Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա կառավարության դրական դերակատարությունը զրո է․ «Առերեսում»

Հունիս 17,2023 22:00

2022թ. գրանցվել է մի կողմից՝ բարձր տնտեսական աճ (թիրախավորվածից 5.6 տոկոսային կետով բարձր), մյուս կողմից՝ սպասվածից բարձր գնաճ (կանխատեսվածից 3 տոկոսային կետով բարձր): Այս 12․6 տոկոս աճը որքանո՞վ է կառավարության գործունեության հետեւանքը, քանի որ կան մեկնաբանություններ, թե դա գերազանցապես ռուս-ուկրաինական պատերազմի անուղղակի արդյունքն է. հարցին ի պատասխան՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի անդամ Վահե Վարդանյանը պատասխանեց. «Թվային պատկերով՝ տպավորիչ աճ է, հատկապես որ նշվում է, թե ԵԱՏՄ երկրներում ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել: Բայց հիմնականում կարեւոր է, որ տնտեսական աճը կայուն լինի: Այս դեպքում, գտնում եմ, որ դրա նախադրյալները չկան»: Կանխատեսումն այսպես բացատրեց, թե պետք է ուսումնասիրել, թե որ գործոններն են ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա. «Հիմնականում ներքին պահանջարկի մեծացմամբ է պայմանավորված, դա էլ ռուս-ուկրաինական հակամարտության շնորհիվ է՝ կապիտալի ներհոսք է եղել»:

Հաղորդման մյուս հյուրը՝ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը մեկնաբանելով փաստը, որ Հայաստանում ներքին սպառման աճն ավելացել է գերազանցապես ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան ժամանած ռուսների շնորհիվ՝ ասաց. «2022 թվականին 1 մլն 700 հազար տուրիստ է ժամանել Հայաստան, ընդ որում՝ տուրիստի անվան տակ են նաեւ ռելոկանտները, որոնք գալիս են ոչ թե մշակութային ճանաչողության, 3-7 օրվա այցերով, այլ նույնիսկ ամիսներով են բնակվում Հայաստանում: 1 մլն 700 հազար տուրիստը մեր բնակության կեսից ավելին է՝ բնականաբար, ներքին սպառումը պետք է աճ գրանցեր: Բայց պետք է որոշակի բացասական տվյալներ հաղորդեմ. ասվեց, թե 12,6 տոկոս տնտեսական աճը տպավորիչ է: Ամենեւին տպավորիչ չէ, քանի որ, օրինակ՝ մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 2,6 տոկոսով, այն դեպքում, երբ կրկնում եմ՝ մենք ունենք 1 մլն 700 հազարի ներհոսք: Մեծածախ առեւտուրը աճել է մոտ 25 տոկոսով, իսկ ավտոմեքենաների, տրանսպորտային միջոցների առեւտուրը՝ այսինքն, ներմուծումը արեւմտյան երկրներից՝ ռեէքսպորտով Ռուսաստանի Դաշնություն՝ 49 տոկոսով: Հաջորդ ցուցանիշները ծառայությունների ոլորտից են. այստեղ էլ 28 տոկոս աճ է գրանցվել, ու գերակշռում են հյուրանոցային տնտեսությունները, հանրային սննդի օբյեկտները, այսինքն՝ ռեստորաններ, սրճարաններ․․․ Սա ուղիղ կապված է ռելոկանտների եւ տուրիստների հետ։ Բավական տպավորիչ աճ են գրանցել բանկերը, ինչը որ նշում եմ՝ բոլորը ՀՀ քաղաքացիներին, մշտական բնակչությանն աղքատացնող գործոններ են։ Բանկերին 2022 թվականին տրվեց պետական բացառիկ գործառույթ՝ հարկել քաղաքացիների փողերը։ Միայն պետությունն ունի այս իրավունքը։ Ցանկացած տրանսֆեր, երբ գալիս էր արտասահմանից՝ բարեկամներից, ընտանիքի անդամներից, ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնածներից՝ 2-3,5 տոկոս հարկում էին փողը կանխիկացնելիս։ Այսինքն՝ բնակչությանը համատարած աղքատացրին, ու բանկերի 67 տոկոս աճի հաշվին ասում են, թե մենք ունենք տնտեսական աճ։ Խաղամոլությունն ավելացավ․ 45 տոկոս աճի հաշվին ասում ենք՝ տնտեսական աճը տպավորիչ է։ Իսկ ինչո՞ւ չենք խոսում արդյունաբերության մասին…»։

Վահե Վարդանյանը պարզաբանեց․ «Տպավորիչ ասելով՝ նկատի ունեմ թվային արտահայտությունը… Եվ իմ ասածն էլ է դա, որ տնտեսության մեջ պետք է զարգացնենք արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը, որպեսզի արտահանելի ապրանքների տեսակարար կշիռը տնտեսական աճի մեջ ավելի շատ լինի, քան ծառայությունների ոլորտը եւ առեւտուրը։ Եվ սովորաբար՝ այդպիսի բաղադրիչներ ունեցող տնտեսական աճն, արտաքին գործոնների ազդեցության չեզոքացման դեպքում, պարբերաբար բերում է տնտեսական խորը անկման»։ Ավելի ուշ հստակեցրեց․ «Վաղ թե ուշ կարգավորվելու է ռուս–ուկրաինական հակամարտությունը, ռելոկանտները վերադառնալու են, կապիտալի ներհոսքը պակասելու է կամ ընդհանրապես զրոյանալու, եւ մեր տնտեսությունը կանգնելու է շատ լուրջ խնդրի առջեւ»։

ԱԺ–ում իր ելույթում վարչապետն էլ անդրադարձավ այս հարցին․ «Բանավեճը դրա մասին է, թե լավ՝ 12 տոկոս աճ եք ունեցել, այս կառավարությունն ի՞նչ կապ ունի, ոնց որ երկնքից ընկել է: Հարգելի գործընկերներ, գիտե՞ք, պետք է հիասթափեցնեմ, այդպես չէ: Այսօր Հայաստանում մեծ շինարարական բում է, այո, ժողովուրդ այդ ո՞նց եղավ այդ շինարարական բումը, այդպես քայլելով գնում էինք, մեկ էլ շինարարական բում եղա՞վ: Դա կապված է կառավարության շատ կոնկրետ մի որոշման հետ»։

Նաիրի Սարգսյանը մասնավորապես արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել, որ ինքը դերակատարում ունի տնտեսության վրա, բայց ոչ թե իր պատկերացրած դրականը, այլ այս կառավարությունն ունի սարսափելի բացասական դերակատարում։ Եթե գնահատենք Հայաստանի այսօրվա տնտեսական իրավիճակի վրա տնտեսական քաղաքականությունը դրական առումով ինչ դերակատարում ունի՝ զրո է։ Իսկ բացասական առումով, կարելի է ասել, կեսից ավելին իրենց է պատկանում։ Ինչպես․ օրինակ՝ 2022 թվականին, երբ որ բոլորը խոսում էին գնաճից ու մարդիկ նույն աշխատավարձի պայմաններում չէին կարողանում այլեւս նույն սպառումն իրականացնել խանութներում՝ ընդունվեցին հոսանքը, գազը, ջուրը թանկացնելու շատ հապճեպ որոշումներ։ Բնականաբար, սպառողները սկսեցին ավելի թանկ սպառել այս ծառայությունները, եւ գումարած՝ ինքը շղթայական ռեակցիա առաջացրեց, արտադրության ինքնարժեքն էլ թանկացրեց ու արտադրանքի ու ապրանքի վրա էլ նաեւ ազդեցություն ունեցավ։ Բացասակա՞ն էր, թե՞ ոչ….»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930