Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգին, որն առավել հայտնի է Երկաթուղայինների այգի անվամբ, գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Կոտրված նստարաններ, ժամանակին շահագործված սրճարաններ, որոնց մեծ մասից միայն մետաղե կարկասներն են մնացել, ջարդված աղբամաններ, աղբակույտեր, չխնամված կանաչ տարածք ու ոչ միայն:
Վերջին տարիներին կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով մարզկենտրոնի գրեթե բոլոր այգիներն ու զբոսայգիները հիմնանորոգվեցին ու ամբողջովին նոր տեսք ստացան: Սրան զուգահեռ, նաեւ նոր զբոսայգիներ կառուցվեցին, բայց Երկաթուղայինների այգին այդպես էլ մնաց անբարեկարգ: Քիչ թե շատ որոշակի բարեկարգման աշխատանքներ իրականացվել են մի քանի վարձակալների կողմից, մինչդեռ, ընդհանուր առմամբ, այգին շարունակում է անմխիթար մնալ: Չնայած որ միակ այգին է, որտեղ գործում են տարատեսակ կարուսելներ ու ատրակցիոններ:
Իսկ ինչ քայլեր են արվում համայնքապետարանի կողմից Երկաթուղայինների զբոսայգին եւս բարեկարգելու ուղղությամբ, ու արդյո՞ք այս ամռանը եւս վանաձորցիներն ու Վանաձոր այցելող հյուրերը ստիպված կլինեն «վայելել» նույն գորշությունը:
Կարդացեք նաև
Համայնքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այգու բարեկարգման հետ կապված ապագայի պլաններին՝ շեշտեց՝ Վանաձորում, ըստ էության, չհիմնանորոգված զբոսայգի միայն Հրանտ Մաթեւոսյանի անվան այգին է մնացել. «Այդտեղ իրավական առումով խնդիր ունենք, քանի որ այգին հատված առ հատված տրվել է վարձակալության տարբեր տնտեսվարողների, մինչեւ պայմանագրերը չխզվեն, տարածքն ամբողջությամբ չանցնի համայնքային տիրապետության, այդտեղ ներդրում անելը համայնքային ու պետական բյուջեից խնդիր է լինելու»: Բաժնի պետն ասում է՝ ներկայումս համայնքը իրավական գործընթաց է սկսել այս ուղղությամբ, ու եթե ամեն ինչ ըստ պլանավորածի արվի, այգու բարեկարգումը կներառվի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերում:
«Որոշ դեպքերում իրականացվել է վարձակալության իրավունքների վերավաճառք, մի մասի ժամկետն է լրացել, կան պայմանագրեր՝ մինչեւ 2030թ-ը կնքած, դրանց խզելու իրավական մեխանիզմներն ենք ուզում հասկանալ, որ հետո խնդիրներ չառաջանան»: Դիտարկմանը՝ արդյո՞ք պայմանագրում չկա կետ, որով վարձակալը պարտավորվում է բարեկարգել իր վարձակալած տարածքը, հակառակ դեպքում համայնքը իրավունք ունի խզել պայմանագիրը, ասաց. «Հենց դա է, որ պայմանագրում կան կետեր, որոնք ի օգուտ համայնքի չեն..․ իրավական գործընթացի մեջ ենք»: Աբովյանն ասում է՝ զբոսայգին շուրջ 2 տասնյակ վարձակալ ունի:
«Համայնքին մնացել են միայն այգու ճեմուղիները, որոնք պատրաստ ենք ասֆալտապատել, չնայած որ ճեմուղիների վիճակն այդքան էլ վատ չէ: Ընդհանուր այգին է պետք հիմնանորոգել՝ լանդշաֆտով, կանաչապատումով, ցանկապատ ու լուսավորություն ապահովել: Այգու 90-95 տոկոսը տրված է վարձակալության»,-հավելեց բաժնի պետը։
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ