Եվրոպական հանձնաժողովը եւ «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը հունիսի 13-ին ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության (European Heritage Awards/Europa Nostra Awards) 2023 թվականի հաղթողներին։
Ամենամյա մրցանակը շնորհվում է եվրոպական 20 երկրների 28 լավագույն նախաձեռնություններին եւ անհատներին, որոնք ներկայացնում են Եվրոպայում մշակութային ժառանգության քաղաքականության եւ պրակտիկաների հետ կապված վերջին մշակումներն ու առաջնահերթությունները:
Հայ-ֆրանսիական համատեղ «Գիտահնագիտական ուսումնասիրություններ Երերույքի պահպանության համար» նախագիծը «Հետազոտություն» անվանակարգի հաղթողների թվում է։ Երերույքի տաճարը վաղ քրիստոնեական եւ միջնադարյան համալիր է, որը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում։ Համալիրը բաղկացած է 6-րդ դարի բազիլիկի մնացորդներից, անտիկ դամբարանից ու գերեզմանոցից, անտիկ գյուղատեղիից եւ ամբարտակից: Հետազոտողներին հաջողվել է թվագրել բազիլիկը եւ մանրամասն վերլուծել դրա փորագիր զարդաքանդակները: Համեմատական վերլուծության միջոցով նախագիծը նաեւ վեր է հանել հայ քրիստոնեության առանձնահատկությունները եւ թաղման սովորույթները:
Ուկրաինական «Հետարդյունաբերականության ապաարխիվացում» նախագիծը հաղթել է «Քաղաքացիների ներգրավում եւ իրազեկում» անվանակարգում: Լվովի Արեւելակենտրոնական Եվրոպայի քաղաքային պատմության կենտրոնի ղեկավարած նախագիծը, սերտորեն համագործակցելով տեղացի արխիվների եւ ժառանգության ոլորտի մասնագետների հետ, թվայնացրել է Մարիուպոլի տեղական պատմության թանգարանի, Պոկրովսկի տեղական պատմության թանգարանի եւ Դոնեցկի տարածաշրջանային տեղական պատմության թանգարանի հավաքածուները: Թվայնացվել է մոտ 30,000 լուսանկարչական նեգատիվ եւ 82 տեսաժապավեն՝ ընդգրկելով 1940-ականներից մինչեւ 1990-ականների մամուլի լուսանկարների հավաքածուներ, ընկերությունների արխիվներ, ընտանեկան ալբոմներ, տնային տեսանյութեր եւ սիրողական ֆիլմեր: Նախագծի յուրաքանչյուր փուլում դրանում ընդգրկվել են տեղական շահագրգիռ կողմեր՝ տեղական համայնքներին հզորացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Ուկրաինական/միջազգային «Ուկրաինական մշակութային ժառանգության պահպանում առցանց տիրույթում» (SUCHO) նախագիծը նախաձեռնություն է, որն ուղղված է Ուկրաինայի թվային մշակութային ժառանգության պահպանմանը շարունակվող ռուսական ներխուժման պայմաններում, եւ այն հաղթել է «Ժառանգության չեմպիոններ» անվանակարգում:
«Հարձակումների կամ էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ թվայնացված բովանդակությունը եւ ի սկզբանե թվային նյութերը, ներառյալ սերվերներում պահվող լուսանկարները եւ այլ ֆայլերը, ոչնչացման կամ վնասման վտանգի տակ էին: Նույնիսկ Ուկրաինայից դուրս տեղակայված կայքերը վտանգված էին, եթե կայքերի սեփականատերերը չկարողանային հոգալ հոսթինգի ծառայության ծախսերը»,- ասված է նախագծի շնորհանդեսում։
2022 թվականի հունիս ամսվա դրությամբ SUCHO-ի կամավորները հաջողությամբ արխիվացրել են ավելի քան 50 ՏԲ տվյալներ, որոնք ներառում են ավելի քան 5 000 կայք: Արխիվացված կայքերը ներառում են հաստատությունների լայն շրջանակ՝ տեղական թանգարաններից, երաժշտական ուսումնարաններից եւ թատրոններից մինչեւ վանքեր, արխիվներ, գրադարաններ եւ ծրագրեր՝ նվիրված երեխաներին եւ տեղական պատմությանը: Բացի այդ, SUCHO-ն հանրությանը հասանելի պատկերասրահում հավաքել է նյութերի ընտրանի, ինչպես նաեւ ապագա պատմագիտական ուսումնասիրությունների համար կուտակել է պատերազմին առնչվող մեմերի հավաքածու՝ հարստացված մետատվյալներով։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Վենետիկում կայանալիք Եվրոպական մշակութային ժառանգության 2023 թվականի գագաթնաժողովի շրջանակներում։
Գրան պրիի դափնեկիրը եւ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը (ընտրությունը կկատարվի առցանց քվեարկության միջոցով) հայտնի կդառնան արարողության ժամանակ։ Վերջիններիս ընտրությունը կկատարվի այս տարվա հաղթող նախագծերի թվից, որոնք երկուսն էլ կստանան 10 000-ական եվրո դրամական մրցանակ։
EU NEIGHBOURS east