«Երեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը կրակ էին բացել Կապանի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարծում եմ` սա ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դեմ, որովհետեւ միայն այն փաստը, որ նման մեծ պատվիրակություն է այս պահին տարածաշրջանում` այս քաղաքում, նրանք պետք է հասկանային եւ նման բան թույլ չտային»,- Ռուսաստանի պաշտոնական պատվիրակության հետ հունիսի 16-ի հանդիպմանն ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նշենք, որ աշխատանքային երկօրյա այցով Սյունիքում է Ռուսաստանի դաշնության պատվիրակությունը՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորությամբ։
Ռոբերտ Ղուկասյանի կարծիքով, ադրբեջանցիները փորձում էին խաթարել հայ-ռուսական հարաբերությունները։
«Բայց դուք տեղյակ եք, որ Սյունիքում մարդիկ ինչպես են վերաբերում Ռուսաստանի Դաշնությանը ու կարեւորում այս կապերի պահպանումը»,– հանդիպմանը նշեց մարզպետը։
Կարդացեք նաև
«Մի կողմից լավ է՝ որ մշակութային ու կրթական գործընկերություն կա Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մյուս կողմից նման դեպքերը մեծապես վտանգում են այդ հարաբերությունները։ Հասարակության ընկալմամբ՝ դա պատահականություն չի։ Վստահ եմ՝ որ դա որեւէ առնչություն չունի, բայց նման դեպքերը ի վերջո բավական ազդեցությունն են ունենում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռ․ Ղուկասյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ