«Դատական իշխանություն» ամսագրի այս տարվա անդրանիկ համարում նոր անուններ կային. Տիրուհի Ասլանյան («Մոր եւ մանկան շահերի պաշտպանության միջազգային եւ ներպետական իրավական նորմերի վերլուծություն»), Նորայր Ավագյան («Առանձին տեսակի վարչական վարույթների իրավականության ընդհանուր չափորոշիչները»), Ազատ Բագրրատյան («Արտավարույթային փաստաթղթերի վերածվելու օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների հեռանկարները»), Մարթա Մելիքսեթյան («Բռնության ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների համագործակցության կատարելագործման ուղիները»)…
«Առավոտը» ներկայացնում է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի եւ քրեադատավարության ամբիոնի հայցորդ ՄԱՐԹԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ «Բռնության ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների համագործակցության կատարելագործման ուղիները» հոդվածից մի հատված:
«Պետք է արձանագրել, որ 2018 թվականից ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումերի եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների համագործակցությունը ընդլայնվել է օրենքի համատեքստում։ Անչափահասի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու եւ ընտանիքում անչափահասներին բռնության ենթարկելու դեպքերի համատեղ վերլուծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 22-րդ կետը հենց վերաբերում է ընտանիքում կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալուն: Նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ եւ ԸԲԿ բաժանմունքի եւ ԽՀՀ-ի իրականացրած աշխատանքների վերլուծությունը հուսադրող չէ: Դա պայմանավորված է նրանով, որ քննարկվող ժամանակահատվածում ԽՀՀ-ի նախաձեռնությամբ չեն հայտնաբերվել ընտանիքներ, որտեղ ծնողների կողմից պատշաճ չեն կատարվում ծնողական պարտականությունները, ավելին՝ երեխաների կյանքին եւ առողջությանը ընտանիքում վտանգ է սպառնում:
Բոլոր դեպքերում նման ընտանիքների հայտնաբերման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացրել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողները, ավելին՝ վերջիններիս կողմից նշված ժամանակահատվածում բացահայտվել է անչափահասի թրաֆիքինգի մեկ դեպք, ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու 6 դեպք, երեխայի խնամքի եւ դաստիարակության պարտականությունները չկատարելու 2 դեպք, որոնց առթիվ նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցվել են քրեական գործեր եւ ուղարկվել նախաքննության, գործող ՀՀ քրեական օրենսգրքի 196 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 247-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով դեպքերը արձանագրվել են, որոնցով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Կարդացեք նաև
Ավելին՝ նշված դեպքերով համապատասխան իրազեկում է ուղարկվել համայնքի ԽՀՀ, եւ մինչ հանձնաժողովի նիստի կայացումը ՀՀ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել երեխաներին ծնողներից վերցնելու ուղղությամբ, անհապաղ ապահովել են երեխաների ժամանակավոր տեղավորումը: Բնականաբար, գործնականում օրենքի կիրառումը թույլ է տալիս կատարել որոշակի եզրահանգումեր, վերհանել ընթացակարգային թերություններն ու բացթողումները, եւ դրանց հիման վրա, իրականացնելով համապատասխան վերլուծություններ, մշակել ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումերի եւ համայնքների խնամակալության եւ հոգաբարձության մարմինների համագործակցության կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկություններ…
Գործնականում այս առումով կարող են առաջանալ մի շարք ընթացակարգային բարդություններ: Օրինակ, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի աշխատանքային ժամի ավարտին պես կամ ոչ աշխատանքային օրերին ոստիկանության կողմից նմանատիպ դեպքեր հայտնաբերելու եւ անհապաղ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու դեպքում, ըստ էության, ոստիկանությունը, բացառությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմնին դեպքի մասին իրազեկելու, որեւէ այլ լիազորությամբ օժտված չէ: Անգամ հայտնելու դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը բոլոր դեպքերով արձագանքում է սովորական աշխատանքային ընթացակարգով, այնինչ օրենքով նախատեսված է անհապաղ եւ անհետաձգելի գործողությունների կատարումը առավելապես այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս է: Պարբերաբար անցկացվող քննարկումներին սույն հարցը մեր կողմից բարձրացվել է, պարզվել է, որ ԽՀՀ-ն աշխատում է հասարակական հիմունքներով, հանձնաժողովի անդամերն աշխատանքային օրվա ավարտից հետո որեւէ իրավական ակտով լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու պարտավորություն չեն կրում:
Եթե ընտանիքում բռնություն գործադրողն անչափահասի հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցիչն է, եւ բռնության կրկնման կամ շարունակման վտանգ կա, ապա անհրաժեշտություն է առաջանում բռնության ենթարկված երեխայի կյանքի եւ առողջության անվտանգության ապահովման նպատակով նրան տեղափոխել երեխաների ժամանակավոր խնամքի կենտրոններից որեւէ մեկը, իսկ նման պայմաններում նշված հարցի կարգավորումն օրենսդրական մակարդակով վերապահված է խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:
Գործնականում բացառություն չեն կազմում այն դեպքերը, երբ ընտանիքում երեխայի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կարող է թելադրել ոստիկանության ծառայողին անհապաղ երեխային ընտանիքից հեռացնել՝ մինչեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմին այդ մասին իրազեկելը: Մեր համոզմամբ՝ ոստիկանության լիազորությունները չպետք է սահմանափակված լինեն, ըստ էության, միայն նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու, վերջինիս, ինչպես նաեւ պաշտպանական որոշման նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ կանխարգելիչ հաշվառում իրականացնելու հնարավորությամբ:
Այսպիսով, առաջարկվում է՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածը համալրել ոստիկանության կողմից վերոհիշյալ լիազորությունները ստանձնելու հնարավորությամբ:
02.06.2016թ. ՀՀ կառավարության 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետում կատարել լրացումներ, նախատեսելով ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պարտադիր ընդգրկումը հանձնաժողովի կազմում: Առաջարկվում է վարչական շրջաններում ստեղծել արագ արձագանքման խմբեր, որոնք բաղկացած կլինեն ՀՀ ոստիկանության ներկայացուցչից, ԽՀՀ անդամերից որեւի մեկից (սահմանել հերթապահություն), միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցաշխատողներից, մշակել երեխայի հանդեպ բռնության երեւույթի վերացմանն ուղղված շահագրգիռ մարմինների համաձայնեցված գործունեության կառուցակարգեր (մեխանիզմեր), խոսքը մեծապես վերաբերում է ԽՀՀ-ի եւ ՄՍԾՏԿ-ների կողմից մշտադիտարկումերի իրականացման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտերի մշակմանը»:
«Առավոտ» օրաթերթ
16.06.2023