Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Սարգսյան․ «Եթե ունենայինք ոչ թե այսպիսի պոռոտախոս կառավարություն, այլ աշխատող եւ կանխատեսող․․․»․ «Առերեսում»

Հունիս 18,2023 09:30

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադարձավ կառավարության պատասխանատուների մի քանի հայտարարությունների։

Ո՞վ է ապահովել 1 մլրդի ներդրումը

«Օտարերկրյա ուղղակի ներդրումները երկուսից ավելի անգամ աճել են 2022 թվականին եւ կազմում են ՀՆԱ-ի 5․1 տոկոսը։ Նման բարձր ցուցանիշ վերջին տասնամյակում չի եղել»,– ասել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Այդ 1 մլրդ դոլար թմբկահարվող ներդրումը վերաբերում է բացառապես էլեկտրացանցերին, «Գազպրոմ Արմենիա»–ին եւ հանքարդյունաբերության որոշակի ընկերությունների՝ տարվա ընթացքում կուտակած շահույթներին, որոնք վերաներդրվել են կամ առնվազն՝ չեն բաշխվել սեփականատերերի միջեւ,– ասաց Նաիրի Սարգսյանը։– Եվ շատ հեշտ է մտնել բոլորի կայքերը եւ ֆինանսական հաշվետվությունների «շահույթ» բաժինը նայել ու տեսնել, որ այդ 1 միլիարդն այս երեք ոլորտներն են ապահովել։ Լրացուցիչ ներդրում չի եկել Հայաստան՝ վստահեցնում եմ։ Եթե կա այդպիսի ներդրում՝ թող հրապարակեն»։

Հավելեց ներդրումների եւս մի ոլորտ․ «Եվ մի քիչ էլ ունենք ավիացիայի ոլորտում․ կհիշեք՝ նոր ավիաընկերություններ բացվեցին՝ եւ կիսապետական, եւ իշխանության որոշ շրջանակներ ներդրումներ կատարեցին այդ ոլորտում»։

 

Տարբեր վարկածներ, թե ինչու Հայաստան եկան ռելոկանտները

«Տեսեք, շատ խոսվում է նրա մասին, որ ասում են՝ ՏՏ ոլորտը եկավ, որովհետև պատերազմ էր Ռուսաստանում: Այո: Ինչի՞ եկավ Հայաստան: Հարց չի ծագո՞ւմ: Էլ երկիր չկա՞»,– խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում հարցադրում էր արել ՀՀ վարչապետը՝ ներկայացնելով պատասխանի իր տարբերակը, թե կառավարության որ որոշումների շնորհիվ են եկել այդ մարդիկ։

Ֆինանսների նախարարն էլ նույն թեմայի առնչությամբ ասել էր․«Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայուն համակարգը արագ զարգացող հանրային ենթակառուցվածքները եւ բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս ռելոկանտների համար։ Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում, եւ պետք է ուղղակի հարցնել, թե ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չկա այդ ցանկում»։

Նաիրի Սարգսյանը «սուտ ու կեղծիք» համարեց այն պատճառաբանությունը, որը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը, թե եկամտահարկը համահարթ դարձնելու որոշման հետեւանքն էր այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները եկան աշխատելու Հայաստան։ Աուդիտորների պալատի նախագահը հանգամանալից հիմնավորեց իր տեսակետը։

Նրա կարծիքով՝ ֆինանսների նախարարի այդ թվարկումն էլ անգամ մեկնաբանման կարիք չունի․ «Քանի որ եթե պետական մարմինների հետ որեւէ մեկը փոքրիշատե շփում ունենում է, ապա ԱԺ բարձր ամբիոնից հնչած այդ «գիգանտ» մտքերը նույնիսկ ծիծաղ են առաջացնում»։

Ռուս–ուկրաինական պատերազմից հետո ՏՏ ոլորտի ներկայացուցիչների Հայաստան գալը Նաիրի Սարգսյանն այսպես է բացատրում․ «Այո, կան ռելոկանտներ, որոնք եկել են Հայաստան։ Բայց պատճառները շատ տարբեր են։ Մեկն ունի բիզնես գործընկեր Հայաստանում, որն իր համար ամենաթանկն է․․․Այն բիզնես գործընկերները, որոնք ստեղծել էին այդ հարաբերությունները՝ նրանց շնորհիվ ռելոկանտները եկան Հայաստան։ Կա լեզվական խնդիր, կա մարդկանց մեջ ինտեգրացիայի խնդիր՝ տարբեր են պատճառները։ Եվ կա արագության խնդիր, թե ինչքան ժամանակահատվածում կարող են տեղափոխել իրենց բիզնեսն այս կամ այն երկրներ։

Եթե համեմատում ենք տարածաշրջանային երկրները, ապա Վրաստան շատ ավելի են գնացել՝ չլինելով ԵԱՏՄ անդամ։ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան շատ ավելի են օգտվել, Ղազախստանն էլ․․․

Եվ եթե ունենայինք ոչ թե այսպիսի պոռոտախոս կառավարություն, այլ աշխատող եւ կանխատեսող, քաղաքականություն ունեցող կառավարություն, այն ժամանակ մենք կունենայինք շատ ավելին, ու ոչ թե կունենայինք միայն ՏՏ ոլորտի ներհոսքի տեսքով, այլ նաեւ արտադրական գործարանների»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930