«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2022թ. ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
2022թ. բավական նպաստավոր տարի էր հարկաբյուջետային հատվածի համար: Այսպես, 2022թ. արտաքին գործոնների ազդեցությունների արդյունքում գրանցվել է մի կողմից՝ էականորեն բարձր տնտեսական աճ (թիրախավորվածից 5.6 տոկոսային կետով բարձր), մյուս կողմից՝ սպասվածից բարձր գնաճ (կանխատեսվածից 3 տոկոսային կետով բարձր): Հետևաբար, պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են՝ հանգեցնելով պակասուրդի կրճատման և ծախսերի ավելացման հնարավորությունների մեծացման: Դրական գործոնների արդյունքում հնարավոր է եղել դեպի վերև ճշգրտել պլանավորված ծախսերը, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն իրականացվել:
Միևնույն ժամանակ, 2022թ. առաջ են եկել նոր մարտահրավերներ, որոնք կարող են բարդ իրավիճակ ստեղծել ապագայում: Մասնավորապես, փոխարժեքի զգալի արժևորումը բացասաբար է ազդում տնտեսության մրցունակության վրա՝ հանգեցնելով ոչ միայն արտահանման նվազման, այլ նաև տեղական շուկայում ներմուծված ապրանքների գնային գրավչության մեծացման: Այսինքն՝ այս պայմաններում տուժում են ոչ միայն արտահանողները, այլև տեղական շուկայում ներմուծման հետ մրցակցող տնտեսավարողները: Այս իրավիճակի երկարատև շարունակության դեպքում էական վնաս կհասցվի ՀՀ տնտեսության արտահանելի հատվածին, իսկ բարձր աճ ապահովող գործոնների (մարդկանց և կապիտալի ներհոսք) չեզոքացման դեպքում ի հայտ կգան տնտեսական ճգնաժամի առաջացման և տնտեսական ներուժի անկման վտանգներ:
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում տեղի չի ունեցել, ինչը խոսում է վարչարարության և ստվերի կրճատման դանդաղ տեմպերի մասին: 2022թ. հարկեր/ՀՆԱ-ի վրա եղել են ինչպես բացասաբար ազդող (մաքսատուրքեր, եկամտային հարկ, տնտեսության կառուցվածք), այնպես էլ դրականորեն ազդող (շահութահարկ, արտահանման տուրք) գործոններ: Դրանք հիմնականում միմյանց չեզոքացրել են, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում չի արձանագրվել, որը նաև պայմանավորված է եղել հարկային վարչարարության բարելավման և ստվերային տնտեսության կրճատման ոչ բավարար տեմպով:
Կարդացեք նաև
Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը էապես նվազել է՝ մեծացնելով «հարկաբյուջետային տարածքը», սակայն անորոշությունը և ռիսկերը պահպանվում են: Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2022թ. նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 13.6 տոկոսային կետով, ինչը լրացուցիչ «տարածք» է տալիս կառավարությանը հաջորդ տարիներին առավել խոշոր ծախսեր իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացման ռիսկերը պահպանվում են, որոնց նյութականացման պարագայում էական բացասական ազդեցություններ կլինեն ինչպես տնտեսական աճի, այնպես էլ պարտքի մակարդակի վրա:
Կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակում է մնալ պետական բյուջեի կատարման առանցքային խնդիրներից: Կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը 2022թ. թեև փոքր-ինչ մեղմվել է, սակայն արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի (որոնք հիմնականում ենթակառուցվածքային ծրագրեր են) կատարողականը վատթարացել է: Այսպես, ընդհանուր ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 94.9%՝ նախորդ տարվա 92.5%-ի համեմատ բարելավվելով 2.4 տոկոսային կետով, մինչդեռ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը վատացել է՝ ճշտված ծրագրի նկատմամբ կազմելով 80.5% (2021թ. այդ ցուցանիշը կազմել էր 88.1%): Սա նշանակում է, որ կապիտալ ծրագրերի, հատկապես՝ արտաքին աջակցությամբ իրականացվող, կառավարման և իրականացման արդյունավետության բարձրացման խնդիրը շարունակում է մնալ արդիական:
Ծրագրային բյուջետավորումը դեռևս չի գործում պատշաճ կերպով: Ծրագրային բյուջետավորումը ենթադրում է, որ յուրաքանչյուր ծրագրի գծով պետք է հաստատվեն հստակ չափելի արդյունքային ցուցանիշներ (օրինակ՝ քանի կիլոմետր ճանապարհ է կառուցվելու կամ վերանորոգվելու, կամ քանի հեկտար տարածք է ապահովվելու ոռոգմամբ), որոնց կատարողականը կարտացոլի ծրագրի կատարման չափը: Մինչդեռ, ներկայումս բյուջեի հաշվետվությունում ներկայացվում է միայն ծրագրերի գծով իրականացված փաստացի ծախսերի համեմատությունը պլանավորվածի հետ՝ առանց համեմատելու գրանցված արդյունքները պլանավորված արդյունքների հետ: Հետևաբար, ստացվում է, որ բյուջեի ծրագրային ներկայացումը պարզապես ծախսերի այլ դասակարգում է, որը ծախսերի նպատակայնության մասին ամբողջական տեղեկատվություն չի տալիս:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝։
Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ