Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյան. «Հիմնավորվելու է, որ այս մեղադրանքը ծայրից ծայր ոչ իրավաչափ է»

Հունիս 16,2023 13:17

Նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հակակոռուպցիոն դատարանում կայացած հերթական նիստից առաջ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատարանին տեղեկացնելով Սահմանադրական դատարանի կայացրած աշխատանքային որոշման մասին, որով ՀՀ ՍԴ-ն քննության է ընդունել Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ ներկայացված համապատասխան անհատական դիմումը՝ ՀՀ քրօր որոշ հոդվածների սահմանադրականության հարցը որոշելու առումով: Նա նշեց, որ ի թիվս այլնի, սահմանադրականության հարցը վերաբերում է նաեւ դատական վարույթում որպես խափանման միջոց կալանքը կիրառելու դատավարական կարգի բացակայությանը, ինչը անձի, իր ազատության իրացմանը խոչընդոտ հանդիսանալն է:

Մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանն էլ մինչեւ բացման խոսքով հանդես գալը՝ առաջարկեց անդրադառնալ մեղադրանքի որոշակիության մասին հարցին, ինչը, իր համոզմամբ, ունի ցածր աստիճան: Էրիկ Ալեքսանյանը մեղադրանքի պարզաբանման մասով դատարանին տվեց երկու հարց, որոնց պարզաբանում ոչ դատարանից, ոչ մեղադրող կողմից չտրվեց: «Որքան ես հասկացա, սույն վարույթի շրջանակներում մեղադրանքի պարզաբանում ինձ չի տրվելու: Այսինքն, մենք ունենք հետեւյալ փաստը, որ ըստ էության, չի ապահովվում իմ արդար դատաքննության եւ պաշտպանության իրավունքի իրացումը: Բայց, այնուամենայնիվ, նշված հանգամանքը շատ խնդրահարույց է: Եվ պետք է արձանագրենք այն հանգամանքը, որ ոչ դատարանը, ոչ մեղադրանքի կողմը այս հանգամանքի վերաբերյալ որեւէ տեսակի պարզաբանում չտվեցին:

Ինչ վերաբերում է իմ բացման խոսքին: Պատվարժան դատարան, բնականաբար, ինձ առաջադրված մեղադրանքն իրավաչափ չէ, այն որոշակի չէ: Չի կարող լինել մի մեղադրանք իրավաչափ, եթե այն ունի որոշակիության ցածր աստիճան: Նման պարագայում ես ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում: Այն թե իրավական, թե փաստական հիմքերի տեսանկյունից գտնվում է անհամապատասխանության մեջ: Իսկ այն պարագայում, երբ մեղադրանքի իրավական եւ փաստական կողմերը գտնվում են անհամապատասխանության մեջ, դա վկայում է մեղադրանքի անորոշության եւ, հետեւաբար, նաեւ մեղադրանքի ոչ իրավաչափության մասին:

Հիմա ես ցանկանում եմ մի հանգամանք նշել, որի չակերտները չեմ բացի, որի վերաբերյալ փաստ չեմ ներկայացնի այս պահին: Սակայն շատ ավելի ուշ կներկայացնեմ դրա վերաբերյալ համապատասխան փաստը, որը բացարձակապես այս քրեական գործի փլուզումն է լինելու: Խոսքը մի փաստաթղթի մասին է, որը ես ստացել եմ գլխավոր դատախազությունից: Չեմ բարձրաձայնում, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, այդ փաստաթղթի բովանդակությունը: Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այն ժամանակ, երբ ես դատարանին հայտնեցի, որ համապատասխան փուլում ես կներկայացնեմ որոշակի փաստական տվյալներ, հենց այնպես չեմ ասել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հենց մեղադրանքի կողմից ձեռք բերված փաստական տվյալով եւ նաեւ դատարանի նախագահի կողմից ձեռք բերված փաստական տվյալով հիմնավորվելու է, որ այս մեղադրանքը ուղղակի ծայրից ծայր ոչ իրավաչափ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930