Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չեմ զղջացել, որ չկարողացանք տեղափոխվել Գերմանիա»

Հունիս 19,2023 12:00

Հարցազրույց Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Օլեգ Վիդեմանի հետ

– Օլեգ Ալեքսանդրովիչ, մենք ձեզ մտաբերեցինք տարիներ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգից…

– Դա 2021-ին էր, մաեստրո Թոփչյանի հրավերով եւ իմ առաջին այցն էր ձեր երկիր։ Մեկ-երկու հրավիրյալ երգիչներ էլ կային, մի խոսքով՝ եւ հիանալի կազմ էր, եւ միանշանակ բարձրարվեստ երեկո։ Հետաքրքիր վայրեր այցելեցի՝ Էջմիածին, Փարաջանովի տուն-թանգարան… Անչափ տպավորված էի։ Այս անգամ հրավերը ստացել եմ իմ ընկեր, հիանալի անձնավորություն, դիրիժոր Կարեն Դուրգարյանից, որի հետ առաջին ծանոթությունս Նովոսիբիրսկի օպերային թատրոնում էր։ Երեւանում առաջին անգամ բեմ բարձրացա ձեր օպերային թատրոնում՝ Վերդիի «Աիդա» օպերայում, Ռադամեսի դերերգով։ Ինչպես առաջին այցիս, այնպես էլ այս անգամ, հիացած եմ ձեր երկրով, հյուրընկալությամբ։ Թատրոնում կոլեգաներիցս մեկ-երկուսին ճանաչում էի, որոնց հետ հանդես եմ եկել Մարիինյանում…

– Մարիինյան թատրոնում ձեր առաջին բեմելը նույնպես եղել է Ռադամեսը։ Արտասահմանյան մամուլը գրում է, որ դա ձեր այցեքարտն է։

– Այո, դա 2001-ին էր եւ այդ դերերգով արդեն շատ եմ շրջել տարբեր թատրոններում, այդ թվում՝ «Բոլշոյում», «Լա Սկալայում», Նեապոլի, Հռոմի, Մադրիդի, Բուենոս-Այրեսի, Փարիզի եւ այլ թատրոններում։

– Օպերային երգչի ձեր կարիերան սկսել եք Ալմաթիի Աբայի անվան օպերայի եւ բալետի թատրոնում՝ 1990-ականների սկզբներին… Հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս պատահեց, որ ազգությամբ գերմանացի երգիչը կարիերան սկսեց Ղազախստանում, վերջին տարիներին էլ ապրում եւ ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում։

– Այո, ազգությամբ գերմանացի եմ, ծնվել եմ Ալմաթիում։ Պապս՝ Իվան Վիդեմանը, ապրում էր Սարատովի մոտ գտնվող գերմանական փոքրիկ բնակավայրում։ Սա աքսորյալ գերմանացիների տխուր պատմություն է. Վիդեմանների ընտանիքը անցավ այդ սարսափելի ժամանակների բոլոր դժվարությունների միջով, փրկվելով միայն այն պատահանության շնորհիվ, որ նրանց տեղահանեցին Ղազախստան, այլ ոչ թե Սիբիր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Ալմաթիի ֆիզկուլտ ինստիտուտ՝ ծանրամարտի ֆակուլտետ։ Առաջին կուրսից հետո զորակոչվել եմ բանակ, ծառայությունից հետո վերականգնվեցի ինստիտուտում։ Միեւնույն ժամանակ վոկալի դասեր առա ճանաչված մասնագետ Վլադիմիր Եգորովից։ 1989-94թթ. հանդիսացել եմ տեղի Սպայի տան օպերային ստուդիայի մեներգիչ, իսկ արդեն 1994-98թթ.՝ Ալմաթիի թատրոնի մեներգիչ էի։ Դրանից հետո համալրեցի Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչների խումբը, միաժամանակ դասեր առնելով հանրահայտ սոպրանո, Գլինկայի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զինաիդա Դիդենկոյի դասարանում։ Ընդ որում, Նովոսիբիրսկի թատրոնում ոչ երկարատեւ գործունեությանս ընթացքում հանդես եմ եկել ավելի քան 20 գլխավոր դերերգերով…

– Ձեր այդ ոչ երկարատեւ գործունեության ընթացքում էլ երեք անգամ ներկայացվել եք հեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության՝ «Լավագույն կատարող» անվանակարգում…

– Առաջին անգամ 2003-ին էր, «Կարմեն» օպերայում Խոզեի դերերգի համար, հետո 2005-ին՝ Ռադամեսի համար, իսկ 2007-ին՝ «Մցենսկի շրջանի լեդի Մակբեթ» օպերայում Սերգեյի դերերգի համար։ Ի դեպ, այս օպերան տարբեր թատրոններում ղեկավարել է ինքը՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը։

– Վերադառնանք էթնիկ գերմանացի լինելու փաստին։ Ի՞նչ է ձեզ համար գերմանական ինքնությունը եւ արդյոք գերմանական մշակույթ եք սերմանում ձեր երեխաներին։

– Հպարտ եմ, որ գերմանացի եմ, երեխաներս՝ նույնպես։ Ինքնությունն ինձ համար չի նշանակում ամենուր բղավել իմ ազգային պատկանելության մասին եւ ինչ-որ կերպ օգտագործել այն։ Շատ ավելի կարեւոր է կյանքում ինչ-որ բանի հասնելը, հնարավորության դեպքում՝ մասնագիտությամբ աչքի ընկնելով, դրանով իսկ փառաբանելով ազգդ։ Ազգային ինքնության կարեւոր բաղադրիչն իմ կարծիքով՝ մայրենի լեզվի իմացությունն է։ Գերմանական մշակույթն ինձ համար առանձին թեմա է։ Մշտապես փորձել եմ շփվել Գերմանիայում ապրող գերմանացիների հետ։ Իմ գերմանացի ընկերներից սովորել եմ վարքագծի կանոններ։ Կարծում եմ՝ ամեն ինչ հասկանալի է, մանրամասնելու կարիք չկա։

Օլեգ Վիդեմանը՝ Երեւանյան «Աիդա»-ում:

– Ղազախստանի գերմանացիներն այսօր սփռված են աշխարհով մեկ, շատերը գաղթել են 1990-ականներին։ Ձեր ընտանիքը ցանկություն չի՞ ունեցել։

– Խորհրդային Միության փլուզումից հետո մեծ ցանկություն ենք ունեցել Գերմանիա վերադառնալ, ավելին՝ մեծ ջանքեր ենք գործադրել դրա համար։ Պատրաստել էինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հանձնել լեզվի իմացության թեսթ, բայց այդպես էլ ոչինչ չստացվեց։ Ըստ երեւույթին դա էլ մեր ճակատագիրն է։ Դրանից հետո բազմիցս եղել եմ Գերմանիայում, բայց երբեք չեմ զղջացել, որ չկարողացանք տեղափոխվել այդ երկիր։ Մյուս կողմից էլ՝ չգիտեմ, թե այնտեղ ինչպես կդասավորվեր իմ կյանքը, կդառնայի՞ երգիչ…

– Այսօր աշխարհը կարծես շուռ է եկել՝ պատերազմներ, զոհեր… Դա չի՞ խանգարում ստեղծագործելուն։

– Երաժշտությունը հեռու է ամեն տեսակի քաղաքականությունից։ Ի վերջո, յուրաքանչյուրն ունի իր քաղաքական մոտեցումները։ Անձամբ ինքս մեր նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցն եմ։ Պետք է բոլորս հարգենք միմյանց, ապրենք, ստեղծագործենք հասկացվածության մթնոլորտում։ Ի վերջո, հաղթելու է խաղաղությունը եւ, վստահ եմ, ապրելու ենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930