Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում կատարված սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվել է

Հունիս 16,2023 17:20
qreakan

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի Բաղրամյան փողոցում կատարված՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանի սպանության դեպքի առանցքային մի շարք հանգամանքներ:

2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 22:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի է հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել էր տղամարդու դին՝ դեմքի շրջանում հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել և առգրավվել էր հրազենի պարկուճ: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից ուղևորվել է դեպի Վ. Գասպարյանի գտնվելու վայր՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտային հատվող Ջեյմ Բրայսի փողոցում տեղակայված գեղեցկության սրահի մոտ, և սպասել: Ժամը 22:00-ի սահմաններում, երբ հիշյալ տղամարդը դուրս է եկել նշված գեղեցկության սրահից, 25-ամյա երիտասարդն անսպասելի մոտեցել է նրան և ապօրինի կերպով ձեռք բերված 7,62մմ (7,62×25) տրամաչափի ակոսափող ատրճանակից, 35-ամյա տղամարդուն սպանելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նրա դեմքի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Սպանությունն իրականացնելուց անմիջապես հետո երիտասարդը դիմել է փախուստի:

Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված տվյալների՝ 25-ամյա երիտասարդը սպանությունը կատարել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած ընկերոջ սպանության վրեժը լուծելու նպատակով։

Բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930