Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական կանխատեսելի ապագան շատ մշուշոտ է. «Առերեսում»

Հունիս 17,2023 16:01

Ադրբեջանական ագրեսիան և հատկապես Երասխի վերջին դեպքերը չեն կարող ազդել ՀՀ ֆինանսական շուկայի վրա․ խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում վստահեցրել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը. «2020 թ. հետո մենք այնքան բանի միջով ենք անցել, ու մեր բնազդներն այնքան են սրվել, որ մենք փորձում ենք արդեն կանխարգելիչ գործողություններ անել` ֆինանսական համակարգը պոտենցիալ որևէ շոկից պաշտպանելու համար։ Օրինակ` բանկերին անցած տարի ստիպեցինք 90 մլրդ ավելացնել իրենց կապիտալում` հաշվի առնելով պոտենցիալ այն վտանգները, որոնք կարող են առաջանալ այս տարածաշրջանում կամ աշխարհում»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասաց. «Ֆինանսական շուկայի առնչությամբ ԿԲ նախագահը որոշակի ճշմարտություն է ասել եւ առայժմ չկան այդ ազդակները, թե կարող են որոշակի ազդեցություն ունենալ: Իսկ տնտեսական իրավիճակի վրա ոչ թե ազդեցություն կարող են ունենալ, այլ արդեն ունեցել են եւ տնտեսական վիճակը բավական վատթարացրել են. առնվազն՝ տնտեսական կանխատեսելի ապագան շատ մշուշոտ է»:

Անդրադառնալով ԿԲ քաղաքականությանը՝ ֆինանսական շուկան ցնցումներից զերծ պահելու առնչությամբ, Նաիրի Սարգսյանն ասաց. «Որոշ չափով է համապատասխանում իրականությանը, քանի որ անցած տարի շատ դեպքերում անընդհատ ականատես էինք լինում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը, ինչն այս կամ 2022-ի իրավիճակում շատ սխալ որոշում էր: Ինչու էր սխալ՝ 2022-ի գնաճը պայմանավորված էր առաջարկով, ինչը նշանակում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չէր կարող դրա վրա դրական ազդեցություն ունենալ, բայց բացասական ազդեցություն ունենում էր: Այսինքն՝ մի կողմից մենք ունեինք արտաքին աշխարհից եկող գնաճ, մյուս կողմից՝ ՀՀ տարածքում փողի թանկացում: Տնտեսական միջավայրը սեղմել ու հասցրել էինք այն աստիճանի, որ բիզնեսները լրացուցիչ ներդրումներ ու լրացուցիչ ծավալվելու քաղաքականություն չէին վարում: Սա ԿԲ մասով. այստեղ քննադատությունը որոշակիորեն զիջում է կառավարության քննադատությանը, քանի որ նրանք, ամեն դեպքում, որոշակի պրոֆեսիոնալիզմ ունեն:

Իսկ տնտեսական իրավիճակի համար անվտանգությունը, կայունությունը թիվ 1 բաղադրիչն է երեւի: Ու դրանից հետո արդեն կարող ենք խոսել տնտեսական կայունության կամ առավել եւս՝ զարգացման մասին: Բնականաբար, կայունությունը չի պահպանվել ու մենք չունենք ՀՀ ներթափանցող ներդրումներ, ինչքան էլ որ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կամ այլ առիթներով իշխանությունը թմբկահարում է, թե մենք ունենք աննախադեպ՝ 1 միլիարդ եւ ավելի ներդրումների հոսք»:

Հաղորդման մյուս հյուրը՝ տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի անդամ Վահե Վարդանյանը հավելեց. «Անվտանգությունն ամենակարեւոր ցուցիչն է տնտեսության համար եւ ամենաշատն է ազդում տնտեսվարողների սպասումների վրա… Իշխանությունը պետք է հնարավորինս մեղմացնի բացասական սպասումները եւ ավելի շատ դրական ազդակներ հաղորդի ձեռնարկատերերին ու բնակչությանը, որ գործեն դրական սպասումների հիման վրա: Բայց ամեն դեպքում՝ ես շատ մեծ ռիսկ եմ տեսնում ու ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին ներդրումների մասով, որ անվտանգային խնդիրները խանգարելու, խոչընդոտելու են եւ արտաքին, եւ ներքին ներդրումներին»:

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930