Լրահոս
Օրվա լրահոսը

Թողտվության արդյունք է: Բռնարար ոստիկանները քրեական պատասխանատվության անխուսափելիության պայմաններում չեն կարող այսպիսի վարք դրսեւորել. Վարազդատ Հարությունյան. «Ազգ»

Հունիս 16,2023 12:20

Վերջին մի քանի ամսվա ընթացքում ոստիկական բաժանմունքում փաստաբանին բռնության ենթարկելու երկրորդ դեպքն է գրանցվում: Թեմայի վերաբերյալ «Ազգ» զրուցել է փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ:

– Ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելն իրավապահ համակարգի ծառայակիցների համար ասես նորմա է դարձել: Ինչի՞ հետեւանք է սա:

– Միջադեպին լավագույն գնահատականը տվել են փաստաբանական համայնքում՝ նշելով, որ վերադարձել ենք 1990-ականներ ու ամեն քայլափոխի հանդիպում կամ լսում ենք ոստիկանական բաժանմունքում հերթական ծեծի դեպքի մասին: Ակնհայտ է, չէ՞, որ բացահայտված եւ հրապարակված դեպքերի քանակն իրական դեպքերի թվի հետ հարաբերակցության մեջ չնչին թիվ է կազմում: Կարելի է, չէ՞, նաեւ պատկերացնել, որ Սարյան փողոցում, մարդկանց ու տեսախցիկների առջեւ մեկ հարվածով անձին գետնին տապալող ոստիկանն ինչերի է ընդունակ ոստիկանական մեքենայում կամ բաժանմունքում՝ կողմնակի աչքերից հեռու: Միանշանակ է, որ տեղի ունեցողն ուղիղ թողտվության արդյունք է: Բռնարար ոստիկանները քրեական պատասխանատվության անխուսափելիության պայմաններում չեն կարող այսպիսի վարք դրսեւորել:

– Իշխանությունն անընդհատ խոսում է Հայաստանի՝ «ժողովրդավարության բաստիոն» լինելու մասին, բայց իրողությունները հակառակի մասին են խոսում: Հիմա մենք ինչի՞ բաստիոն ենք:

– Հայաստանում տեղի ունեցողը ժողովրդավարության եւ դեմոկրատիայի հետ որեւէ աղերս չունի: Ոչ միայն ոստիկանությունը, այլ նաեւ բոլոր պետական մարմինները այսպես կոչված ինքնավար ռեժիմով են աշխատում: Պետական մարմիններում որեւէ մեկին չի հետաքրքրում օրենքը, իրավական կարգավորումները, պետական մարմնի նպատակները. նրանք առաջնորդվում են բացառապես այդ պահին այդ հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարների անձնական դիրքորոշումներով եւ քմահաճույքներով: Բանն այն է, որ այդ պաշտոնյաները տեսնում են, թե, ինչպես, օրինակ, վարչապետը կարող է ՀՀ ինքնիշխան տարածքներն առանց իրավական համապատասխան ընթացակարգերի բանավոր պայմանավորվածությունների հիման վրա զիջել թշնամուն եւ մտածում են, որ հենց դա է վարքագծի ընդունելի կանոնը: Հետեւաբար՝ իրենք էլ իրենց ոլորտներում են սեփական հայեցողությամբ վարչարարություն անում ու տարբեր հարցեր լուծում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930