Սա Ադրբեջանի՝ իրենց համար տրամաբանական գործելաոճն է, «Փաստի» հետ զրույցում ասում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:
«Վաշինգտոնում նախապես հայտարարված հանդիպումը չեղարկվեց: Վերջերս ռուսական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Արցախի իշխանությունների վրա ճնշում կա, որ գնան ուղիղ բանակցությունների Ադրբեջանի հետ: Ադրբեջանի դիրքորոշմամբ՝ այդ բանակցություններն Ադրբեջանի կազմում վարչատարածքային միավորի և կենտրոնական իշխանության ներկայացուցիչների բանակցություններ են: Ամենայն հավանականությամբ, ծրագիրն այն է, որ արևմտյան հաջորդ փուլի բանակցությունների ժամանակ հասած լինեն մի հանգրվանի, երբ Արցախի իշխանությունները նույնպես ընդունած կլինեն այն խաղի կանոնը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը, այն է՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»: Առկա լարվածությունը, ճնշումը, կրակոցներն այս ամենին են ուղղված»,-նշում է Մաթևոսյանը:
Կարծիք է հայտնում, որ անցած տարվա հոկտեմբերից Ն. Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Արցախի իշխանությունները, անելանելի վիճակում լինելով, ստիպված լինեն զիջումների գնալ: «Սկզբից ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, ինչը թույլ տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքը, հետագայում անջատեց էլեկտրականությունը և այլն, Արցախի նկատմամբ իրականացվում է ռազմական ու տեղեկատվական տեռոր: Այս ամենն ուղղված է նրան, որ, ինչպես Ալիևն ասաց, փաստաթղթավորված առումով արդեն ֆիքսված լինի, որ Արցախն Ադրբեջան է, և Արցախի ու Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներն էլ դա ընդունեն: ԱԺ քառօրյայի ժամանակ իշխանական պատգամավորներից մեկն ասաց՝ եթե Արցախը համարում էիք հայկական, ինչո՞ւ էիք գնում Ադրբեջանի հետ բանակցությունների: Տեսեք՝ Ադրբեջանը Արցախն ադրբեջանական մաս է համարում, բայց հասկանում է, որ կոնֆլիկտի կողմը ՀՀ-ն է, և պետք է ՀՀ-ի հետ փոխհարաբերություններում հասնի մի մակարդակի, որ նա կասկածներ չունենա Արցախի պատկանելիության վերաբերյալ»,-ընդգծում է քաղաքագետը:
Մաթևոսյանն ասում է՝ եթե պատրաստ ես ամեն ինչ զիջել, պետք է հասկանաս տրամաբանական մի բան՝ անգամ տնտեսական գործունեություն ծավալելը քո համար խնդրահարույց է լինելու քո իսկ տարածքում: «Մամուլի հրապարակումները Երասխում կառուցվող գործարանը կոնկրետ ընտանիքի հետ էին կապում, այդ ընտանիքի ներկայացուցիչը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական կոոպերացիայի կողմնակից է: Տեսնում ենք, որ ադրբեջանական բայրաքթարը կամ արկը տարբերություն չի դնում՝ կո՞ղմ ես Թուրքիայի հետ հարաբերություններին, թե՞ ոչ»: Հունիսի 15-ին ադրբեջանցիները փորձեցին դրոշ տեղադրել ՀՀ տարածքում, հրապարակված տեսանյութում երևում է, որ նրանց հետ ռուս խաղաղապահներ կան: Քաղաքագետն ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե ով է այդ տեսանյութը տարածել:
Կարդացեք նաև
Lուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում