Լոռու մարզկենտրոն Վանաձորում ներկայումս մեծ թափով ընթացքի մեջ են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները․ բացառապես պետբյուջեի միջոցներով՝ ՏԿԵ նախարարության պատվիրակմամբ, 4 փողոցներում, եւս 4-ում՝ պետություն համայնք սուբվենցիոն միջոցներով: Նշված փողոցների եզրաքարերի կառուցման աշխատանքները 90 տոկոսով ավարտված են, ընթացքի մեջ են մայթերի ասֆալտապատման աշխատանքները:
Վանաձորի համայնքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասում է՝ աշխատանքներն իրականացվում են հատված-հատված, որպեսզի հնարավորինս քիչ փողոցներ փակվեն, հետո արդեն կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Աշխատանքների ավարտն, ըստ բաժնի պետի, նախատեսվում է հոկտեմբերի վերջ:
Դիտարկմանը, որ աշխատանքները դանդաղ ու ոչ համակարգված են ընթանում, Սուրեն Աբովյանը համաձայն չէ. «Դանդաղության մասին խոսք չկա, միայն Դեմիրճյան փողոցում գրեթե 10 կմ եզրաքար է փոխվում, եթե այդ թիվը համադրենք աշխատանքների ծավալի հետ, նման կարծիք չէր լինի: Մեծածավալ աշխատանքներ են, ժամկետն էլ բնականաբար երկար է տեւում, քան փոսային նորոգումների ու փոքր ճանապարհների դեպքում: Աշխատանքների տեմպն ընդհանուր առմամբ նորմալ է, մեզ միայն անձրեւներն են խանգարում»:
Կարդացեք նաև
Բաժնի պետի փոխանցմամբ, սա դեռ ամենը չէ. միայն համայնքային բյուջեով նախատեսվում է հիմնանորոգում իրականացնել նաեւ եւս 3 փողոցներում. «Խնայողությունների հաշվին նախատեսում ենք եւս 1 փոքր փողոց հիմնանորոգել, հավանաբար դա կլինի կամ Մխիթար Գոշ, Կամ Հերացի փողոցը, ըստ նախահաշվի, արդեն կհստակեցվի, թե որը կարվի»:
«Վանաձորի համայնքապետարանը արդեն իսկ ՏԿԵՆ է ներկայացրել Սանկտ Պետերբուրգի փողոցի եւ Տիգրան Մեծ պողոտայի՝ հրապարակից մինչեւ Շիրակացի հատվածի հիմնանորոգման նախագիծը, որը 1 մլրդ դրամից ավելի է: Նախատեսում ենք այս փողոցները եւս ավարտել այս տարի: Բացի սրանից, ՏԿԵ նախարարությունը մրցույթ էր հայտարարել Երեւանյան խճուղի, Զորավար Անդրանիկ եւ Վարդանանց փողոցների հիմնանորոգման նախագծային աշխատանքների համար, պայմանագիրը կնքված է, ներկայումս նախագծային աշխատանքների փուլում են»,ասաց բաժնի պետը, նկատելով, որ վերը նշված փողոցներում ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկը կապված է մյուս փողոցներում աշխատանքների ընթացքի ու ավարտի հետ. «Չենք ուզում այնպես ստացվի, որ մյուսներում չավարտած նորերում սկսենք, այս դեպքում քաղաքի երթեւեկությունը կաթվածահար կլինի, կարծում եմ՝ մինչեւ գնման գործընթացները, արդեն իսկ նախորդ փողոցներում աշխատանքներն ավարտված կլինեն»:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ