Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ՝ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ։ Փաստաբաններն այսօր իրենց ցույցը սկսեցին Փաստաբանների պալատի մոտից, նրանք ցույցի էին դուրս եկել պաստառներով, որոնց վրա հայերեն և անգլերեն գրված էր. «ԵՄ–ի փողերը ծախսվում են փաստաբանների դեմ բռնությամբ նպատակով»։
«4 ամսվա ընթացքում սա նման 2-րդ դեպքն է, պետք է փաստաբաններն իրենց ձայնը բարձրացնեն, որ պատկան մարմինները հասկանան, որ նման երևույթների դեմ ոչ միայն փաստաբանները, այլև իրավական մարմինները պետք է պայքարեն, որ բացառվի նման արատավոր երևույթի կրկնությունը»,-լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ արատավոր այդ երևույթն օրինաչափություն է դարձել:
Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ նկատեց. «Միշտ էլ փաստաբանի աշխատանքը վտանգներ պարունակում է, որովհետև աշխատանքի մեծ մասը շահերի հակադրում է գործող իշխանությունների հետ՝ առանձին դեպքերում, դրա համար փաստաբանի աշխատանքը ենթադրում է նաև որոշակի ռիսկերից ապահովագրում, դրա համար գոյություն ունի Փաստաբանների պալատը, որը իր հնարավորությունների սահմանում փորձում է պաշտպանել նաև փաստաբանների շահերը: Եթե թողնենք փաստաբաններին միայնակ՝ պետական մարմինների հետ աշխատանքում, այնքան գործիք, ռեսուրս չկա, որ պաշտպանեն ոչ միայն իրենց վստահորդի շահերը, այլ նաև իրենց շահերը»:
Կարդացեք նաև
Այնուհետև բողոքի ցույց իրականացնող փաստաբանները երթով շարժվեցին դեպի Եվրոպական միության գրասենյակ։ Երթի նպատակն է եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանության բաժնում:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ