Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ եւ ինչպե՞ս հակադրվել Նիկոլ Փաշինյանին. Դավիթ Հարությունյանը՝ նաեւ Արմեն Աշոտյանի ձերբակալության մասին

Հունիս 16,2023 15:07

«Կան մարդիկ, որոնց խոսքը նման ձեւով չես լռեցնի. Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին: Ճշմարտացի խոսքը ճաղերի հետեւում թաքցնելը ոմանց հնարավորություն է ընձեռում շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը»,- այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր երկու ամսով կալանավորվեց: Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Դավիթ Հարությունյանն առաջարկում է Արմեն Աշոտյանի կալանավորման հարցին նայել ոչ թե կոնկրետ հանցագործության տեսանկյունից, այլ այն, թե ի՞նչ նպատակ էր հետապնդվում Աշոտյանին ճաղերի հետեւում պահելը. «Մի քանի անգամ շատ ուշադիր փորձել եմ կարդալ այն նյութը, որը տարածել է Քննչական կոմիտեն. իրավունքի մասին խոսք չկա, մեկնաբանելու բան չկա, որովհետեւ այնտեղ ընդհանրապես իրավունքի մասին խոսքը չկա: Կարելի է հեքիաթ վերցնել ու յուրաքանչյուր 4-5 բառից հետո գրել՝ հանցավոր մտադրությամբ, կատարելով հանցագործություն, չարաշահելով պաշտոնական դիրքը, վերջում էլ ավելացնել՝ այսպիսով կատարելով փողերի լվացում եւ համարելով, որ այդ փոստաթուղթը հավանաբար ավելի աղերս կունենա այս գործի հետ, քան այն, ինչ ես լսեցի ՔԿ-ից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Aravot.am-ի հարցին՝ քաղաքական ուժերն ի՞նչ օրակարգով են ուզում հակադրվել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ու Հայաստանը հանձնելու օրակարգին, քանի որ «Դիմադրության» շարժման անփառունակ ավարտից հետո, մինչ օրս դժգոհություններ եւ ահազանգեր ենք լսում նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Օրակարգերը, քաղաքական ուժերի մոտ կարող են լինել տարբեր, բայց առաջնահերթը, ինչը որ պետք է արվի քաղաքական ուժերի կողմից, պետք է անդադար բացահայտվի ճշմարտությունը: Եթե ուսումնասիրեք այն վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվում են անկախ մարմինների կողմից, կտեսնեք, որ ի վերջո, բաց խոսքը գտնում է իր հասցեատիրոջը, եւ մարդիկ ընկալում են, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի հետ»:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ըստ բանախոսի, կներկայացնի իր գործողությունների ծրագիրը:

Մեր ճշտող հարցին՝ մոտ ապագայում գործողությունների սպասե՞լ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մի բան ակնհայտ է. առաջին հերթին դա պետք է լինի ուղիղ խոսքը ժողովրդի հետ»:

Ըստ բանախոսի, երբ խոսում ենք Սահմանադրության մասին, այն ամրագրում է մի շարք բարձրագույն արժեքներ. ժողովրդական ապստամբությունն ընդունված է եւ սահմանադրական իրավունքը նաեւ դիտում է ժողովրդի իրավունք, թեեւ դրա մասին ուղղակիորեն գրված չէ. «Բավական է բացել սահմանադրական իրավունքի որեւէ դասական միջազգայնորեն ընդունված դասագիրք եւ դրա մասին կտեսնեք: Դա չի նշանակում, որ դա միակ եղանակն է: Այս պահին ես չեմ տեսնում որեւէ անհրաժեշտություն՝ գործելու ստանդարտ իրավական դաշտից դուրս՝ ապավինելով վերջին միջոցներին»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ իրավիճակն օրհասական չէ, եթե մենք խոսում ենք ստանդարտ իրավական դաշտում գործելու մասին, Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց՝ հավելելով, որ իրավիճակն օրհասական է եւ բավական երկար ժամանակ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930