Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Պետրակով․ «Իմ դեմքին ժպիտ կերեւա, երբ իմ երկրում պատերազմ չլինի, իսկ վաղը կաշխատենք չտխրեցնել ֆուտբոլասերներին»

Հունիս 18,2023 21:34

Հունիսի 19-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի «D» խմբի ետնապահ Լատվիայի ընտրանուն, որն անցկացրել է երկու խաղ, կրել երկու պարտություն եւ զրո միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Այսօր կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը։

Պատասխանելով Aravot.am-ի հարցերին, թե իրեն հաջողվե՞լ է Ուելսի նկատմամբ հաղթանակից հետո ֆուտբոլիստներին վերադարձնել մարզումային մթնոլորտ, վաղվա հանդիպմանը հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություններ նախատեսո՞ւմ է եւ նրա դենքին ե՞րբ ժպիտ կտեսնենք, Ալեքսանդր Պատրակովը պատասխանել սկսեց վերջին հարցից։ «Իմ դեմքին ժպիտ կլինի այն ժամանակ, երբ իմ երկրում պատերազմն ավարտվի։ Հաջողվե՞լ է թիմին տրամադրել առաջիկա խաղին, այս։ Մենք շատ ենք խոսում, ես զրուցում եմ տղաների հետ։ Նախկին խաղերի մասին ինձ ասել են, որ հայ ֆուտբոլիստները նորմալ մեկ խաղ կարող են խաղալ, երկրորդին հավաքվել չեն կարողանում։ Մեծ ռոտացիա ես այս պահին անել չեմ կարող։ Ես տեսնում եմ, որ տղաներն ուշադիր լսում են մարզչին, ինչը շատ կարեւոր եւ հաճելի է։ Այնպես որ, վաղը կտեսնենք, թե իմ ասածները որքանով են տեղ հասել»,-ասաց նա։

Բնութագրելով վաղվա մրցակցին՝ Ալեքսանդր Պետրակովը նշեց, որ Լատվիայի հավաքականը շատ լավ, հավասարակշռված, կարգապահ թիմ է։ «Ես վաղուց Լատվիայի այսպիսի հավաքական եւ մարզչի այսպիսի լավ աշխատանք չէի տեսել։ Այնպես որ, վաղը շատ ծանր խաղ է լինելու։ Ես այս մասին նախապես ասում եմ իմ տղաներին։ Իսկ նրանց միավորների բացակայության մասով համարում եմ, որ նրանք արժանի չէին պարտվել Թուրքիային։ Ձեւակերպենք այսպես, չստացվեց։ Ինչպես ուելսցիները, Լատվիայի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները շատ բարձրահասակ են, ֆիզիկապես ամուր։ Լատվիայի հավաքականում ֆուտբոլային աստղեր չկան, սակայն թիմը պինդ է։

Խոսելով վաղը  լեփ-լեցուն տրիբունաներից ֆուտբոլասերների ակնկալվող աջակցության մասին՝ գլխավոր մարզիչն ասաց․ «Կարդիֆում էլ լրագրողները նման հարց տվեցին, թե չե՞նք վախենում 33 հազար հանդիսականի՝ իրենց թիմին աջակցելուց։ Ես պատասխանեցի՝ ոչ, տղաները պատրաստ են դրան։ Իսկ ընդհանրապես, երբ ֆուտբոլիստը մտնում է խաղադաշտ եւ ստադիոնը լեփ-լեցուն է, ավելի մեծ պատասխանատվությամբ է խաղում, քան դատարկ տրիբունաների պայմաններում։ Ու այդ ֆուտբոլն էլ այն չի լինում։ Այնպես որ, մենք կաշխատենք վաղը ֆուտբոլասերներին չտխրեցնել։ Կարող եմ հարյուր տոկոսով խոստանալ, որ ֆուտբոլիստները խաղադաշտում կներդրվեն ամբողջությամբ։

Գլխավոր մարզիչը նաեւ տեղեկացրեց, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Ուելսի հետ հանդիպումից առաջ խնդիրներ է ունեցել «Բոկա Խունիորսում», որովհետեւ իր ակումբի մարզիչը չէր ցանկացել, որ նա ժամաներ ազգային հավաքական, սակայն Նորբերտոն պնդել է գալու վրա եւ միացել է հավաքականին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930