Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դիվանագիտությունը լռում է, բանակցությունները կանգ են առնում, ուրեմն մենք պետք է սպասենք ռազմական գործողությունների սրացման»․ Կարեն Հովհաննիսյան

Հունիս 16,2023 14:00

«Կարծես ամեն ինչ դրական էր մինչև այն պահը, երբ Ադրբեջանը հրաժարվեց վաշինգթոնյան հանդիպումներին մասնակցելուց։ Չնայած այն բանին, որ Ադրբեջանն անհասկանալի պատճառաբանություն բերեց, այնուամենայնիվ, դրանից հետո արդեն նա ակտիվ սկսեց գործողություններ իրականացնել սահմանին՝ ռազմական ագրեսիայի և լոկալ բախումների տեսքով»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարվածությանն՝ մեկնաբանեց ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա փաստմամբ՝ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փոխադարձ հասկացվածություն՝ որպես այդպիսին չկա, որովհետև հայ-ադրբեջանական բանակցությունները բավականին ակտիվ փուլ էին մտել, և դրանում ընդգրկված էին, այսպես ասած, աննախադեպ թվով միջնորդներ․ «Բոլորը ցանկություն ունեին հարցին լուծում տալ․ և′ ՌԴ-ն, և′ Արևմուտքը, և′ Բրյուսելն ակտիվ ջանքեր էին գործադրում, որ հանդիպումներ ամեն դեպքում տեղի ունենային, երկխոսություն լիներ»։

Կարեն Հովհաննիսյանի նկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի նպատակն է վիժեցնել մինչև այժմ ձեռք բերված բանավոր բոլոր պայմանավորվածությունները, որովհետև դրանցում, ամեն դեպքում, չի արտացոլվում իր ամբողջական շահը․ «Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի համար ամբողջական շահը բացառապես տխրահռչակ զանգեզուրյան միջանցքն է, որին ձգտում են թե′ Թուրքիան , թե′ Ադրբեջանը»։

Մեր այն դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ «Զանգեզուրի միջանցքը» ռուս-ադրբեջանական քննարկումների օրակարգում է, Կարեն Հովհաննիսյանն արձագանքեց․ «Պարզապես դատելով բաց աղբյուրներից եկող տեղեկատվությունից՝ զանգեզուրյան միջանցք՝ որպես այդպիսին չկա ռուս-ադրբեջանական բանակցությունների խոսույթում։ Զանգեզուրյան միջանցք կա ադրբեջանական խոսույթում, իսկ ռուսական խոսույթում կա ճանապարհների ապաշրջափակում եզրույթը։ Եվ այդտեղ շեշտադրումը նրա վրա է, թե ով այդ ճանապարհների նկատմամբ վերահսկողություն կունենա։ ՌԴ-ն բացահայտ հայտարարել է, որ դա կախված է ՀՀ-ից, եթե ՀՀ-ն ցանկանա, որ ՌԴ-ն սահմանապահ գործունեություն ծավալի, նա դա կանի, եթե ոչ, ուրեմն՝ ոչ։ Մինչդեռ ՀՀ-ն բազմաթիվ անգամներ ասել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՀՀ օրենքներով ՀՀ-ի համապատասխան մարմիններն են իրականացնելու այդ գործառույթը»։

Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ այս հարցում ադրբեջանական լոբբինգն է շատ լավ աշխատում․ «Մեկընդմեջ ասում են, որ ՌԴ-ն է համաձայն, կամ Արևմուտքն է համաձայն։ Իրականում վերջերս Էրդողանը հայտարարեց, որ Իրանը համաձայն չէ։ Բայց իրականում սրանք բոլորը քարոզչական, դիվանագիտական հնարքներ են։ Այստեղ ամենամեծ համաձայն չլինողը Հայաստանն է»։

Մեր հարցին՝ եթե բանակցությունները հետաձգվում են, սահմանին Ադրբեջանն ակտիվանում է, հետևաբար ի՞նչ զարգացումներ ակնկալել առաջիկա օրերին, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հակամարտությունների պատմության մեջ մի չգրված օրենք կա․ եթե լռում են դիվանագետները, սկսում են կրակել զենքերը։ Եթե դիվանագիտությունը լռում է, բանակցությունները կանգ են առնում, ուրեմն մենք պետք է սպասենք ռազմական գործողությունների սրացման։ Դրանք թե′ կլինեն լոկալ բախումներ, թե′ լայնածավալ բախումներ, այլևս էական չէ։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք կրկին վերադառնում ենք այնտեղ, որտեղից հասել էինք բանակցությունների միջոցով այս կետին՝ կրկին հայատյացություն, ՀՀ տարածքների նկատմամբ պահանջատիրական նկրտումներ»։

Հետաքրքրվեցինք՝ բանակցությունների վերսկսման, ակտիվացման նախադրյալներ կա՞ն, ռազմական փորձագետը պատասխանեց․ «Կարծում եմ՝ Ադրբեջանին ձեռնտու չէ այս փուլում բանակցային գործընթացներում ներգրավվել, որովհետև բոլոր միջնորդ կողմերն էլ ընդունում են, որ ՀՀ ինքնիշխան տարածքը ենթակա չէ ոտնձգության, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից։ Դրա համար ես քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը կարող է կրկին այդպիսի մեծ ինտենսիվությամբ բանակցությունների մասնակցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930