Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան. Հայաստանի համար անհնար է հասնել խաղաղության՝ առանց Արցախի. Azg.am

Հունիս 18,2023 23:37

Azg.am-ի զրուցակիցն է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

-Պարո՛ն Վարդանյան, Դուք, ի թիվս այլ նախաձեռնությունների, աջակցություն էիք հայտնել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությանը։ Արդյոք սա նշանակում է, որ Արցախի փրկությունը դեռ տեսնում եք Հայաստանից։ Հավատո՞ւմ եք, որ ստեղծված իրավիճակից ելքեր կան։

-Արցախն ու Հայաստանը սիամական երկվորյակներ են: Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը: Մոլորություն են այն պատկերացումները, որ Արցախը հանձնելով՝ Հայաստանը խաղաղություն է ձեռք բերելու:

Ես համոզված եմ, որ Արցախի հարցի լուծումն առանց Հայաստանի հնարավոր չէ, և Հայաստանի համար անհնար է հասնել խաղաղության՝ առանց Արցախի:

Այո՛, հավատում եմ և համոզված եմ, որ իրավիճակից ելք կա: Բայց յուրաքանչյուր ելք լուրջ, ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում է պահանջում: Համախմբվելով՝ մենք պետք է ցույց տանք մեր ուժը, որպեսզի Հայաստանի գործող իշխանությունները հասկանան, որ Արցախի հարցը ողջ հայության հարցն է, և իրենք իրավասու չեն Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել:

-Հայաստանից ի՞նչ ազդակներ են հասնում Արցախ, քաղաքական շրջանակները և շարքային արցախցին «Հայաքվեի» հետ հույսեր կապո՞ւմ են։

-Իհարկե, դրական արձագանք է ստանում այդ բնույթի յուրաքանչյուր նախաձեռնություն, որը ցույց է տալիս, որ մարդիկ համաձայն չեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների հետ, և որը ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովուրդն անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ: «Հայաքվեն» հենց դրա մասին է, և դա շատ ողջունելի է:

Գիտեք, որ վերջերս ստեղծվեց նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, որի նպատակն է Արցախը ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական պահելու գաղափարի շուրջ Արցախի ու ողջ հայության համախմբումը: Մենք ունենք ձևավորված տեսլական, ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի ողջ հայությունը առավելագույնս ներգրավվի Արցախի հարցում, որ Արցախի հարցը համարի ոչ թե զուտ Արցախում բնակվողների խնդիրը, այլ իր ինքնության, իր ազգային արժանապատվության պահպանության հարցը:

-Պարո՛ն Վարդանյան, Արցախում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ է, և թշնամին հենց այդպիսի պառակտման էլ սպասում է։ Ձեր պաշտոնանկությունից հետո ինչ-որ մեկն Արցախում «սարեր շրջե՞ց», Արցախը փրկելու համար դիվանագիտական ծրագիր մշակե՞ց, թե պարզապես ուզում էին Ձեզնից ազատվել։

-Հակառակորդն, իհարկե, աշխատում է տարբեր ուղղություններով՝ փորձելով թե՛ ճնշումներ գործադրել ու ահաբեկել, թե՛ ապատեղեկատվություն տարածել և պառակտում սերմանել: Մենք պարզապես դրանց դիմակայելու մեր սեփական քայլերը պիտի ունենանք, իսկ ամենակարևորը համախմբումն է, մեկ ճակատով ու որպես մեկ բռունցք հանդես գալը:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա չէի ցանկանա այն մեկնաբանել:

-Ներկա շրջափուլում Արցախում ավելի շատ ռուսամե՞տ, թե արևմտամետ հայացքներ են իշխում։ Պատկերացնո՞ւմ եք Արցախն առանց ռուս խաղաղապահների։

-Արցախը հիմա գոյության պայքար է մղում, և նման իրավիճակում, կարծում եմ, նման հարցադրումը տեղին չէ: Արցախի բնակչության անվտանգությունը հիմա ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը, և նրանց ներկայությունն այստեղ չափազանց կարևոր է: Այս իրողություններում ցանկացած հակառուսական քարոզչության, խաղաղապահների դերին վերաբերող շահարկում չի բխում Արցախի շահերից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930