Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը պետք է ասի ողջ ճշմարտությունը, որքան էլ վտանգավոր լինի։ Թեկուզ միայն նրա համար, որ իրենից հետո եկողները այդ ճակատագրական սխալը երբեք չգործեն». Արման Բաբաջանյան

Հունիս 16,2023 20:50

Հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին վարչապետ Փաշինյանը «ցուցմունք» է տալու ԱԺ 44-oրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առջև։

Ուզում եմ հավատալ, որ վարչապետն այդ օրը ոչնչով կաշկանդված չի լինի ժողովրդի աչքերին ուղիղ նայելու և ասելու ճշմարտությունը․ որ Հայաստանը 2020-ին ծնկի բերվեց ռուս-թուրքական դավադիր համաձայնությանը, որ ռուսները դավաճանեցին Հայաստանին, որ Հայաստանը, Արցախն ու հայությունը կուլ գնացին իրենց կույր, անտեղյակ ու անպտուղ ռուսահաճությանը։

Որ հայաստանյան նորաթուխ իշխանությունը, և նրանք, որոնք իրենցից առաջ էին, ունեցան հանցավոր միամտությունը կարծելու, որ Ռուսաստանը «տեր կկանգնի», թույլ չի տա Թուրքիայի մուտքը Կովկաս, ու հետամուտ կլինի իր «ռազմավարական շահերին», կամ ավելի ճիշտ՝ այդ շահերի մասին իր և իր իրավանախորդների պատկերացումներին։

Հույս ունեմ, որ վարչապետը կխոստովանի, թե ինչպես օրվա պաշտպանական գերատեսչության հանցագործ ղեկավարությունը ակտիվորեն խոչընդոտեց Հայաստան բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ների ու դրանց դեմ պաշտպանության միջոցների ներմուծմանը որևէ այլ աղբյուրից, քան Ռուսաստանը, որովհետև կար համատարած վստահություն ռուսական տեխնոլոգիական «գերակայությանն» ու որովհետև հրաժարվում էիք «նեղացնել ռուսներին»՝ «բա որ ռուսներն իմանան, բարկանան ու այլևս չտան այն, ինչ որ գոնե տալիս են․․․»

Պարզվեց, որ ոչ մի բան էլ չեն տալիս։

Լսեք Սամվել Բաբայանի խոստովանությունները։

Հույս ունեմ, որ այդ օրը վարչապետը կխոստովանի, որ ճակատագրական սխալներ են գործվել քաղաքական ու ռազմական հաշվարկներում, պլանավորման մեջ, աշխարհայացքում, կառավարման հայեցակարգում։

Հավատում եմ, որ վարչապետը կընդունի, որ հանցավորության հասնող հանգստությամբ ու անտեղյակությամբ, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզապես ապավինել է ռուսներին, որոնք մեր ողջ ժողովրդին երեք տարի առաջ կանգնեցրին փաստի առջև՝ ծնկի բերելով թուրքերի ու ադրբեջանցիների առջև։

Վարչապետ Փաշինյանը պետք է ասի ողջ ճշմարտությունը, որքան էլ վտանգավոր լինի։ Թեկուզ միայն նրա համար, որ իրենից հետո եկողները այդ ճակատագրական սխալը երբեք չգործեն։

Պրն․ վարչապետ, Դուք դավադրության մեջ չեք մտել։ Դուք Արցախ չեք ծախել։ Բայց 2020-ին Ձեր արտաքին և պաշտպանական գերատեսչությունների, օպերատիվ հետախուզական պատասխանատուների տոտալ ամբարտավան անգործության ու հանցավոր հանգստության արդյունքում մենք ունենք հիմնավորապես կազմաքանդված Հայաստանի երրորդ հանրապետություն։

Հունիսի 20-ին, պրն․ վարչապետ, սպասում ենք, որ Դուք կխոսեք և կբացահայտեք ոչ միայն և ոչ այնքան 44-օրյա պատերազմի հանգամանքները, այլ դրան նախորդած շուրջ երեսուն տարիների հայաստանյան քաղաքականության անկյունաքարային ձախողումները, որոնք ոչ միայն հանգեցրին ավերիչ ու կործանարար պատերազմին, այլև անխուսափելի դարձրին այն»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930