Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայում Հայաստանն արդեն դարձել է բրենդ». Թատերական գործիչների միության քարտուղար

Հունիս 16,2023 14:52

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը վերադարձել է մոսկովյան հյուրախաղերից, որտեղ «Գարդենիա» ներկայացմամբ մասնակցել է Չեխովյան 16-րդ միջազգային փառատոնին։

«Վերջին 20 օրերին հայ թատրոնի հաղթանակների շրջանն էր արտերկրում: Մայիսի 24-ին Մոսկվայում բացվեց Չեխովյան փառատոնը, որը աշխարհի լավագույն թատերական փառատոների եռյակի մեջ է մտնում: Չնայած ստեղծված քաղաքական իրավիճակին՝ փառատոնը բացվեց ֆանտաստիկ ծրագրով:

Հաջորդ օրը տեղի ունեցավ Նարինե Գրիգորյանի «Մումու» ներկայացման առաջնախաղը: Կոնֆեդերացիայի առաջարկով Նարինե Գրիգորյանը եւ հայկական բեմադրական թիմը հրավիրվել են Մոսկվա, որպեսզի Տագանկա թատրոնի բեմում ներկայացում բեմադրեն: Շատ մեծ հույս ունեմ, որ մեր ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի, եւ այդ ներկայացումը կգա նաեւ Երեւան»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը:

Սոնա Մելոյան

«Հունիսի 2-ին մեկ այլ փառահեղ բեմում՝ Ռուսթավելու անվան Թբիլիսիի ազգային թատրոնում տեղի ունեցավ Հակոբ Ղազանչյանի ներկայացման առաջնախաղը, որը աննախադեպ էր: Ղազանչյանը բեմադրել էր Մարո Մադոյանի «Ապրիր, քանի ապրում ես» պիեսը, որը խաղացին եւ Ռուսթավելու թատրոնը՝ վրացերեն, եւ Պետրոս Ադամյանի անվան թատրոնը՝ հայերեն: Հայ թատրոնի հաղթարշավի վերջնակետը դրեց Ռուսական թատրոնը, որը հունիսի 8-ին ներկայացավ «Գարդենիա» ներկայացմամբ»,-հավելեց Սոնա Մելոյանը:

Նրա խոսքով, երրորդ անգամ է Հայաստանը մասնակցում Չեխովյան փառատոնին, եւ սա այն դեպքն է, երբ որակը դառնում է քանակ. «Մոսկվայում Հայաստանն արդեն դարձել է բրենդ: Հայկական ներկայացումներին գալիս են մեծագույն հաճույքով, համոզմամբ, որ դա լինելու է որակ»:

Մարիաննա Մխիթարյան

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով, իրենց թատրոնի համար մեծ պատիվ է մասնակցել նման բարձրակարգ եւ հետաքրքիր փառատոնի: Մարիաննա Մխիթարյանը հիշեցրեց, որ «Գարդենիան» ստեղծվել էր համավարակի շրջանում եւ մեծ հաջողություն ունեցել. «Սկզբում խաղում էինք բացօթյա, հետո տեղափոխեցինք մեծ բեմ, մասնակցեցինք մի քանի փառատոների՝ Բելառուսում, Տաշքենդում»: Նշեց, որ դերասաններից Ելենա Վարդանյանը «Արտավազդ» է ստացել, ներկայացումը մասնակցել է նաեւ Վորոնեժյան հայտնի փառատոնին ու հաջողություններ գրանցել:

«Մեծ հաջողություն է Հայաստանի համար, որ մեր թատրոնների ներկայացումները մասնակցում են նման փառատոների եւ ֆորումների, եւ մեծ հաջողություն ունեն թե հանդիսատեսի, թե քննադատների եւ թե փառատոների ղեկավարների կողմից: Ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ նման հաջողությունները եւ նման կերպ ներկայանալը մեր երկրի վարկանիշի համար շատ կարեւոր է: Այս դժվար ժամանակներում արվեստում ունեցած հաջողությունները շատ կարեւոր են»,- ասաց Մարիաննա Մխիթարյանը

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930