Սեփական տիրապետության սահմանները շարունակաբար ընդլայնելուն նպատակամղված ցանկացած զավթիչ, նվաճող, յուրաքանչյուր ասպատակումից, ավերումից հետո շտապում է ոչնչացնել նաեւ նվաճված տարածքի հոգեւոր ինքնությունը նույնպես, որպեսզի կարողանա մի ամբողջ ժողովուրդ, ազգ տարալուծել կամ անհետացնել։ Այսօր կայսրություններ, կարծես թե, չկան, բայց տիրակալներ կան, որոնք իրենց «արշավանքները» վերածում են տնտեսական արգելափակումների, տարատեսակ պատժամիջոցների եւ այլն։ Բայց բոլոր ժամանակներում մի բան մնում է անփոփոխ՝ եթե ուզում ես հիմնավոր կործանել որեւէ երկիր, կործանիր նրա ազգային մշակույթը։ Նման գործելաոճը հատուկ է Ադրբեջանին։
Օրինակ՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումը, հայկական գերեզմանները ոչնչացնելը կամ Շուշիի կերպարվեստի թանգարանի մուտքի մոտ տեղադրված մեր ժամանակակից քանդակագործների գործերը ոչնչացնելը։ Ի դեպ, թանգարանի հավաքածուի ճակատագիրը մնում է անհայտ։ Երեկ էլ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հերթական լուրը տարածեց՝ Հալիվորի կամուրջը ավերելու մասին, ընդ որում՝ տիեզերքից արված լուսանկարներով։ Իսկ ի՞նչ ենք անում մենք կամ ի՞նչ պետք է անենք, որպեսզի կանխենք մշակութային բարբարոսությունը։ Այս հարցերի շուրջ լսեցինք ռեժիսոր Ռուբեն Բաբայանի կարծիքը, որի խոսքը ներկայացնում ենք առանց միջամտության։
«Ժամանակը միշտ փոխում է ձեւը։ Այսօր էլ կան կայսրություններ՝ այլ ձեւի մեջ։ Ամուր կայսրություններն այսօր շահագրգռում են ուրիշ երկրների, ժողովուրդների՝ տնտեսական զարգացումով, բարեկեցությունով եւ այլն։ Այն երկրները, որոնք փորձում են պահպանել իրենց նախկին ձեւը՝ դատապարտված են։ Աշխարհում կատարվող վերջին իրադարձությունները դրա լավագույն ապացույցն են։ Խոսենք զուտ մշակույթի մասին։ Իմ անձնական տեսակետը հետեւյալն է. կարծում եմ՝ մշակույթ պահպանելը ոչ պակաս կարեւոր է, քան հենց մշակույթ կերտելը։ Ավելին՝ մշակույթի պահպանումը քեզ տեղադրում է քաղաքակիրթ դաշտում, եւ այսօր զարգացած երկրներն ու ազգերը հասկանում են, որ, պահպանելով ուրիշի մշակույթը, միաժամանակ տեր են դառնում այդ մշակույթին, իսկ ոչնչացնելով ուրիշի մշակույթը՝ արձանագրում են, որ արժանի չեն նույնիսկ սեփական մշակույթին։ Մշակույթը չեն պահպանում՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Ուրիշի մշակույթի պահպանումը քո ազգի անձնագիրն է, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ դու բարբարո՞ս ես, թե՞ քաղաքակիրթ ժողովուրդ։
Համաշխարհային պատմության մեջ վերջին հարյուրամյակում բազմաթիվ դեպքերի ենք հանդիպել, երբ ժողովուրդները ոչնչացրել են նույնիսկ սեփական մշակույթը։ Հիշենք, թե ինչ էր կատարվում խորհրդային տարիներին՝ կրոնի դեմ պայքարի անվան տակ, ինչպես թալիբան շարժումը Աֆղանստանում ոչնչացրեց բուդդայիզմի քանդակները, ինչ կատարվեց Սիրիայում…
Կարդացեք նաև
Եթե Երեւանի կենտրոնում գործում է Կապույտ մզկիթը, դա մեր մշակույթի մի մասն է։ Եթե մենք պահպանում ենք այն, ապացուցում ենք, որ մենք տեր ենք ոչ միայն մեր ազգային մշակութային ժառանգության, այլեւ օտար ազգերի։ Երկրները մարդկանց պես են. կան մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել ուրիշի հաշվին, կան մարդիկ, որոնք սեփական հեղինակությունը բարձրացնելու համար կարծում են, թե դիմացինը իրենից ոչինչ չի ներկայացնում։ Բայց եթե անհատը դավանում է նման մոտեցման, որը մեր կողմից կարող է արժանանալ արհամարհանքի, ապա երկրի ու ժողովրդի նման մոտեցումը միանշանակ դատապարտելի է եւ առաջին հերթին հեղինակազրկում է հենց այդ երկրի եւ ժողովրդի ցանկությունը՝ երեւալ քաղաքակիրթ։
Հիմա մեր թերության մասին. մեր մշակութային ժառանգությունը հաճախ մեզ համար հանդես է եկել որպես ապացույց, թե այդ տարածքը մերն է, ինչն ապացուցելու կարիք չկար։ Օրինակ՝ Հին Ջուղայի գերեզմանատունը ավերվեց նման խոսակցությունների պատճառով։ Հայրենակցական միությունը գոնե շաբաթը մեկ բարձրաձայնում էր դրա մասին, Ադրբեջանն էլ վերցրեց ու վերացրեց այն։ Եվ կարծես մենք հանգստացանք, մինչդեռ մենք պետք է փորձեինք համագործակցել ադրբեջանական իշխանությունների հետ՝ ասելով, որ մենք չունենք տարածքային պահանջ եւ միակ մտահոգությունը ժառանգության պահպանելն է, որը նաեւ պատիվ կբերեր ադրբեջանական իշխանություններին։ Բայց մեր խնդիրը ուրիշ էր՝ ապացուցել, որ թուրքը մնում է թուրք… Արդյունքում կորցրինք։ Գրանցվեց միայն, որ դա բարբարոսություն է։ Իսկ ի՞նչ շահեցինք մենք։ Այ սա մտածելու բան է»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.06.2023