Շվեյցարաբնակ ճանաչված օպերային երգչուհի, սոպրանո, «Ավետիս» մշակութային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Վարդուհի Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ժնեւի հանրահայտ Victoria Hall-ում իրենց նախաձեռնությամբ իրականացված՝ Մարիա Կալասի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգն ուղղակի իրադարձություն էր:
Հանդես են եկել աշխարհահռչակ տենոր եւ կենդանի լեգենդ Պլասիդո Դոմինգոն, տենոր Հովհաննես Այվազյանը եւ Վարդուհի Խաչատրյանը: Համերգին հնչել են արիաներ, դուետներ Մարիա Կալասի երգացանկից՝ Orchestra Sinfonica Rossini di Pessaro-ի կատարմամբ, որը ղեկավարել է հանրահայտ դիրիժոր Ֆրեդերիկ Շասլենը:
Վարդուհի Խաչատրյանից տեղեկացանք, որ համերգի տոմսերը սպառվել էին տոմսարկղի բացվելուց 10 օրվա ընթացքում, իսկ երկու ամիս առաջ արդեն իսկ հերթեր էին գոյացել Victoria Hall-ի մուտքի մոտ՝ վերջին պահին դահլիճում որեւէ տեղ գտնելու հույսով:
Համերգն անցել է փայլուն, եւ մասնագետների գնահատմամբ, այն դասվել է Ժնեւի վերջին տասը տարվա լավագույն միջոցառումների թվին: Ի դեպ, «Ավետիսն» առաջին անգամ էր Դոմինգոյին ներկայացնում Ժնեւում:
Կարդացեք նաև
«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ճանաչել «Ավետիս» ասոցիացիան, որի շնորհիվ առաջին անգամ ելույթ ունեցա այս գեղեցիկ քաղաքում, ու կայացավ իմ դեբյուտը Victoria Hall-ում: Նաեւ շատ ուրախ եմ, որ ծանոթացա եւ երգեցի երկու հոյակապ հայ երգիչների հետ»,-ասել է Դոմինգոն՝ Վարդուհի Խաչատրյանի փոխանցմամբ: Երգչուհին հավելեց, որ նա նաեւ պատմել է իր երգչուհի մոր եւ այն մասին, որ Փարիզում սովորելու տարիներին իր վոկալի դասատուն ազգությամբ հայ է եղել:
Համերգին ներկա են գտնվել Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, շվեյցարական կառավարության անդամներ, անվանի դեմքեր: Համերգի ավարտին անգամ 4 բիսից հետո հանդիսատեսը չէր հագենում ու բաց չէր թողնում արտիստներին: Դահլիճի ճեմասրահում Դոմինգոն ստորագրություններ է բաժանել իր արվեստի երկրպագուներին: Համերգին լայնորեն անդրադարձել են շվեյցարական լրատվամիջոցները, իսկ «Ավետիսը» շարունակում է շնորհակալական նամակներ ու հաղորդագրություններ ստանալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Վարդուհի Խաչատրյանը