Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայողներ, անչափահաս, հոգեկան ֆունկցիաների խանգարում ունեցող կին… ովքե՞ր են աշխատանքային թրաֆիքինգի զոհերը ՀՀ-ում

Հունիս 16,2023 23:40

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է աշխատանքային շահագործման դեպքերի աճ: Այս մասին Aravot.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նրա խոսքով, այս բնույթի հանցագործությունները թաքնված են ու եթե տուժողները հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացնում, հանցագործությունները մնում են չբացահայտված, հանցագործները՝ անպատիժ:

Գոռ Աբրահամյանը ներկայացրեց 2022-ին արձանագրված դեպքերի վիճակագրությունը: Ըստ նրա՝ նշված ժամանակահատվածում մարդկանց շահագործման վերաբերյալ քննվել է 9 քրեական վարույթ, որոնցից 4-ը հենց 2022 ին է նախաձեռնվել, մնացածը փոխանցվել է նախորդ տարիներից: Այս քրեական վարույթներով երեք անձ ներգրավված է որպես մեղադրյալ, նրանցից երկուսը՝ տղամարդիկ են, մեկը՝ կին: Այս գործերով տուժող են ճանաչվել 7 անձ, որոնց մեջ կա 3 ժամկետային զինծառայող, որոնք ներգրավված են եղել գյուղատնտեսական աշխատանքներում: Աշխատանքային շահագործման դեպքով տուժող է ճանաչվել մուրացկանությամբ զբաղվող մեկ անչափահաս եւ սպասարկման ոլորտում աշխատող երկու կին: Երկու անձի վերաբերյալ երկու քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան: Մեկ քրեական վարույթ մեկ անձի վերաբերյալ կասեցվել է՝ մեղադրյալի թաքնվելու հիմքով, ի դեպ, այս գործով վեց տուժող կա: Դեպքը վերաբերում է ՌԴ-ում արտագնա աշխատանքին: Երկու քրեական վարույթ էլ կարճվել է արդարացման հիմքով:

Քննչական կոմիտեից նաեւ տեղեկանում ենք, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչի կողմից իրականացված աշխատանքային շահագործման դեպքով կա արդեն մեղադրական դատավճիռ: Հիշեցնենք, որ կադրերի տեսուչը, օգտվելով նշված կազմակերպության աշխատակից լինելու հանգամանքից, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ շահագործման նպատակով 2002-2018 թվականների ընթացքում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 17:35-ը առանց ընդմիջման նույն կազմակերպության տարածքում իր կողմից բացված մթերային խանութում առանց աշխատանքային պայմանագիր կնքելու ինտերնատում բնակվող մի կնոջ, որը հոգեկան ֆունկցիաների խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու հնարավորությունից զրկված է եղել, ընդունել էր աշխատանքի որպես վաճառողուհի եւ օգտվելով նրա խոցելի վիճակից առանց վարձատրելու ենթարկել աշխատանքային շահագործման:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930