«ՀԱՅԱ» -ն երկրորդ տարին է սկսում իր իրադարձային համերգները ներկայացնել, եւ հունիսի 17-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում գեղեցկագույն համերգ ունենք: Մենք բազմաթիվ տարիներ ենք աշխատել, որպեսզի Հաուզերը գա Հայաստան: Մինչեւ «ՀԱՅԱ» -ի հիմնադրումն էլ խոսք էր գնում սիրված երաժշտին Երեւան հրավիրելու մասին: Այնպես որ, կարծում եմ՝սա մեծ նվեր է մեր հասարակությանը»,- աշխարհահռչակ թավջութակահար Ստեֆան Հաուզերի ասուլիսի ժամանակ ասաց «ՀԱՅԱ» միջազգային փառատոնի հիմնադիր, տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
«Ինքնաթիռում էի, տորթ ունեինք, շամպայն եւ ես թռչում էի Հայաստան, ու երջանիկ էի, որ գալիս եմ ձեզ մոտ»,-ասաց թավջութակահարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նշել իր ծննդյան տոնը նախօրեին:
Հարցին՝ ո՞րն է իր հաջողության գրավականը, Հաուզերն այսպես պատասխանեց.«Հավատարիմ մնալ ինքդ քեզ, երբեք չնմանակել ուրիշներին, չփոխել կերպարդ եւ չհանձնվել անկումների ու դժվարությունների պատճառով: Ու ամենակարեւորը՝ միշտ շարունակել առաջ գնալ»:
Ինչ վերաբերվում է իր նվագացանկին, այս մասին էլ նշեց. «Որեւէ սահմանափակում չկա, նվագում եմ լատինո, ջազ, դասական, ինչ-որ կարող եք պատկերացնել…»:
Կարդացեք նաև
Թավջութակահարը հայտնեց, որ առաջիկայում նոր ալբոմներ է թողարկելու, իսկ սա առաջին համերգն է նոր համերգաշարի, որը սեպտեմբերից շարունակություն կունենա:
Հարցին՝ ինչ զգացողություն է ունենում ամեն անգամ համերգներից հետո, երբ մենակ է մնում ինքն իր հետ, Հաուզերը պատասխանեց. «Տարբերությունն ակնհայտ է, երբ այդ փայլից հետո մնում ես մենակ…Իհարկե, ուրիշ է, եւ դրա մեջ կա գեղեցկություն»:
Ասաց, որ ծանոթ է Արամ Խաչատրյանի գործերին՝ հատկապես «Գայանե» բալետից հայտնի «Սուսերով պարին», առանձնացրեց նաեւ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը: Հավելեց, որ միշտ երազել է դասական երաժշտությունը թավջութակի միջոցով դարձնել ավելի հայտնի, ավելի սիրված ու հանրային:
Նա խոսեց նաեւ իր լեգենդար ուսուցիչներից, մասնավորապես Ռոստրոպովիչից:
Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնց ատում է, երաժիշտը պատասխանեց. «Ես լեցուն եմ սիրով եւ որեւէ մեկին չեմ ատում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հաուզերի ֆեյսբուքյան էջից