Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության ընդհանուր ժողովի հատուկ նիստ, որը նախագահում էր ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը։
Հատուկ նիստին ներկա էին ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը, պրոռեկտորներ Նարինե Սարգսյանը, Արմեն Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ։
Նիստը նախագահողը նշեց, որ օրակարգում ընդգրկված է «Քայլեր, որ կտանեն…» ուսանողական և «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուների շնորհանդեսը։
Կարդացեք նաև
-«Քայլեր, որ կտանեն…» ժողովածուն ընդգրկում է ԵԹԿՊԻ-ի ուսանողների արձակ և չափածո ստեղծագործությունները։ Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, սցենարիստ Արմինե Բոյաջյանին, որ աջակցեց հրատարակենք այս գիրքը,- նշել է Վովա Արզումանյանը։
«Այս ժողովածուի նախաձեռնումը համարեք իմ` անգնահատելի վարպետներից ստացած շնորհ, որի փաստացի փոխանցողն եմ դառնում կյանքիս այս փուլում։ Շատ բնականորեն այս պրոցեսը պետք է տեղի ունենար իմ սիրելի Թատերականում, որտեղ ստացել եմ հիանալի կրթություն` շնորհիվ իմ բոլոր ուսուցիչների` առանց բացառության։
Ձեզնից շատերը գուցե երբեք էլ գրելով չզբաղվեն, գուցե ոմանց համար սա, իսկապես, կլինի դեպի մեծ ապագա տանող առաջին կարևոր քայլ։ Երջանիկ կլինեմ ձեր մեծ ճանապարհի մեջ իմ փոքրիկ ներդրումն ունենալու համար»,-Արգենտինայից հղած խոսքում նշել է Արմինե Բոյաջյանը։
Նախաձեռնությունը ողջունել է նաև ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը։ Ռեկտորը կարևոր քայլ է համարել ժողովածուների հրատարակումը և հույս հայտնել, որ առաջիկայում նույնպես գիտական և ստեղծագործական ոլորտներում ուսանողական կառույցը կարևոր նախաձեռնություններով հանդես կգա։
ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը նշեց, որ նոր ուսումնական տարվա ընթացքում նույնպես բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվելու, որոնք կնպաստեն կրթամշակութային կյանքի զարգացմանը։
«Նոր ուսումնական տարվա ընթացքում մի շարք ոչ ֆորմալ կրթական դասընթացներ կունենանք, ինչպես նաև նախատեսում ենք իրականացնել «Ուսանողական ձմեռ» մեկշաբաթյա ծրագիրը։ Մեծ ծրագրեր ունենք նաև խորեոգրաֆիայի ամբիոնի հետ կապված։ Նաև դերասանական կուրսերի հետ համագործակցելով կկազմակերպենք ֆրանսիացի գրողների ստեղծագործությունների ընթերցումներ»,- նշել է Վովա Արզումանյանը։
Մյուս` «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և նվիրված է Սոս Սարգսյանի վառ հիշատակին։ Ժողովածուն ընդգրկում է սույն թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած գիտաժողովի զեկուցումները։
ՈՒԳՍԸ նախագահը շնորհակալություն հայտնեց Համազգայինին` իրենց ծրագրերին սատարելու համար։
Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը ՈՒԳՍԸ շնորհակալագրերը հանձնեց «Շրջափակման ձայնը» ցուցահանդեսի նախաձեռնող թիմի անդամներին, ինչպես նաև պատվոգիր հանձնեց մագիստրատուրայի ուսանողուհի, ռեժիսոր Մարիամ Եգորյանին` «Շուշի. Ամէն» ֆիլմի համար։
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ