Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ԱԺ-ում անդրադարձավ պետական զինանշանին՝ նշելով, որ 1991-ին հիմնված պետականության հետ այն աղերս չունի։ Զինանշանի թերությունների մասին խոսակցությունը մեզանում նոր չէ՝ եղել է նախկինում, օրինակ՝ 2015-ին։ Զինանշանի թերություններն ու անճշտությունները շտկելու կողմնակիցներից էր Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը, որը նաեւ վերամշակել է զինանշանի 100 տարբերակ։ Ըստ Աղամյանի՝ զինանշանի տեսքը որոշում են ոչ թե նկարիչներն ու ճարտարապետները, այլ՝ քաղաքագետներն ու պատմաբանները, հետո նոր՝ նկարիչը, դիզայները կամ ճարտարապետը։
«Մեր զինանշանի մեջ գտել եմ տասնյակ թերություններ, սխալներ։ Զինանշանի վրա առկա առյուծի տեսքը սխալ է։ Օրինակ, մեր զինանշանի վրա սուրը պատկերված է շղթայակապ, ինչը վատ նշան է, սրի ծայր չի նշմարվում՝ դա եւս վատ նշան է»,- ասում է նա։ Վահանի կողմերը պահող կենդանիները՝ վահանակիրները, հերալդիկայում ընդունված կանոններով, կարող են լինել առյուծ, փիղ։ Մեծ Բրիտանիայի զինանշանի աջ վահանակիրը միֆական կենդանի է՝ միաեղջյուր ձի։ Թե ինչ պատկեր ընտրել՝ քաղաքական որոշում է, ոչ թե նկարչի՝ նշում է Աղամյանը։
Մեր պետությունը չունի կարգախոս, աշխարհի պետությունների մոտ 80 տոկոսն ունի։ Մենք չունենք կարգախոս, բայց ժապավեն է նկարված, այն էլ՝ թարս՝ երեսը դեպի հակառակ կողմը, ինչը ոչ մի բան չի նշանակում։ Դա տգիտություն է, անիմաստ բան է»,- շեշտում է մեր զրուցակիցը։
Օրինակ, Ադրբեջանի կարգախոսն է՝ «Կրակների երկիր», Կուբայինը՝ «Մահ կամ ազատություն», աֆրիկյան պետություններից մեկինը՝ «Բարգավաճում, խաղաղություն եւ անձրեւ», քանի որ շատ չոր երկիր է։
Կարդացեք նաև
Հայաստանում տարածված զինանշանի տարբերակներ կան, որտեղ թուրը, բացի շղթայակապ լինելուց, կոտրված ու վահանի վրա է դրված։ Նման տարբերություններով զինանշանները շատ անգամ օգտագործվում են պետական արարողությունների ժամանակ, շատ հաճախ՝ առանց հասկանալու։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: