Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հստակ այս իշխանությանն ասում է՝ դուք ասում եք՝ միջանցքային տրամաբանությանը դեմ ենք, փաստորեն այդքան էլ դեմ չեք. Մելքոնյան

Հունիս 17,2023 16:59

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի նախաձեռնությամբ ընթերցողի դատին է ներկայացվել «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գրքի «Հայատյացություն» անգլերեն թարգմանությամբ գիրքը: Աշխատանքի հիմքում ընկած են միջազգային կառույցների կողմից ընդունված իրավական ակտերը, պաշտոնական փաստաթղթերը, քրեագետների, լրատվամիջոցների և այլ աղբյուրների տվյալները, ինչպես նաև հայ հեղինակների գիտական աշխատությունները, ձեռնարկները, հոդվածները և այլն:

«Ընթացող իրադարձություններն այսօր ցույց են տալիս, որ Թուրքիայում՝ դարավոր, իսկ Ադրբեջանում՝ ստեղծման օրվանից ինստիտուցիոնալ հայատայացությունը հասել է գագաթնակետին: Դրա ցայտուն դրսեւորումներից մեկն այն է, որ հայատյացությունը տարածվում է մանկական գրականության մեջ, մանկապարտեզներում: Ադրբեջանում 7-70 տարեկան գրեթե բոլոր քաղաքացիները տոգորված են հայատյացության ոգով: Այդ հասարակության հետ խաղաղություն հաստատելը ուղղակի անհնար է: Իհարկե, բոլորս ենք ձգտում խաղաղության, բայց չտեսնել իրականությունը, այլ տեսնել քո երազածը, մտածածը, կապ չունի իրականության հետ: Քո հարեւանների մանկապարտեզներում սովորեցնում են՝ հային պետք  է գլխատել, այդ հասարակության հետ նորմալ շփում հնարավո՞ր է: Պարտադիր է  ինքնապաշտպանության ապահովումը, պետք է քեզ պաշտպանես այն պետությունից, որը ուզում է քեզ ուղղակի ոչնչացնել: Կեղծ խաղաղասերները, բարեպաշտները, որ տարբեր հարթակներում հանդես են գալիս բազմակողմանի վերլուծություններով,  ուղղակի չեն տեսնում իրականությունը կամ գրանտային գումարների մշուշը լիովին փակել է նրանց տեսողությունը»,- գրքի շնորհանդեսից առաջ հայատյացության վտանգներին անդրադառնալով՝ նկատեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ օրեր առաջ կատարած հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված ՀՀ հետ խնդիր չկա, խնդիրը իրականական կողմի հետ է, թուրքագետը մեկնաբանեց, թե ինչը ՀՀ ԱԳ նախարարին կաշկանդեց խուսափել մեկնաբանելուց. «Զարմանում եմ՝ «դուխով» պահվա՞ծք է խուսափել պատասխանելուց, «դուխով» թիմի ներկայացուցիչը, իհարկե, պետք է պատասխանի Էրդողանին ու այլ լիդերներին: Էրդողանը հստակ այս իշխանությանն ասում է՝ դուք ասում եք՝ միջանցքային տրամաբանությանը դեմ ենք, փաստորեն այդքան էլ դեմ չեք: Այս իշխանությունները խաբել են ժողովրդին, թե միջանցքային տրամաբանությանը դեմ են, բայց թուրքերի հետ բանակցում են այլ բան, եթե ոչ՝ ԱԳ նախարարությունը վաղուց պետք է հայտարարությամբ հանդես գար: Իրականում իրենք իրենց լռությամբ ու կեղծ դիվանագիտական հայացքներով նպաստում են մեր պետականության փլուզմանը»:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն էլ նկատեց, որ Ադրբեջանում հայատյացությունը կրում է պետական հովանավորչական բնույթ. «Պետպատվեր է, որը իջնում է առաջին դեմքից մինչեւ մսուր-մանկապարտեզի երեխա: Հիմա, երբ մեզ մեր իշխանությունները խաբում ու ասում են՝ հեսա խաղաղություն է գալու, ուզում եմ հիշեցնել, որ հայատյացության մթնոլորտում մեծացած ադրբեջանցի երեխաները արդեն 25-30 տարեկան կանայք ու տղամարդիկ են, որոնց հետ ձեր երեխաները ապրելու են Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հովանու տակ ու հաստատ համատեղ ապագա չեն ունենալու… նախկինում՝ մինչեւ 2018 թվականը, դա ընդամենը վտանգների ֆիքսում էր, միջազգային հանրությանը ներկայացնել էր, որովհետեւ մենք ունեինք բանակ, ԱԱԾ, որը պաշտպանում էր մեր քաղաքացուն  հայատյացության այդ բացիլից, այսօր չունենք ո՛չ պաշտպանություն, ո՛չ պաշտպանվածության զգացողություն եւ ունենք այդ մարդկանց հետ ապրելու ու մեր երեխաներին վտանգելու ապագա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930