Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվող կրակոցներին եւ տարածված տեսանյութին, ըստ որի՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ են ադրբեջանցիները Հակարիի կամրջի տարածքում փորձել ադրբեջանական դրոշ տեղադրել ՀՀ տարածքում։
«Երեկ ես Սուրեն Պապիկյանին հատուկ այդ հարցը տվեցի, պարոն Պապիկյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է իր ագրեսիան նորից շարունակել եւ հատկապես կապեց երեկվա օրվա հետ՝ երեկ Հայաստանի խորհրդանիշների օրն էր։ Բայց հետաքրքիր զուգադիպությամբ երեկ նաեւ պառլամենտում Նիկոլ Փաշինյանն էլ էր վարկաբեկում մեր խորհրդանիշները։ Հետաքրքիր զուգադիպություն էր՝ ադրբեջանական հարձակում, Նիկոլ Փաշինյանի կողմից վարկաբեկում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ միանշանակ դատապարտելի ու անընդունելի է նման վարքագիծը, մերժելի է, երբ Հայաստանի տարածքում փորձ է արվում ադրբեջանական դրոշ տեղակայել։ «Բայց այդ բոլոր հարցերի պատասխանը մենք պետք է փնտրենք այն հիմնական օրակարգի մեջ, որը առաջ է մղում Հայաստանի գործող իշխանությունը։ Նորից չկրկնեմ այն այլանդակ թեզերը, որոնք մաքուր ադրբեջանա-թուրքական են՝ սկսած Արցախի կարգավիճակից, ավարտված կեղծ խաղաղասիրական հայտարարություններով։ Քեզ սպանում են, դու ասում ես՝ խաղաղություն։ Քեզ գնդակահարում են, դու ասում ես՝ խաղաղություն։ Մտնում են քո տարածք, դու ասում ես՝ խաղաղություն, մինչեւ ե՞րբ։ Եվ ամենեւին մեր կոչը Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ, այլ առնվազն միջազգային մակարդակում, դիվանագիտական մակարդակում հասնել այն բանի, որպեսզի զսպվի Ադրբեջանի այս անհագ ցանկությունը, որն անընդհատ բավարարվում է Հայաստանի գործող քաղաքական իշխանության հանձնվողական, պարտվողական վարքագծով»,- ասաց Մինասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ