Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական խայծը կուլ տված արցախցիները ականջներին օղ անեն, որ իրենք ընդառաջել են թշնամու հետ «ինտեգրման» խորամանկ փորձերին․ «Հայացք Երևանից»

Հունիս 18,2023 11:23

«Հայացք Երևանից» – Արցախը Հայաստանին կապող «միջանցքով» անցուդարձը կարճ տեւեց, հուսամ՝ ոմանց համար դաս կդառնա, որ խուսափեն այս կամ այն պատրվակի տակ Արցախից հեռանալուց։

Ովքեր Հայաստանում եւ այլուր հանգստանալ են ուզում՝ մոռանան անցած անհոգ օրերը, կարճ ասած՝ աշխարհի ամենալավ հանգստյան վայրը Արցախն է, որ մարդու մտքում լինի օրը գեղեցկացնել, այս դրախտավայրում բնության գողտրիկ անկյուն կգտնի։

Չեմ հիշում, որ ինքս ամռանը ինչ-որ տեղ մեկնած լինեմ, թե ինչ է՝ հանգստանում եմ, առայսօր ողջ եւ առողջ եմ, աչքս էլ ուրիշ դրախտավայրերի վրա չէ… Ուրախ եմ, որ ես մենակ չեմ, նույն կարգավիճակում ունենք հազարավորներ։

Ովքեր հնարավորություն ունեն Հայաստանում եւ այլուր բնակություն հաստատելու, բայց այլեւայլ պատրվակներով լքել կամ ուզում են լքել Արցախը, հիշեն, որ այս երկիրը նույնպես ներսից մաքրվելու կարիք ունի, բայց ափսոս, որ մեզ տեսանելի են դառնում, թե ումից է մաքրվում մեր հայրենիքը։

Մի քանի խոսք՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար այս վերջին օրերին Արցախից դուրս եկածներին։ Եթե ոմանք լուրջ պատճառ չեն ունեցել մեկնելու, բայց «օդափոխության» համար ադրբեջանական անցակետով գնալու նսեմացումն «ըմբոշխնել» են ու նորից պիտի գան, հնարավոր է՝ մի քանի ամիս չկարողանան վերադառնալ, իսկ այդ մասին նախքան գնալը պիտի մտածեին…

Ըստ պաշտոնական տվյալների՝ այսօր Հաակարի կամրջի մոտ ադրբեջանական առաջխաղացումը, նրանց կողմից հայկական տարածքում ադրբեջանական դրոշի տեղադրումը կասեցվել է մերոնց կողմից։ Փակ է «միջանցքը», դեպի Արցախ հումանիտար փոխադրումներ չկան, կանգնած է մարդկային «անցուդարձը»։

Ահա այսպես կարճ տեւեց թշնամու «մարդասիրությունը» արցախցիների հանդեպ, անգամ երեկ 29 բուժառուի ետ են վերադարձրել, ովքեր պիտի տեղափոխվեին Հայաստան «Կարմիր խաչի» միջնորդությամբ։

Այս վերջին օրերին ադրբեջանական խայծը կուլ տված արցախցիները ականջներին օղ անեն, որ իրենք ընդառաջել են թշնամու հետ «ինտեգրման» խորամանկ փորձերին` հարվածի տակ դնելով տասնյակ հազարավոր արցախցիների կյանքեր։

Ի գիտություն իշխանությունների՝ ես չէ, որ պիտի նրանց ինչ-որ խոսք ասեմ, երբ իրենք ամեն ինչ հասկանում են։ Մնում է ամեն իրադարձությունից հետո դասեր քաղել ու չհայտնվել թշնամու հյուսած սարդոստայնում:

 

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էլինա says:

    Մեկնաբանություն էի ուզում գրել, բայց ուշադրությունս գրավեցին մեկնաբանություն գրելու կանոնները։ Լավ կլիներ հոդվածների ընտրությանն էլ նույնքան լուրջ մոտենայիք և այսքան իրականությունից կտրված նյութեր չհրապարակեիք։ Ինչ խայծ՞, մարդիկ այդչափ ռոմանտիկ չեն, ինչպես հոդվածի հեղինակը և, հավանաբար, ավելի լավ են գիտակցում, որ Արցախ վերադառնալը չի խնդիր, այլ այնտեղ մարդավարի ապրելը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930