Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ կոչեցյալին շտապեցնում են՝ ադրբեջանցի պատգամավորի խոսքը  դա է վկայում»

Հունիս 18,2023 10:20

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին:

-Պարոն Իշխանյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ այս փուլում Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց զինանշանի եւ օրհներգի թեման: Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի եւ ադրբեջանական կողմի թեզերը տառացիորեն համընկնում, օրինակ` Ադրբեջանի պառլամենտի անդամ Թուրալ Գյանջալիեւը նույնպես խոսում է ՀՀ զինանշանի փոփոխությունից:

– 2018թ․ ստի եւ կեղծիքի հեղափոխությամբ իշխանության գալով, այսօրվա վարչապետ կոչեցյալը, հետևողականորեն, առանց շտապելու, քայլ առ քայլ իրականացնում է մինչ այդ, խմբագիր և ընդդիմադիր  գործիչ եղած ժամանակ, իրեն առաջարկված և իր կողմից ընդունված ծրագիրը։ Այդ ծրագիրն իր բնույթով  աշխարհաքաղաքական է, հիմնական նպատակ ունենալով մեր տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, նրան փոխարինելով Թուրքիայով։ Այդ գլոբալ ծրագրի առաջին փուլն Արցախն Ադրբեջանին հանձնելն էր և ինչպես ինքը՝ վարչապետ կոչեցյալն անկեղծացավ՝ պատերազմով և զոհերով, որ իրեն դավաճան չհամարեն։ Բավական ծավալուն կլինի, եթե հերթականությամբ նշենք, իմ համոզմամբ այդ պայմանավորված պատերազմին  նախապատրաստվող փուլերը։ Ամեն դեպքում, որպես առաջին փուլ, նշեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը։

Ինչևէ, այդ նույն պայմանավորվածության շրջանակներում են նաեւ Արարատ լեռան, զինանշանի եւ օրհներգի թեմաները։

Հիշենք դեռևս 2019թ․ այսօրվա ԱԺ խոսնակի՝ օրհներգը փոխելու նախաձեռնության մասին։ Պարզ է, որ ոչ մի ՔՊ-ական ինքնուրույն որևէ նախաձեռնություն չի համարձակվի ցուցաբերել, առանց իրենց շեֆի հանձնարարության։ Եվ չնայած, որ այն ժամանակ իշխանության վարկանիշը շատ ավելի բարձր էր քան այսօր, ավելորդ դժգոհություններից խուսափելու համար,  վարչապետ կոչեցյալը ժամանակավորապես ետ կանգնեց այդ նախաձեռնությունից։ Եվ ինչո՞ւ հիմա։ Կարծում եմ, որ նրան շտապեցնում են, այդ է վկայում ադրբեջանցի պատգամավորի խոսքը։

Բնականաբար, վարչապետ կոչեցյալի Արարատ լեռան, օրհներգի և զինանշանի  մասին խոսքերին հետեւեցին բազմաթիվ մեկնաբանություններ եւ տեղին քննադատություններ։ Այդ ամենը բնավ չի հետաքրքրում վարչապետ կոչեցյալին, նա պատրաստվում է կատարել իր հերթական պարտավորությունը։

Ամեն դեպքում, ինքս էլ փորձեմ անդրադառնալ այդ հարցերին ոչ թե վարչապետ կոչեցյալին ինչ-որ բան համոզելու համար, որն անիմաստ է, այլ խոսքս ուղղում եմ ընթերցողին։ Ամեն պետության համար դրոշը, օրհներգը, զինանշանը, ոչ միայն պետական խորհրդանիշներ են, այլև հիշողություն, ավանդույթ, նաև՝ նպատակ։

Չեմ ցանկանում , այլ երկրներից օրինակներ բերել , նրանց պետական զինանշաններում առկա խորհրդանիշների մասին, այլ խոսենք մեր մասին։

Նախ` հիշենք, որ այսօրվա Հայոց պետականության համար պարտական ենք 1918թ․ Սարդարապատի հերոսամարտին։ Այդ ճակատամարտում, հայ զինվորը կռվում էր «Մեր Հայրենիք» երգելով։ Միքայել Նալբանդյանի այդ ստեղծագործությունը վճռական դեր է ունեցել, արթնացնելու հայ ժողովրդի արժանապատվությունը։ Հիշում եմ, խորհրդային տարիներին, ընկերներով հավաքվում ու նշում էինք մայիսի  28-ը և հուզմունքով երգում «Մեր Հայրենիքը»։ Պատահական չէր, դեռևս 2018թ․ վարչապետուհու խոսքերը․ «Նրանք զոհվում են հանուն ոչնչի» և նրա ամուսնու՝ օրհներգի այս խոսքերը փոխելու մասին «կարծիքը»․

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»

Ինչ վերաբերում է զինանշանին, ապա այն խորհրդանշում է հայոց դարավոր պետական , թագավորական տոհմերն ու Արարատ լեռը, որն էլ դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշը․

Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Եղիշե Չարենց

Եթե ամփոփենք, այս ամենն ինձ ևս մեկ անգամ հիշեցնում է Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տևում օրը» վեպը։ Նվաճող, վայրի ցեղի համար, ամենահավատարիմ ստրուկները, թշնամուց գերեվարված այն գերիներն էին, որոնց գլխին քաշելով ուղտի պարանոցի կաշի, կորցրել էին հիշողությունը։ Այդ ստրուկները կոչվում էին մանկուրտներ, որոնք պատրաստ էին սպանել հարազատ մորը։

Զարմանալիորեն, այսօրվա Հայաստանում  հայ ժողովրդին փորձում են դարձնել մանկուրտների ամբոխ՝ ոչ թե նրա թշնամիները, այլ նրանց պարտադրանքով, Հայաստանի վարչապետ կոչեցյալը։

– Անընդհատ մարդիկ են ձերբակալվում, որոնք ընդվզում են ռեժիմի դեմ, որոնք ազգային արժեքներ են կրում, սակայն նրանց ձերբակալությունները հասարակության շրջանում համապատասխան ռեզոնանս, արձագանք չեն առաջացնում: Որն է դրա պատճառը՝ անտարբերությո՞ւն, ապատիա՞, համակերպում: Ձեր կարծիքով, ի վերջո հանրային ընդվզում կլինի՞, կա՞ն մարդիկ, որոնք կարող են առաջնորդել ու համակարգել այդ ընդվզումը:

– Սա ամենացավոտ հարցն է։ Համոզված եմ, աշխարհում, որևէ այլ ժողովուրդ չի հանդուրժել եւ չի հանդուրժի, նման նվաստացուցիչ պարտությունից, հազարավոր զոհեր տալուց, հսկայական տարածքներ կորցնելուց հետո, այդ ամենի պատասխանատու իշխանությանը։

Մի պահ պատկերացրեք, որ 2020թ․ պատերազմում, մենք ոչ միայն չէինք պարտվում, այլև գրոհում և ետ էինք գրավում հայոց հինավուրց Գանձակ քաղաքը։ Հարց․ ի՞նչ կկատարվեր Ադրբեջանում։ Պատասխան․ ողջ ժողովուրդը, բոլոր քաղաքական ուժերը ոտքի կկանգնեին  եւ կվռնդեին ալիևների կլանը։ Եվ այնտեղ հարց չէր առաջանա ՝ «նախկիններ-ներկաներ», հակառակը՝ եթե օրինակ , բացակայեին մութալիբովականները, բոլորը կտարակուսեին․ «ո՞ւր են նրանք»։

Նույնիսկ պետականություն չունեցող գնչուական որևէ ցեղախումբ նման նվաստացումից հետո առնվազն կվռնդեր ցեղի առաջնորդին։ Եթե մի պահ  նույնիսկ մոռանանք այդ նվաստացուցիչ պարտության մասին, ապա միայն Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի, 15 զինվորների ողբերգական մահերից ամեն դեպքն առանձին վերցրած, բավական էր ցանկացած այլ երկրում, համազգային ընդվզման համար։

Իսկ մե՞նք․․․ Մի՞թե մենք վերջնականապես կորցրել ենք մեր ազգային արժանապատվությունը, դառել հարմարվող, նյութապաշտ, անսկզբունք, ինչպես բոլոր ՔՊ-ականները։ Այս իրավիճակը տեսնելով, հիշում եմ Մովսես Խորենացու «Ողբը», Րաֆֆու, Թումանյանի նկարագրած խեղճուկրակ ժողովուրդը։ Իհարկե, կան քաղաքական գործիչներ, առանձին նախաձեռնություններ, որոնք փորձում են դիմադրել և կասեցնել պետության անկումը, որոնց նկատմամբ էլ շինծու մեղադրանքներ են առաջադրվում։ Վստահաբար պնդում եմ, որ Անկախության շրջանում  երբեք այսքան քաղբանտարկյալներ,որքան ունեցանք 2018-2023թթ․, չենք ունեցել։ Ամեն դեպքում, համոզված եմ, որ անելանելի իրավիճակներ չեն լինում և հույս ունեմ, որ տարբեր նախաձեռնություններ , անհատներ շուտով կմիավորվեն և կփոխեն անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Ինքս, այդ պայմանով եմ անդամակցել «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբին։

Նորից անդրադառնանք Հայաստանի օրհներգին։ Օրհներգի նալբանդյանական բնօրինակ «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության մեջ ասվում է․

Մեր հայրենիք, թշուառ, անտէր,
Մեր թշնամուց ոտնակոխ,

Այսօր մենք հայտնվել ենք նույն Միքայել Նալբանդյանի նկարագրած իրավիճակում, այն տարբերությամբ, որ թշնամին յուրային է թվում։Որպեսզի վերականգնենք օրհներգի պաշտոնական տեքստը․

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ապա, կոչ եմ անում․

Իւր որդիքը արդ կանչում է
Հանել իւր վրէժ, քէն ու ոխ:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930