Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստորգետնյա ոչ մի անցում նման աղետաբեր վիճակում չէ

Հունիս 17,2023 12:30

Երեւան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկում կարող ես տեսնել Գրիգոր Լուսավորչի փողոցը, ուր կարող ես հայտնվել՝ հաղթահարելով լուսանկարում պատկերված Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա ստորգետնյա հետիոտնային անցումը:

Ստորգետնյա այս անցումը հաղթահարելուց հետո կարող ես քայլերդ ուղղել Սուրբ Սարգիս եկեղեցի, դուրս գալ Երեւանի քաղաքապետարան, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ…
Ամեն անգամ լուսավորությունից զուրկ այս գետնանցումով անցնելիս՝ մոռանում ես նկատելի առնետավազքի, գարշելի միզահոտի, աղբի մասին, քանի որ քայլելիս մտածում ես միայն շտապ դուրս գալու մասին, քանի դեռ «առաստաղից» քար չի ընկել գլխիդ, քանի դեռ բազալտե պատը չի պոկվել, կամ պարզապես փլուզում տեղի չի ունեցել:


Ո՞ւմ են պետք «փոս» փակելը, հաթաթա եւ ժամանակ տալը «փոսապահներին», երբ դեպի հանձնարարական տվող կառույց՝ Քաղաքապետարան, տանող ճանապարհն է սկսվում այս գետնանցումը հաղթահարելուց:

Լավ, մի՞թե Երեւանում չի գտնվելու մի քաղաքային իշխանություն, որը ձեռնամուխ լինի այս գետնանցումի վերանորոգմանը, վերաշահագործմանը, անվտանգության ապահովմանը: Ի վերջո, գետնանցումների միակ նպատակը աչքից հեռու պատերին միզելը կամ միզելու մասին գրառումներ թողնելը չէ…

Երեւանում կան մոտ 26 հետիոտնային գետնանցումներ՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ, Բաղրամյան պողոտայի վրա, Նոր Նորքի Գայի պողոտայի, Կոմիտասի պողոտայի, Գարեգին Նժդեհի հրապարակի, Տիգրան Մեծ պողոտայի, …որոնցից ոչ մեկն, ըստ իս, նման աղետաբեր վիճակում չեն:

Հիշում եմ, տարիներ առաջ՝ 2011-ին, երբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այցելեց «էլիտար» վայրը, խոստացավ գետնանցումների բարեկարգման ծրագրի շրջանակներում հայտարարել մրցույթ: 2013թ. սեպտեմբերի 5-ի Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական լրահոսի համաձայն՝ «Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ.-ի ծրագրով՝ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա հատվածում շարունակվում են ստորգետնյա հետիոտնային անցումի նորոգման աշխատանքները: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են հատակի բետոնե եւ բազալտե սալիկները, բարեկարգվում է առաստաղը: Ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ անցումի վերգետնյա մասի արտաքին հատվածում: Փոխվում են պատերի ու թասակների բազալտե սալիկները, զուգահեռաբար բարեկարգվում են նաեւ աստիճանավանդակները: Ստորգետնյա անցումի ջրամեկուսացման խնդիրը լուծելու նպատակով, կտեղադրվեն նաեւ անձրեւորսիչ նոր ցանցեր, կիրականացվեն ջրընդունիչ հորերի մաքրման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ավարտից հետո ստորգետնյա անցումով բնակիչների անցուդարձը հարմարավետ ու անվտանգ կլինի նաեւ գիշերային ժամերին: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվելու է նաեւ լուսավորության համակարգը»:

Անցել է տասը տարի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930