Լրահոս
Օրվա լրահոսը

««Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի մասին Բաքվում Էրդողանի արած հայտարարությունն ավելի շատ պետք է անհանգստացնի Իրանի եւ Հայաստանի իշխանություններին». Սահակ Շահմուրադյան

Հունիս 19,2023 13:00

Իրանի եւ Հայաստանի անվտանգային շահերը համընկնում են, եւ երկու երկրները պետք է թուրք-ադրբեջանական ճնշումները չեզոքացնելու նպատակով ձեւակերպեն համատեղ եւ ինքնուրույն անվտանգային քաղաքականություն։

«Առավոտի» զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

-Պարոն Շահմուրադյան, Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է. «Զանգեզուրի միջանցքի խնդիրը կապված է Իրանի հետ, այս հարցում Իրանի նման դիրքորոշումը ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ մեզ տխրեցնում է»։ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում, եւ ինչո՞ւ են մտահոգված Թուրքիան ու Ադրբեջանը։

– Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանի գեոէկոնոմիկ քաղաքականության ոլորտում զգալի շրջադարձ է նկատվում՝ դեպի Արեւելյան գերտերությունների ուղղվածության առումով։ Ինչպես հայտնի է, Իրանը փորձում է իր տնտեսաքաղաքական եւ կոմունիկացիոն համագործակցությունը մեծացնել Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ Արդեն հայտնի է, որ Ռուսաստանն ու Իրանը միջազգային պատժամիջոցների առումով բարդ իրավիճակում են հայտնվել, ինչը հանգեցրել է ԵԱՏՄ եւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների, ինչու չէ, նաեւ Հնդկաստանի հետ Իրանի համագործակցության զարգացմանը։ Եվ Իրանը հուսով է, որ ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ «ԲՌԻԿՍ»-ի անդամ երկրների հետ առեւտրի ազատականացումը կարող է նպաստել Իրանի տարածաշրջանային առեւտրային հարաբերությունների ընդլայնմանը:

Մյուս կողմից՝ տարածաշրջանում կա Թուրքիայի նման մի տերություն, որը մեծ հավակնություններ ունի նշյալ կազմակերպություններում եւ հատկապես թուրք-ռուսական դաշինքի եւ Կենտրոնական Ասիայի ու Եվրասիայի տարածաշրջաններում տնտեսաքաղաքական գերակա ուժ դառնալու նկրտումներ։ Ավելին, Թեհրանի ու Մոսկվայի, ինչպես նաեւ՝ Իրանի ու Չինաստանի միջեւ կնքված տնտեսական, տրանսպորտային, բանկային, ֆինանսական, նավագնացության, անվտանգության, գիտական եւ զենքի գնման ու արդյունաբերական բազմակողմանի համագործակցության համաձայնագրով Իրանը կդառնա ապրանքների, հացահատիկի, էներգակիրների եւ ծովային ու ցամաքային ճանապարհների տարանցիկ հանգույց։ Իսկ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի ավարտը կարեւոր դեր կխաղա այս հարցում երեք տերությունների համագործակցության մեջ։

Անկասկած, Հյուսիս-Հարավ միջանցքը, որը հետաքրքրության կենտրոնում էր դեռեւս Ուկրաինայում պատերազմի բռնկման եւ Սեւ ծովում ռուսական նավահանգիստներում արեւմտյան շրջափակումների հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով, ավելի կարեւոր է դարձել էներգետիկ ճգնաժամի եւ ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջացած հացահատիկի ու էներգակիրների տարանցման ճգնաժամի պատճառով: Ռուսաստանը փորձում է ամեն գնով իր ապրանքները տարբեր ուղղություններով հասանելի դարձնել միջազգային հետաքրքրվող եւ ռուսական հումքը, նավթ ու գազը, զենքը եւ հացահատիկը գնող շուկաներին։ Իրանը նույնպես մի փոքր տարբերություններով նույն իրավիճակում է հայտնվել, ուստի Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհը հետաքրքրում է թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, սակայն դրա կարեւորության աստիճանը եւ չափորոշիչները մի փոքր տարբերվում են միմյանցից։ Իրանին հետաքրքրում է Հայաստանի եւ Ադրբեջանի կոմունիկացիոն արգելափակումների վերացմամբ եւ Կովկասյան տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատվելով՝ օգտագործել բոլոր կոմունիկացիոն հնարավորությունները՝ դեպի ԵԱՏՄ, Միջին Ասիայի տարածաշրջան, ԵՄ, Ռուսաստան եւ Սեւ ծով՝ իր էներգակիրներն ու ապրանքները արտահանելու համար։ Այստեղ Հայաստանի եւ Իրանի շահերը համընկնում են, բայց որոշ առումով հատում են մյուս դերակատար տերությունների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը։ Անկարան եւ Ռուսաստանը Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք, այսպես ասած, միջանցքների մասին ունեն իրենց հատուկ եւ ինքնուրույն ընկալումը։ Այդ պետությունները Եվրասիական եւ Կովկասյան տարածաշրջաններում հետամուտ են լոկ իրենց տնտեսաքաղաքական եւ անվտանգային միակողմանի շահերի ապահովմամբ։ Սակայն կա մի այլ տարբերակ եւ մրցակցային գործոն՝ հատկապես Կովկասյան տարածաշրջանում, եւ դա «Զանգեզուրի» կեղծ միջանցքի տարբերակն է, որի թեզը առաջ է քաշվում նախ Թուրքիայի, ապա նրա վաղեմի բարեկամ Ռուսաստանի կողմից։ Այստեղ մեծ դերակատարություն ունի հատկապես Ռուսաստանը, որը ցանկանում է Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցքների նախագիծը իրականացնել՝ իր շահերից ելնելու պլաններով։ Ռուսաստանն իր պլանները նախագծել է՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհ բացել դեպի Իրան, Պարսից ծոց, Հնդկաստան, իսկ Արեւելք-Արեւմուտք տարանցիկ ճանապարհը եւ Մերձկասպյան տարածաշրջանը Միջին Ասիային ու Չինաստանին միացնող ճանապարհը դարձյալ անցնելու է Ադրբեջանի, Հայաստանի տարածքով՝ Սյունիքի մարզից դեպի Թուրքիա։ Վերջին պարագայում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են միմյանց հետ, բայց ոչ՝ Իրանի։ Ահա այստեղ է, որ կարելի է հասկանալ Էրդողանի վերջին հայտարարության իմաստը եւ բովանդակությունը, այն է, որ Թուրքիան փորձում է ամեն գնով, իր շահերը համապատասխանեցնելով Ռուսաստանի շահերի հետ եւ ընդդիմանալով իր մրցակից ուժ Իրանին, իրականացնել «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի պլանը՝ մի կողմ թողնելով Իրանի եւ Հայաստանի շահերը։ Այսպիսով փորձում է առավելություններ ձեռք բերել Կովկասյան եւ Միջին Ասիայի տարածաշրջաններում։ Իմ կարծիքով՝ «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի մասին Բաքվում Էրդողանի արած հայտարարությունն ավելի շատ պետք է անհանգստացնի Իրանի եւ Հայաստանի իշխանություններին, քան՝ Ադրբեջանի, քանի որ Ադրբեջանն այս հարցում կանգնած է Թուրքիայի եւ Իսրայելի կողքին եւ ակնհայտորեն ընդդիմանում է Իրանին։

-Շատ է խոսվում, որ Հայաստանն Իրանի հետ քաղաքական, անվտանգային դաշինք պետք է ձեւավորի։ Ի՞նչ հնարավորություն կա այս ուղղությամբ։

-Ներկա պահին, ըստ իս, ոչ մի հնարավորություն չկա։ Նախ, Հայաստանն անդամակցում է ռուսական ամենատարբեր ռազմաքաղաքական, տնտեսական, անվտանգային, ֆինանսական եւ շատ ու շատ սահմանափակումներ ստեղծող պայմանագրերի ու դաշինքների, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն։ Մինչդեռ Իրանն այս կազմակերպությունների անդամ չէ եւ անկախ քաղաքականություն է վարում թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային ասպարեզներում։ Մյուս կողմից՝ Իրանը պատրաստ չէ ո՛չ Հայաստանի եւ ոչ էլ Ադրբեջանի, նույնիսկ ցանկացած այլ պետության հետ անվտանգային, տնտեսական ու քաղաքական պարտավորեցնող դաշինք ձեւավորել։ Իրանի սահմանդրության մեջ հստակ նշված է, որ Իրանն անկախ քաղաքականություն է վարում գլոբալ առումով, սակայն պատրաստ է համագործակցել աշխարհի բոլոր բարեկամ եւ իր անվտանգությանը չսպառնացող երկրների հետ։ Իսկ մյուս կողմից՝ Հայաստանը նույնպես չունի հստակ քաղաքականություն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ, քանի որ պարզ է՝ ունի սահմանափակումներ, եւ գերտերությունների կողմից ճնշում է գործադրվում Երեւանի վրա՝ ավելի զուսպ լինել Իրանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններում, չնայած Իրանի կողմից նման սահմանափակում չկա Հայաստանի հետ համագործակցություններն ընդլայնելու առումով։

Ավելին, վերջերս Իրանի կողմից նկատելի են Ադրբեջանի հետ լարված հարաբերությունները մեղմելու ցանկության նոր դրսեւորումներ։ Օրերս Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ լարվածությունը մեղմելու նպատակով բանակցություններ են անցկացվել։ Բանակցությունների վերջին փուլում հարաբերությունները կարգավորելու շուրջ որոշ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկու երկրների միջեւ տեխնիկական եւ մասնագիտացված պատվիրակությունների փոխանակումը կողմերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության մի մասն է։

Քանանին հավելել է. «Այժմ բանակցում ենք՝ լարվածության փուլից նոր փուլ անցնելու եւ Ադրբեջանի գործունեությունն Իրանում վերսկսելու համար»։ Սա նշանակում է, որ Իրանը փորձում է Ռուսաստանի շահերը եւս նկատի առնելով՝ Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի նախագծի իրականացման նպատակով համագործակցել Ադրբեջանի հետ եւ իր տնտեսական եւ անվտանգային շահերից ելնելով՝ քաղաքական լարվածությունը մեղմել Ադրբեջանի հետ, անցնել տնտեսական ու տրանսպորտային համագործակցության քաղաքականության փուլին։

-Որքանո՞վ է Իրանի գործոնն այսօր զսպում Ադրբեջանին ու Թուրքիային։ Մյուս կողմից էլ, պարզ է, որ Իրանն իր շահերն ունի, Հայաստանի քայլերը որո՞նք պետք է լինեն՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական ճնշումներին։

-Իրանը եւ Ռուսաստանը երկկողմ ռազմավարական շահեր ունեն տարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական եւ անվտանգության հարաբերություններում, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային եւ միջազգային հարցերում, ինչպիսին է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի միջամտողական քաղաքականության դեմ պայքարը։ Եվ սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական պատճառներից է եղել։ Սակայն Իրանը եւ Ռուսաստանն ունեն իրենց տարածաշրջանային ինքնուրույն քաղաքականությունը։ Իրանը Հարավային Կովկասի տարածաշրջանում չունի հարմար ազդեցության պայմաններ եւ գործոններ, դա գոնե Հայաստանի պարագային ակնհայտ է, եւ Իրանը նոր է մուտք գործել ավանդաբար Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը համարվող Հայաստանի քաղաքական դաշտ, ուստի շատ վերապահումներով է վերաբերվում Հարավային Կովկասի տարածաշրջանի երկու հակառակորդ երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային եւ սահմանային, ինչու չէ, նաեւ տնտեսական ու աշխարհաքաղաքական հակամարտության կարգավորման հարցերին։ Նույն մոտեցումը նաեւ ունի Հայաստանը Իրանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ Իրանը տարածաշրջանային եւ ներքին անվտանգության ապահովման ոլորտներում ունի իր մտահոգությունները, սկսած ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Արեւմտյան երկրների հետ որոշակի անվտանգային հակամարտություններից, մինչեւ տարածաշրջանային մրցակից երկրների կողմից, ինչպես օրինակ, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի կողմից միջամտությունները Իրանի ներքին հարցերին։ Իրանը միջազգային եւ տարածաշրջանային ուժերի կողմից բազմակողմանի քաղաքատնտեսական եւ ռազմական սպառնալիքների ճնշման տակ է հայտնվել, որին ավելացել են Իսրայելի կողմից հրահրվող Ադրբեջանի հոխորտանքները։ Իրանը գիտակցում է, որ Իսրայելը Ադրբեջանի միջոցով փորձում է Իրանին գցել ծուղակի մեջ եւ սեղմել Իրանի շուրջ ստեղծված ճնշման օղակը։ Այստեղ Իրանի եւ Հայաստանի անվտանգային շահերն համընկնում են, եւ երկու երկրները պետք է թուրք-ադրբեջանական ճնշումները չեզոքացնելու նպատակով ձեւակերպեն համատեղ եւ ինքնուրույն անվտանգային քաղաքականություն։ Իրանն Ադրբեջանում ունի այդ երկրի հակաիսլամական եւ հակաիրանական ճնշման լծակներ եւ քարոզչական ու հիբրիդային պատերազմի դաշտում նշանակալի առավելություններ, որից պետք է օգտվի նաեւ Հայաստանը։

Հայաստանը պետք է շարունակի իր տնտեսական, մշակութային եւ քաղաքական հարաբերությունների օրավուր խորացումն Իրանի հետ եւ քարոզչական, տեղեկատվական ու ԶԼՄ-ների համագործակցության դաշտում ընդլայնի Իրանի հետ բազմակողմանի եւ սերտ համագործակցությունը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930