Հայ-ռուսական պետական կառույցների գործակցության շնորհիվ Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման նորագույն նվաճումներին: Նախագիծը ՌԴ Նախագահի և Սյունիքի մարզի աշխատակազմերի գործակցության արդյունք է: Այն իրականացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:
Նորարարական դասարաններ են բացվել Կապանի թիվ 7 հիմնական և Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում:
«Նման նախագծերը ոչ միայն կընդլայնեն երեխաների մտահորիզոնը, այլև կօգնեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Մեր ժողովուրդները պատմականորեն կապված են դաշնակցային ամուր կապերով։ Մենք հաճույքով փոխանակում ենք մեր փորձն ու գիտելիքները, ուստի հումանիտար ոլորտում ցանկացած նախագծի միշտ աջակցում և աջակցելու ենք»,- նշեց ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։
«Ուրախ ենք, որ այժմ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներական գիտությանը և մաթեմատիկային ժամանակակից տեխնիկական միջոցներով և գեղեցիկ կահավորված միջավայրում: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում որակյալ լրացուցիչ կրթության տրամադրմանը և վստահ ենք, որ լաբորատորիաները կարևոր ներդրում կունենան այդ գործում»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Կրթության մակարդակի բարձրացման համար կարևոր է, որ մեր երեխաները կարողանան սովորել նման առաջատար լաբորատորիաներում։ Սյունիքի մարզպետարանն ամեն ինչ անում է, որպեսզի դպրոցականներն ունենան այդ հնարավորությունը», – նշեց Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրն արդեն գործում է 645 կենտրոններում։ Նմանատիպ դասարաններ գործում են աշխարհի 6 երկրներում, որտեղ սովորում են ավելի քան 18 հազար աշակերտներ:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս յուրացնելու ժամանակակից մասնագիտություններ, որոնք նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացեն մարզերի բնակիչների համար: Լաբորատորիաներում սովորում են ոչ միայն տվյալ դպրոցի, այլև այլ ուսումնական հաստատությունների աշակերտները։ Մենք մշտապես իրականացնում ենք մեթոդական աջակցություն, կազմակերպում ցուցահանդեսներ և մրցույթներ աշակերտների համար», – նշեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ