Անցյալ շաբաթ գերմանալեզու ԶԼՄ-ները չփարատեցին դյուրահավատ կամ խաղաղության կարոտ ընթերցողի այն հույսը, որ օրումեջ փորձում են հաստատել Վաշինգտոնից, Բրյուսելից, Մոսկվայից թելադրված. Անընդմեջ կարդում ես լրահոսում՝ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մոտ են խաղաղության հաստատման… բայց՝ վերնագրի տակ զետեղված տեքստի բովանդակությունը ցրում է խաբկանքը, թե խաղաղություն լինելու է, քանի որ «վերջապես Հայաստանն առաջին անգամ հրաժարվում է Արցախից…»
Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում գերմանագիր հեղինակները նախընտրում են Հայաստանի դիրքորոշման մասին ծանուցել ոչ թե իրենց երկրում կամ Մոսկվայի իրենց գրասենյակում գտնվելով, այլ նախընտրում են Հայաստանում լինել, տեսածն ու լսածը շարադրել: Գերմանական ռադիոն՝ Deutschlandfunk-ը, հունիսի 12-ին մոտավորապես 7 րոպեանոց ռեպորտաժ է պատրաստել Գորիսում՝ տարբեր մարդկանց հետ զրույցից պատառիկներ քաղելով: Հեղինակ Թոմաս Ֆրանկեն (Thomas Franke) Հայաստանի եւ Ադրբեջանի մերձեցման մասին ակնարկն այսպես է վերնագրել՝ «Մերձեցում՝ ԼՂ հայերի հաշվի՞ն»: Ռեպորտաժում գերիշխող է այն մտայնությունը, թե Հայաստանի՝ Արցախի երաշխավոր լինելու փաստից հրաժարվելը նոր հոգս է կուտակել 120 հազար բնակիչ ունեցող Արցախում, 20 հազարից ավելի բնակչություն ունեցող Գորիսում, Հայաստանում: Մալինցյանների հյուրանոցը դեկտեմբերի 12-ից՝ Բերձորի արգելափակումից հետո, դարձել է արցախցիների սպասակայան. այստեղ հանգրվանածները մի բան են երազում՝ բացվի ճանապարհը, տուն գնան: Իսկ տուն հասնել կարող են ԼՂ-ում միակ միջազգային կազմակերպության՝ Կարմիր խաչի միջոցով: Սպասարանում է Միքայել Պողոսյանը, որ Արցախի բանակի թոշակառու սպա է, ակնաբույժի կարիք ունի: «Փոխանցեք ձեր կառավարությանը, որ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ ճանապարհը բացի, տաքսի նստենք, տուն գնանք, գերմանացի լրագրողին է դիմում Պողոսյանը: Իսկ նրա պահանջը վերացական չէ: Չէ՞ որ հունիսին կանցլեր Շոլցն էլ Ալիեւ-Փաշինյանի բանակցային միջնորդներից էր: Իսկ բանակցությունները արցախցու տեսանկյունի՞ց են, նրա՞ շահն արտահայտող: Անշուշտ՝ ոչ:
Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» հունիսի 12-ի հրապարակումը Երեւանից է գրված: Անդրեաս Ռյուշը (Andreas Rüesch) ծավալուն վերլուծություն է մատուցել՝ չափազանց խոսուն վերնագրով՝ «Երբ աշխարհագրությունը մղձավանջ է. Հայաստանը պատերազմի եւ կապիտուլացիայի՝ հանձնվելու ընտրանքի առջեւ»: Հոդվածագիրը Հայաստանի աշխարհագրական դիրքը համեմատում է Շվեյցարիայի հետ՝ երկու երկրներն էլ ելք չունեն դեպի ծով, հյուսիսից, հարավից, արեւմուտքից, արեւելքից շրջապատված են մեծ երկրներով… այստեղ համեմատականի զուգահեռը սպառվում է:
«Հայաստանը վերջապես ուզում է մեկուսացումից ազատագրվել, սակայն դա կհաջողվի, եթե ոխերիմ թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բնականոն դարձնի հարաբերությունները, անհրաժեշտության դեպքում՝ ցավալի զիջումների միջոցով: Հայաստանի կառավարությունը պարտավորված է համարում զիջել ռազմական գերազանցություն ունեցող Ադրբեջանին: Սակայն ընդդիմությունը «հանձնվելու հանգեցնող խաղաղությանը դեմ է», ընդդիմանում է», գրում է հոդվածագիրը նախաբանում:
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: