Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ, հորդորում, ինչ-որ տեղ նաեւ պահանջում՝ գործել հնարավորինս խնայողաբար. Արցախի պետնախարարը դիմել է քաղաքացիներին

Հունիս 16,2023 23:13

«Երեկվանից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Երեկվանից դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նրանց Հայաստան տեղափոխելու գործընթացը»,- այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում այսօր հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նրա խոսքով, այս հանգամանքը հաշվի առնելով` երեկվանից պետական ամբողջ համակարգը անցել է խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ:

«Նկատի ունենալով, որ իրավիճակը կտրուկ փոփոխվել է, գործող մոտեցումներում արագորեն կատարել ենք որոշակի վերանայումներ:

Պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի եւ նմանատիպ այլ հարցերով դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը:

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները կապահովեն անհրաժեշտ պարագաներով, բնակչությանը սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար:

Առողջապահության նախարարությանը կապահովենք անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով:

Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը: Այդ գործընթացն իրականացվելու է գյուղատնտեսության նախարարի անմիջական համակարգմամբ ու ղեկավարմամբ:

Կշարունակվեն գործել հասարակական տրանսպորտը, կկազմակերպվեն միջշրջանային երթերը»,-ասաց պետնախարարը:

Նա նաեւ դիմեց քաղաքացիներին. «Խնդրում եմ, հորդորում, ինչ-որ տեղ նաեւ պահանջում գործել հնարավորինս խնայողաբար: Այս պահին դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիքի տրամադրման գործընթացը: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, անընդհատ չկուտակվել լցակայաններում եւ նման հարցերով դիմել ՏԻՄ մարմիններին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

Նրանք, որոնք ստացել էին վառելիք գնելու համար սահմանված կտրոնը, առայժմ չեն կարող օգտվել դրանից, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետք է դիմել Արցախի կառավարության վերահսկողական ծառայությանը՝ թույլտվություն ստանալու համար:

Ավելորդ կամ անհիմն միջնորդություններով խնդրում եմ՝ չծանրաբեռնել պետական մարմիններին: Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել խանութներում մնացորդ ապրանքների իրացումն իրականացնելիս եւ այն կազմակերպել ունեցած հնարավորությունների գնահատման ու հավասարաչափ բաշխման սկզբունքով»:

Պարոն Ներսիսյանի խոսքով, այս ամենը չի ներկայացնում խուճապի մատնվելու համար, պարզապես վերջին շրջանում համբերատար պատրաստվել են այսպիսի իրավիճակների: Ըստ նրա՝ պետք է լինել հավասարակշռված, կազմակերպված, զգոն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930