Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենա և 11 միլիոն դրամ նվիրատվություն․ Տիգրան Ավինյանի տարեկան հայտարարագիրը․ Hetq.am

Հունիս 18,2023 23:17

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը 2022 թվականի ընթացքում իր հորից՝ Արմեն Ավինյանից որպես նվիրատվություն ստացել է Volkswagen մակնիշի ավտոմեքենա և 11 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Ավինյանի 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։

Բնամթերք-ավտոմեքենան

Տիգրան Ավինյանի հայտարարագրի տրանսպորտային միջոցների բաժնում նշված է, որ նա 2022 թվականի ընթացքում վաճառել է իրեն պատկանող Honda մակնիշի ավտոմեքենան (2014թ․ արտադրության)։ 2022թ․ մայիսին Տիգրան Ավինյանը իր հորից՝ Արմեն Ավինյանից, նվիրատվություն է ստացել 2021թ․ արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա։ Ավինյանի եկամուտներում նաև մեկ այլ նվիրատվություն է նշված՝ կրկին իր հորից, 11 միլիոն դրամի չափով։

Այստեղ հետաքրքրականն այն է, որ նույն եկամուտների բաժնում Ավինյանը հայտարարագրել է 19 մլն դրամ նվիրատվություն իր հորից՝ որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։ Թե ինչ բնամթերքի մասին է խոսքը, պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Տիգրան Ավինյանին։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ 19 միլիոն դրամը նույն Volkswagen-ի գինն է, որը նվեր է ստացել հորից, և որն ըստ Ավինյանի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցներով եկամուտների բաժնում նշվում է որպես բնամթերային եկամուտ։ Ավինյանը նշեց, որ մեքենան Volkswagen iD.4 է, որը ձեռք են բերել ավտոսրահից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը «Հետքին» պարզաբանեց, որ եթե պաշտոնատար անձը տարվա ընթացքում ոչ դրամական նվիրատվություն է ստանում, ապա դա եկամուտների մեջ նշվում է որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։

Տիգրան Ավինյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հոր մյուս նվիրատվությանը՝ 11 միլիոն դրամին՝ ասելով, թե դա պաշտպանված ինֆորմացիա է, և չի ցանկանում մեկնաբանել ընտանեկան հարցերը։

Աշխատավարձերն ու կրիպտոբիզնեսը

Եկամուտների բաժնում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից՝ 3 մլն 704 հազար դրամի չափով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից՝ 5 մլն 212 հազար դրամի չափով, ինչպես նաև 13 մլն 195 հազար դրամ՝ «Հայբիզնեսբանկից»։

«Հայբիզնեսբանկի» և Զանգեզուրի կոմբինատի դեպքում դրանք եղել են իմ աշխատավարձերը՝ որպես այդ կազմակերպությունների խորհրդի անդամ»,- նշեց Ավինյանը։

Ծախսերի հատվածում Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 11 մլն 995 հազար դրամ։ Հարցին, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը, Ավինյանը նշեց, որ դա ավելի շատ ոչ թե ծախս է, այլ՝ ներդրում, և ինքն այդ գումարով գնել է բիթքոյնի կրիպտոմայներներ։ Միևնույն ժամանակ Ավինյանն իր եկամուտներում հայտարարագրել է 5 մլն 412 հազար դրամ, որի եկամուտ վճարող կազմակերության դաշտում նշված է Poolin: Սա կրիպտոմայնիգնի ամենամեծ հարթակներից է։ Ավինյանն իր այս եկամուտը բացատրեց որպես իր գնած մայներներից ստացված եկամուտ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930