, թե արդյոք արդարացվա՞ծ էին Բյուզանդիայի վատնած ահռելի ջանքերն ու հսկայական ծախսերը, եւ արդյոք այդ թվացյալ հաջողությունները չէի՞ն նրա գալիք դժբախտությունների պատճառը։ Կարծում ենք՝ կասկածից վեր է, որ կայսրությունը շատ ավելի մեծ հաջողությունների կհասներ, եթե հայերին ու ֆրանկներին հակադրվելու փոխարեն, նրանց հետ միասնական ճակատ կազմած, փորձեր պայքարել փոքրասիական սելջուկների դեմ։ Բացառված չէ, որ նման քաղաքականության կիրառման պարագայում Մերձավոր Արեւելքի պատմությունը բոլորովին այլ ընթացք կարող էր ստանալ։ Ռազմավարական տեսակետից՝ հայերի եւ ֆրանկների դեմ Բյուզանդիայի մղած պայքարն, ըստ այդմ, շատ ավելի աններելի կարճատեսություն էր[7], քան նույնիսկ XI դ. առաջին կեսում Մեծ Հայքի թագավորությունների բռնակցումը կայսրությանը, քանի որ այդ ժամանակ դեռեւս ոչ ոք ի վիճակի չէր պատկերացնել սելջուկ-թուրքերի առաջխաղացման վտանգի իրական չափը։ Մինչդեռ հետագայում Բյուզանդիայի կողմից այդ վտանգի համառ անտեսումն ու քրիստոնեական ուժերի ջլատումն արդեն ոչ այլ ինչ էր, եթե ոչ նրա արեւելյան քաղաքականության լիակատար սնանկության նշանավորումը։ Դառնալով իր աշխարհակալական գաղափարախոսության եւ կայսերական քաղաքականության գերին, Բյուզանդիան, փաստորեն, տարածաշրջանի միակ երկիրն էր, որն ինքնակամ կերպով իրեն զրկել էր Realpolitik-ի զինանոցից օգտվելու հնարավորությունից։

Որքան էլ տարօրինակ թվա, հակառակ միջնադարյան ռիտորիկային, եւ հակառակ արդի պատմագիտության մեջ տարածված տեսակետին, մերձավորարեւելյան քաղաքականության դերակատարների մոտ գործնականում բացակայում էր նաեւ կրոնական համերաշխության գիտակցությունը, ինչն արդյունք էր մի կողմից՝ արդեն նշված իրավիճակային գործելակերպի, մյուս կողմից՝ հակամարտ ճամբարների դավանաբանական պառակտվածության (քրիստոնյաների պարագայում՝ կաթոլիկություն, ուղղափառություն, միաբնակություն, իսկ մահմեդականների պարագայում՝ սուննիզմ, շիիզմ եւ իսմայելիզմ)։ Թեեւ քրիստոնյաները մերթ ընդ մերթ կարողացան հակաիսլամական ճակատ ստեղծել (եւրոպական տարբեր երկրների կամավոր մասնակցությունը խաչակրաց արշավանքներին), սակայն նույն բանը մահմեդականներին երբեք չհաջողվեց։ Իսլամական երկրներն ի վիճակի եղան քրիստոնեության դեմ պայքարել միայն այն ժամանակ, երբ նրանցից մեկը, նվաճելով մյուսներին, կարողացավ ուժեղ կենտրոնացած պետություն ստեղծել (Զանգիդներ, Այուբյաններ, Մամլյուքներ)։ Շատ ավելի սովորական էր, երբ պատերազմների ժամանակ, զուտ հատվածական նկատառումներով, ձեւավորվում էին խայտաբղետ ռազմա-քաղաքական դաշինքներ՝ անկախ դրանց մասնակիցների կրոնական պատկանելության հանգամանքից։ Քրիստոնյա եւ մահմեդական պետությունների մի խումբ հաճախ մաքառում էր նույնպիսի կազմ ունեցող մի այլ խմբի դեմ։ Ո՛չ մահմեդական, ո՛չ էլ քրիստոնյա պետությունները չէին խորշում հարկ եղած դեպքում օգնության կանչել իրենց այլադավան հարեւաններին՝ նրանց մասնակից դարձնելով իրենց հավատակիցների դեմ մղվող պայքարում։ Նույնքան սովորական էին, սակայն, նաեւ հապճեպ ձեւավորված դաշինքների հանկարծակի փլուզումները, կնքված զինադադարների խախտումները, փոխադարձ դավաճանությունները, գերեվարումներն ու ավարառությունները։

Փոքր պետությունները զրկված էին նաեւ կայուն եւ կանխատեսելի քաղաքական գործոններից օգտվելու հնարավորությունից, քանի որ երեկվա բարեկամը մյուս օրը կարող էր դառնալ թշնամի, կամ հակառակը։ Քաղաքական գործոններն, ըստ այդմ, բազմանշանակ էին՝ միաժամանակ պարունակելով թե՛ դրական, թե՛ բացասական տարրեր։ Այսպես, օրինակ, իտալական առեւտրային հանրապետությունները մի կողմից՝ մեծապես նպաստեցին խաչակրաց պետությունների ստեղծմանը, տնտեսական զարգացմանն ու Եւրոպայի հետ մշտական հաղորդակցության ապահովմանը, մյուս կողմից, սակայն, իրենց ձեռքբերած հսկայական արտոնություններով, հարատեւ մրցակցությամբ, վեճերով ու կռիվներով, ընդհուպ մինչեւ քաղաքացիական պատերազմների հրահրումով, թուլացրին այդ պետությունները[8]։ Նույնը վերաբերում է ռազմա-կրոնական միաբանություններին, որոնք լինելով լատին Արեւելքի պաշտպանության հիմնական ապավենը, միաժամանակ իրենց ինքնավար վիճակից բխող անկառավարելի գործողություններով, կենտրոնական իշխանություններին չենթարկվելու տրամադրությամբ եւ արկածախնդրական քայլերով նույնպես նպաստեցին խաչակրաց պետությունների տկարացմանը[9]։ Այս առումով բնութագրական են նաեւ հայերի եւ խաչակիրների ամենեւին ոչ միանշանակ հարաբերությունները։ Սկզբնական շրջանում վերջիններս ակամա մեծ ծառայություն մատուցեցին Ռուբինյան իշխանությանը՝ վերացնելով Դաշտային Կիլիկիայի քաղաքներում տեղակայված թուրքական կայազորները։ Բացի այդ, հիմնադրելով Եդեսիայի կոմսությունը եւ Անտիոքի իշխանապետությունը, խաչակիրները Կիլիկիայի արեւելյան եւ հարավային սահմաններից հեռացրին մահմեդական երկրներից սպառնացող անմիջական վտանգը[10]։ Սակայն մյուս կողմից՝ ոչնչացնելով Մերձեփրատյան երկրամասի հայկական իշխանությունները, հետագայում նրանք այդ սահմաններն ավելի խոցելի դարձրին։ Տվյալ երեւույթն, ի դեպ, հատուկ էր ոչ միայն քրիստոնյա, այլեւ մահմեդական պետություններին։ Այսպես, Հալեպի Զանգիդյան աթաբեկությունը մեծապես օգտվեց Այուբյան քրդերի ծառայությունից, բայց վերջիններս ժամանակի ընթացքում այնքան հզորացան, որ կործանեցին իրենց նախկին տերերին։ Իսկ հետագայում Այուբյաններն, իրենց հերթին, ապավինելով մամլյուքյան բանակներին, վերջիվերջո դարձան նրանց զոհը։ Գործոնների բազմանշանակության ամենացայտուն արտահայտությունը, սակայն, Կիպրոսի թագավորության օրինակն է, որի մասին ես մանրամասն խոսել եմ իմ «Խաչակիրները եւ հայերը» գրքի առաջին հատորում[11]։

XI–XIV դդ. Մերձավոր Արեւելքի քաոսային թվացող այս վիճակի նկարագրությունը, բնականաբար, հարց կարող է առաջացնել, թե որն էր, այնուամենայնիվ, տարածաշրջանի փոքր պետությունների կենսունակության եւ երկարակեցության պատճառը։ Այդ պատճառը, մեր կարծիքով, պետք է որոնել նախ՝ գերտերությունների հակասությունների եւ ապա՝ փոքր պետությունների ուժերի հավասարակշռության ոլորտում։ Որքան էլ խայտաբղետ՝ փոքր պետությունների մարդկային, նյութական, զինական եւ պաշտպանական կարողություններն, այնուամենայնիվ, քիչ թե շատ համադրելի էին։ Մոտավորապես համադրելի էր նաեւ նրանց բանակների թվաքանակը։ Դրանք իրենց բնույթով ֆեոդալական բանակներ էին, կազմված պատերազմների ժամանակ վասալների տրամադրած զորքերից, որոնց թիվը, հակառակ միջնադարյան ժամանակագիրների չափազանցված տվյալներին, երբեք չէր անցնում քսան հազարից, ինչի վկայությունն են կոնկրետ ճակատամարտերի ու արշավանքների մասնակիցների թվաքանակի վերաբերյալ նույն ժամանակագիրների հաղորդած ավելի իրատեսական տեղեկությունները[12]։ Ֆեոդալական բանակներն ընդունակ էին հավասարը հավասարի պես պատերազմել միմյանց դեմ, սակայն անզոր էին չափվելու կայսերական (Բյուզանդիա), քոչվորական (սելջուկներ եւ մոնղոլներ) ու մամլյուքյան մշտական բանակների հետ։ Ուստի փոքր պետություններից ոչ մեկն, ըստ էության, ի վիճակի չէր միայնակ վերջ տալու մի այլ պետության գոյությանը։ Իսկ եթե նման մտադրություն ունեցող մի պետության, այնուամենայնիվ, հաջողվում էր դաշնակիցներ ձեռքբերել, ապա նրա ախոյանի շուրջ անմիջապես ձեւավորվում էր մի այլ դաշինք, ինչը վերականգնում էր հակամարտող կողմերի հավասարակշռությունը։ Փոքր երկրներին հատուկ էր նաեւ մյուսների հաշվին հզորացման ձգտող որեւէ պետության դեմ միավորվելու բնազդը։

Փոքր պետությունների կենսունակության գաղտնիքը հասկանալու համար չպետք է մոռանալ, որ որքան էլ պատերազմներն ու հրոսակային հարձակումները հաճախադեպ լինեին, այնուամենայնիվ, խաղաղության շրջանները շատ ավելի տեւական էին, քան ռազմի տարիները։ Այդ կարեւոր հանգամանքը տարածաշրջանի ժողովուրդներին հնարավորություն էր տալիս վերականգնել իրենց ուժերը, զարգացնել սեփական երկրների տնտեսությունը եւ օգտվել միջազգային առեւտրի ընձեռած բարիքներից։ Խաղաղության առավելությունների գիտակցությունն ու բարգավաճման ձգտումը ժողովուրդների մոտ, համենայն դեպս, շատ ավելի ընդգծված էին, քան պատերազմելու ցանկությունը։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին գնահատվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների ու նույնիսկ ոչ այնքան ձեռնտու պայմանագրերի գնով։ Այսպես, օրինակ, Հովհաննես Երզնկացին այդ առթիվ գրում է. «Իշխանին պիտոյ (է)… զժամանակն ճանաչել պատերազմի եւ խաղաղութեան։ Զի թէ գիտէ թէ ոչ կարէ մարտնչել,… ապա… հրեշտակութիւն առաքեալ աղաչեսցէ ի խաղաղութիւն, է՛ զի եւ գանձս տացէ, զի վասն այնորիկ են գանձք, եւ ամենայնիւ հնարեսցի զփրկութիւն երկրի»[13]։ Իսկ հիշատակագիրներից մեկը, նկատի ունենալով Հայոց Հեթում Ա թագավորի կողմից մոնղոլների գերիշխանությունը ճանաչելու եւ դրա շնորհիվ իր երկրի անվտանգությունն ապահովելու փաստը, գոհունակությամբ արձանագրում է. «Արդ ի սոյն այս բազմավրդով ժամանակի, ի ձեռն վերոյ նշանակեալ թագաւորին Հեթմոյ խորագէտ իմաստութեան եւ նախահոգակ հանճարեղութեան, մեք մնամք ի խաղաղութեան՝ որպէս կղզի ինչ ի յալեաց մնացեալ յանդորր»[14]։ Այս առումով ավելի միանշանակ է Արիստակես Լաստիվերտցու հետեւյալ միտքը. «Թագաւորաց օրէն է աշխարհի խաղաղութիւն եւ շինութիւն հոգալ»[15]։

Սակայն արտաքին գործոններից առավել, փոքր պետությունների կենսունակության հիմնական ակունքը պետք է համարել նրանց ներքին կայունությունը, ժողովրդագրական եւ դավանական միատարրությունը, պետական համակարգի ամրությունը, բարձր մշակույթ ստեղծելու կարողությունը, ինչպես նաեւ միջնադարին անհարիր թվացող այնպիսի վերացական գաղափարի առկայությունը, որպիսին ազգային գիտակցությունն էր։ Ըստ այդմ, առ ի չգոյե այլ միջոցների, հետազոտողների համար միեւնույն պայմաններում գոյակցած պետությունների կենսունակության չափանիշ է ծառայում նրանց երկարակեցությունը[16]։ Այս չափանիշով գնահատելիս, ստացվում է, որ XI–XV դարերում Մերձավոր Արեւելքի քաղաքական համակարգը կազմող քրիստոնյա թե մահմեդական պետությունների շարքում ամենակենսունակներից մեկը Կիլիկյան Հայաստանն էր, որի կյանքը տեւեց շուրջ 300 տարի՝ ավելի, քան նույնիսկ Մամլյուքյան Եգիպտոսի, Ռումի սուլթանության կամ Կիպրոսի թագավորության տեւողությունը[17]։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930